ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ
Հղիության արհեստական ընդհատում
Ամեն տարի հղիության արհեստական ընդհատման հետևանքով ավելի քան հիսուն միլիոն երեխա կորցնում է իր կյանքը. այս ցուցանիշը գերազանցում է շատ երկրների բնակչության թիվը։
Անձնական որոշո՞ւմ, թե՞ բարոյական հարց
ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։
Կանայք աբորտի են դիմում տարբեր պատճառներով, որոնց թվում են տնտեսական դժվարությունները և ներընտանեկան խնդիրները։ Պատճառը կարող է լինել նաև այն, որ նրանք ցանկանում են ազատ մնալ կրթությունը շարունակելու կամ կարիերա ստեղծելու համար կամ էլ պարզապես չեն ցանկանում միայնակ մայր լինել։ Շատերն էլ աբորտը դիտում են որպես բարոյական տեսանկյունից սխալ արարք. նրանք համարում են, որ այդ քայլով հղի կինը չարաշահում է իրեն վստահված պատասխանատվությունը։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։
Աստծու աչքում կյանքը, հատկապես մարդու կյանքը սուրբ է (Ծննդոց 9։6; Սաղմոս 36։9)։ Նույնը վերաբերում է դեռ չծնված երեխային, որը գտնվում է մոր արգանդում, մի տեղ, որը, ինչպես նախատեսել էր Աստված, պետք է լիներ ապահով հանգրվան զարգացող մանկան համար։ Աստվածաշունչը գրողներից մեկն ասում է. «Բոլոր կողմերից ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում»։ Ապա ավելացնում է. «Քո աչքերը տեսան իմ սաղմը, և քո գրքում գրված էին այն օրերը, երբ նրա բոլոր մասերը կազմավորվեցին» (Սաղմոս 139։13, 16)։
Դեռ չծնված երեխայի վերաբերյալ Աստծու տեսակետը արտացոլված է նաև Իսրայել ազգին տված նրա Օրենքում։ Այնտեղ ասվում էր, որ այն մարդը, ով հարվածեր հղի կնոջը և նրա արգանդում գտնվող մանկան մահվան պատճառ դառնար, պետք է մահապատժի ենթարկվեր. իր խլած կյանքի դիմաց նա պետք է իր իսկ կյանքով հատուցեր (Ելք 21։22, 23)։ Իհարկե նման դեպքերում դատավորները հաշվի էին առնում նաև հանգամանքներն ու մարդու մղումները (Թվեր 35։22–24, 31)։
Աստված մարդկանց նաև խիղճ է տվել, որը նրանց հուշում է, թե ինչ տեսակետ ունի նա այդ հարցի վերաբերյալ։ Երբ կինը լսում է իր ներքին ձայնին՝ խղճին, և հարգանք է դրսևորում իր չծնված երեխայի կյանքի նկատմամբ, նրա խիղճը չի տանջում նրան, և նա բավարարվածության զգացում է ունենում։ * Բայց երբ նա դեմ է գնում իր խղճին, այն սկսում է անհանգստացնել և նույնիսկ դատապարտել նրան (Հռոմեացիներ 2։14, 15)։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աբորտի դիմած կանայք հաճախ նաև ունենում են տագնապային խանգարումներ և դեպրեսիա։
Այդուհանդերձ, երեխա մեծացնելու պատասխանատվությունը գուցե լուրջ մտավախություններ պատճառի կնոջը, հատկապես եթե հղիությունը ծրագրված չի եղել։ Այս հարցում կարող է օգնել Աստվածաշնչում գրված հետևյալ հավաստիացումը, որը վերաբերում է Աստծու չափանիշները հավատարմությամբ պահող մարդկանց. «Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում, անարատ մարդու հետ՝ անարատությամբ» (Սաղմոս 18։25)։ Աստվածաշնչում նաև գրված է. «Եհովան սիրում է արդարությունը և չի լքի իրեն նվիրվածներին» (Սաղմոս 37։28)։
«Իրենց խիղճը իրենց հետ միասին վկայություն է տալիս, և իրենց իսկ մտքերում նրանք կա՛մ մեղադրվում են, կա՛մ արդարանում» (Հռոմեացիներ 2։15)։
Երբ արդեն դիմել եք հղիության արհեստական ընդհատման
ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։
Մերին, որը միայնակ մայր է, ասում է. «Ես արդեն երեք երեխա ունեի և չէի կարող պահել չորրորդին։ Սակայն աբորտի դիմելուց հետո, զգում էի, որ սարսափելի բան եմ արել»։ * Արդյո՞ք նա աններելի մեղք էր գործել Աստծու առաջ։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։
Հիսուս Քրիստոսը այդ հարցի վերաբերյալ Աստծու տեսակետն արտահայտեց, երբ ասաց. «Ես եկա ոչ թե արդարներին կանչելու, որ զղջան, այլ մեղավորներին» (Ղուկաս 5։32)։ Այո՛, երբ անհատը իսկապես խոր ցավ ու ափսոսանք է զգում իր արած սխալի համար, անկեղծորեն զղջում է և Աստծուց ներում խնդրում, Աստված պատրաստակամորեն ներում է նրան, անգամ եթե սխալը շատ լուրջ է (Եսայիա 1։18)։ Աստվածաշնչում գրված է. «Կոտրված ու փշրված սիրտը, ո՜վ Աստված, դու չես արհամարհի» (Սաղմոս 51։17)։
Երբ զղջացող մարդը խոնարհաբար աղոթքով դիմում է Աստծուն, Աստված նրան տալիս է ոչ միայն մաքուր խիղճ, այլև մտքի խաղաղություն։ Աստծու Խոսքն ասում է. «Աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ * Աստվածաշունչն ուսումնասիրելով և իր սիրտը Աստծու առաջ բացելով՝ Մերին, որի մասին խոսվեց վերևում, ձեռք բերեց ներքին խաղաղություն։ Նա հասկացավ, որ Աստված «իսկապես ներում է մարդկանց» (Սաղմոս 130։4)։
«Աստված մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ, և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համեմատ» (Սաղմոս 103։10)։
^ պարբ. 8 Կնոջ կամ երեխայի առողջությանը սպառնացող հնարավոր վտանգը արդարացում չէ հղիության արհեստական ընդհատման համար։ Եթե ծննդաբերության ժամանակ թե՛ կնոջ, թե՛ երեխայի կյանքը վտանգի տակ են հայտնվում, և հնարավոր է փրկել միայն մեկին, զույգն ինքը պետք է որոշի՝ ինչպես վարվել նման պարագայում։ Սակայն հարկ է նշել, որ զարգացած երկրներից շատերում բժշկությունը բավականին առաջընթաց է ապրում, և նմանատիպ իրավիճակներ շատ հազվադեպ են լինում։
^ պարբ. 12 Անունը փոխված է։
^ պարբ. 14 Հարության հույսը նույնպես կարող է նպաստել, որ անհատը ներքին խաղաղություն ունենա։ Տես «Դիտարանի» 2009 թ. ապրիլի 15-ի «Ընթերցողների հարցերը» հոդվածը, որտեղ խոսվում է այն մասին, թե աստվածաշնչյան որ սկզբունքներն են հիմք տալիս ենթադրելու, որ գուցե հարություն առնեն նաև այն երեխաները, որոնք, դեռ չծնված, մահացել են։