Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ

Սեր

Սեր

ՄԱՐԴԻԿ ՍԻՐՈ ԾԱՐԱՎ ԵՆ։ Առանց սիրո չեն կարող լինել ընտանեկան և ընկերական ամուր փոխհարաբերություններ։ Ուստի միանգամայն տրամաբանական է, որ սերը կենսական դեր ունի մարդու հոգեկան առողջության և երջանկության հարցում։ Սակայն ի՞նչ նկատի ունենք ասելով՝ սեր։

Այստեղ չի խոսվում ռոմանտիկ սիրո մասին, որը, ինչ խոսք, նույնպես կարևոր է։ Խոսքը սիրո մեծագույն տեսակի մասին է, որը մարդուն մղում է անկեղծորեն հետաքրքրվել ուրիշների բարօրությամբ և անգամ վեր դասել նրանց շահերը սեփական շահերից։ Դա այնպիսի սեր է, որը հիմնված է Աստծու տված սկզբունքների վրա, բայց ամենևին էլ զուրկ չէ ջերմ զգացմունքներից։

Աստվածաշնչում սիրո մի գեղեցիկ նկարագրություն է տրվում. «Սերը համբերատար է ու բարի։ Սերը նախանձոտ չէ, այն չի պարծենում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, իր շահը չի փնտրում, բարկությամբ չի բորբոքվում, վիրավորանքները չի հաշվում, անարդարության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար։ Ամեն ինչի դիմանում է.... ամեն ինչի համար հույս ունի, ամեն ինչի տոկում է։ Սերը երբեք չի վերջանում» (1 Կորնթացիներ 13։4–8

Այո՛, այսպիսի սերը «երբեք չի վերջանում», այն մնում է ընդմիշտ։ Ավելին՝ այն կարող է ժամանակի ընթացքում ավելի ուժգնանալ։ Ու քանի որ այդ սերը համբերատար է, բարի ու ներող, այն իրավամբ կարելի է անվանել «միասնության կատարյալ կապ» (Կողոսացիներ 3։14)։ Նման սիրո վրա հիմնված փոխհարաբերությունները, չնայած մարդկային թերություններին, շատ ամուր են լինում և երջանկություն են պարգևում։ Նկատի առնենք, օրինակ, ամուսնական փոխհարաբերությունները։

ՄԻԱՎՈՐՎԱԾ «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՅԱԼ ԿԱՊՈՎ»

Հիսուս Քրիստոսը ամուսնությանն առնչվող կարևոր սկզբունքներ սովորեցրեց։ Մի առիթով նա ասաց. «Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն.... Ուրեմն ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։5, 6Այստեղ տեսնում ենք առնվազն երկու կարևոր սկզբունք։

«ԵՐԿՈՒՍԸ ՄԵԿ ՄԱՐՄԻՆ ԿԼԻՆԵՆ»։ Ամուսնությունը ամենամտերիմ միությունն է, որ կարող է հաստատվել մարդկանց միջև։ Սերը պաշտպանում է այդ միությունը անհավատարմությունից՝ թույլ չտալով, որ ամուսինը կամ կինը «մեկ մարմին» դառնա ուրիշ մեկի հետ (1 Կորնթացիներ 6։16; Եբրայեցիներ 13։4)։ Անհավատարմությունը քայքայում է վստահությունը և կարող է խորտակել ամուսնությունը։ Եվ եթե ընտանիքում երեխաներ կան, նրանք էլ են զգացապես վնասվում։ Նման դեպքերում նրանք հաճախ իրենց չսիրված ու անպաշտպան են զգում և դառնությամբ են լցվում։

«ԻՆՉ ՈՐ ԱՍՏՎԱԾ ՄԻԱՎՈՐԵՑ ՄԵԿ ԼԾԻ ՏԱԿ»։ Ամուսնությունը նաև սուրբ միություն է։ Այս փաստը գիտակցող կողակիցները ձգտում են ամրացնել իրենց ամուսնական կապը։ Նրանք չեն շտապում վերջ դնել ամուսնությանը, երբ խնդիրներ են առաջանում։ Նրանց սերը ամուր է լինում և դիմանում է ցանկացած դժվարության։ Այո՛, այդպիսի սերը «ամեն ինչի դիմանում է», օգնում է լուծել խնդիրները և այդպիսով պահպանել ընտանիքի խաղաղությունն ու միասնությունը։

Երբ ընտանիքում ծնողները անձնազոհ սեր են տածում միմյանց հանդեպ, դա մեծ օգուտ է բերում նաև երեխաներին։ Ջեսիկա անունով մի երիտասարդ աղջիկ ասում է. «Հայրս ու մայրս իսկապես սիրում ու հարգում են իրար։ Երբ տեսնում եմ, թե որքան է մայրս հարգում հորս և թիկունք կանգնում նրան, հատկապես մեզ՝ երեխաներիս հետ կապված որոշումներում, շատ եմ ցանկանում նմանվել նրան»։

Սերը Աստծու էության գլխավոր հատկությունն է։ Աստվածաշնչում նույնիսկ ասվում է, որ «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Ուստի զարմանալի չէ, որ նա «երջանիկ Աստված» է, ինչպես նրա մասին գրված է իր Խոսքում (1 Տիմոթեոս 1։11)։ Մենք նույնպես երջանիկ կլինենք, եթե ձգտենք ընդօրինակել մեր Արարչի՝ Եհովայի ունեցած հատկությունները, հատկապես նրա սերը։ Եփեսացիներ 5։1, 2 համարներում կարդում ենք. «Ընդօրինակեք Աստծուն սիրելի զավակների պես և շարունակեք քայլել սիրո մեջ»։