Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս սովորեմ կենտրոնանալ

Ինչպե՞ս սովորեմ կենտրոնանալ

 Ինչո՞ւ չեմ կարողանում կենտրոնանալ

 «Առաջվա պես հաճախ չեմ կարդում գրքեր։ Անգամ երկար պարբերություններ չեմ ուզում կարդալ» (Իլեյն):

 «Երբ տեսանյութը դանդաղ է թվում, այն արագացնում եմ» (Միրանդա)։

 «Երբ կարևոր գործ անելիս հեռախոսիս հաղորդագրություն է գալիս, սկսում եմ մտածել միայն այն մասին, թե ով է գրել ինձ» (Ջեյն)։

 Հնարավո՞ր է, որ էլեկտրոնային սարքերը խանգարեն քեզ կենտրոնանալ։ Ոմանք ասում են՝ այո՛։ Մենեջմենթի գծով խորհրդատու և բազմաթիվ գրքերի հեղինակ Նիկոլաս Քարը գրում է. «Որքան շատ ենք օգտվում ինտերնետից, այնքան շատ ենք սովորեցնում մեր ուղեղին ցրված լինել, այսինքն՝ տեղեկատվությունը վերամշակել շատ արագ ու արդյունավետորեն, սակայն առանց կենտրոնանալու» (The Shallows—What the Internet Is Doing to Our Brains)։

 Քննենք երեք իրադրություն, երբ էլեկտրոնային սարքերը կարող են խանգարել քեզ, որ կենտրոնանաս։

  •   Խոսելիս։ Մարիա անունով մի երիտասարդ աղջիկ ասում է. «Ոմանք նույնիսկ զրույցի ընթացքում իրենց ողջ ուշադրությունը զրուցակցին տրամադրելու փոխարեն հեռախոսով հաղորդագրություններ են գրում, խաղեր են խաղում կամ սոցիալական կայքեր են մտնում»։

  •   Դասի ժամանակ։ Մի գրքում ասվում է. «Ուսանողներից շատերը նշում են, որ դասի ժամանակ էլեկտրոնային սարքերով հաղորդագրություններ են գրում, տարբեր կայքեր են մտնում կամ ինչ-որ տեսանյութ են դիտում. իրենց էլեկտրոնային սարքերն օգտագործում են «կրթության հետ կապ չունեցող բաներով» զբաղվելու համար» (Digital Kids)։

  •   Սովորելիս։ «Ինձ համար ամենադժվարը հեռախոսին չնայելն է, երբ այն դզզում է։ Եթե դպրոցում ես սովորում, էլեկտրոնային սարքերի պատճառով մեկ ժամվա տնային աշխատանքը կարող է 3 ժամից ավել տևել»,— ասում է 22-ամյա Քրիսը։

 Ամփոփում։ Քեզ համար դժվար կլինի կենտրոնանալ, եթե թույլ տաս, որ էլեկտրոնային սարքերը շեղեն ու ղեկավարեն քեզ։

Ցրված միտքը նման է վայրի ձիու, որին դժվար է կառավարել

 Ի՞նչ անեմ, որ ավելի կենտրոնացած լինեմ

  •   Զրույցների ժամանակ։ Աստվածաշունչն ասում է. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։4)։ Ուշադիր լսելով՝ ցույց տուր, որ հետաքրքրված ես զրուցակցովդ։ Տեսողական կապ պահիր և թույլ մի՛ տուր, որ սարքերդ շեղեն քեզ։

     «Զրույցի ժամանակ զսպիր հեռախոսդ ստուգելու ցանկությունդ։ Հարգանք ցույց տուր զրուցակցիդ հանդեպ և քո ողջ ուշադրությունը նրան տրամադրիր» (Թոմաս)։

     ԱՌԱՋԱՐԿ։ Զրույցի ժամանակ փորձիր հեռախոսդ աչքիցդ հեռու դնել։ Հետազոտողներն ասում են, որ հեռախոսը տեսնելիս արդեն մարդու ուշադրությունը կարող է շեղվել, քանի որ գուցե ամեն րոպե հաղորդագրություն գա։

  •   Դասի ժամանակ։ Աստվածաշունչն ասում է. «Ուշադիր եղեք, թե ինչպես եք լսում» (Ղուկաս 8։18)։ Այս սկզբունքն ի մտի ունենալով, նույնիսկ եթե դասասենյակում ինտերնետը հասանելի է, հաղորդագրություններդ մի՛ ստուգիր, խաղեր մի՛ խաղա ու ոչ ոքի մի՛ գրիր, որպեսզի դասի ժամանակ կարողանաս կենտրոնանալ։

     «Փորձիր ավելի ուշադիր լինել դասի ժամանակ։ Նշումներ արա։ Եթե հնարավոր է, առաջին նստարաններից մեկին նստիր, որ չշեղվես» (Քերըն)։

     ԱՌԱՋԱՐԿ։ Նշումներդ ոչ թե համակարգչում արա, այլ թղթի վրա։ Հետազոտողներն ասում են, որ այդպես ավելի քիչ կշեղվես ու ավելի լավ կհիշես սովորածդ։

  •   Սովորելիս։ Աստվածաշնչում ասվում է. «Ձեռք բեր իմաստություն, ձեռք բեր հասկացողություն» (Առակներ 4։5)։ Դա նշանակում է, որ մեր նպատակը պետք է լինի նյութը խորությամբ ուսումնասիրելը, ոչ թե քննությունը հանձնելուց առաջ այն պարզապես աչքի անցկացնելը։

     «Պարապելիս պլանշետս դնում եմ ինքնաթիռի ռեժիմի վրա, որ չշեղվեմ։ Ծանուցումները չեմ ստուգում։ Եթե ինչ-որ բան հիշելու կարիք կա, նշում եմ թղթի վրա» (Քրիս)։

     ԱՌԱՋԱՐԿ։ Սենյակումդ այնպիսի պայմաններ ստեղծիր, որ կարողանաս կենտրոնանալ։ Այն մաքուր ու կոկիկ պահիր։