Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ծնողներին հնազանդվելը նման է բանկի պարտքը ժամանակի ընթացքում պարտաճանաչ կերպով վճարելուն։ Որքան հուսալի լինես, այնքան շատ վստահություն (կամ վարկ) ձեռք կբերես

ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

10. Վստահարժանություն

10. Վստահարժանություն

Ի՞ՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Վստահելի մարդիկ արժանանում են իրենց ծնողների, ընկերների և գործատերերի վստահությանը։ Նրանք ենթարկվում են սահմանված օրենքներին, պահում են իրենց խոստումները և միշտ ճիշտն են խոսում։

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Գրեթե բոլոր դեպքերում այն, թե որքան ազատություն կունենաս, ուղղակիորեն կախված է նրանից, թե ժամանակի ընթացքում ինչ չափով ես արժանացել վստահության։

«Ծնողներիդ վստահությունը շահելու լավագույն միջոցն այն է, որ փաստես, որ հասուն և պատասխանատու մարդ ես ոչ միայն այն ժամանակ, երբ նրանց հետ ես, այլև երբ նրանք կողքիդ չեն» (Սարահի)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Թող նա իր լավ վարքով.... ցույց տա իր գործերը» (Հակոբոս 3։13

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Ներքոհիշյալ քայլերը կօգնեն քեզ ավելի շատ վստահություն ձեռք բերել կամ վերականգնել կորցրած վստահությունը։

Ազնիվ եղիր։ Սուտ խոսող մարդը շատ արագ կորցնում է ուրիշների վստահությունը։ Իսկ նա, ով ազնիվ ու անկեղծ է և չի փորձում թաքցնել իր սխալները, արժանանում է մարդկանց վստահությանը։

«Հեշտ է ազնիվ լինել, երբ ամեն ինչ լավ է։ Բայց երբ անկեղծ ես անգամ այն բաների մասին խոսելիս, որոնք քեզ այդքան էլ լավ լույսի ներքո չեն ներկայացնում, մարդիկ ավելի հակված են լինում վստահելու քեզ» (Կայմեն)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18

Հուսալի եղիր։ Միացյալ Նահանգներում անցկացված մի հարցման ժամանակ կադրերի գծով մասնագետների 78 տոկոսը նշեց, որ հուսալիությունը այն երեք ամենից կարևոր հատկություններից է, որոնք քիչ աշխատանքային փորձ ունեցող մարդուն կարող են օգնել աշխատանքի ընդունվել։ Եթե այսօր սովորես վստահելի լինել, դա քեզ օգուտներ կբերի չափահաս տարիքում։

«Ծնողներիս աչքից չի վրիպում, երբ ես պատասխանատվությամբ եմ վերաբերվում իմ պարտականություններին, և կարիք չի լինում անընդհատ հիշեցնել ինձ հանձնարարված տնային գործերը անելու մասին։ Որքան շատ եմ նախաձեռնություն վերցնում նմանատիպ հարցերում, այնքան ավելի շատ եմ արժանանում նրանց վստահությանը» (Սառա)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Վստահ լինելով, որ կհամաձայնվես.... գիտենալով, որ ասածներիցս նույնիսկ ավելին կանես» (Փիլիմոն 21

Համբերատար եղիր։ Ի տարբերություն ֆիզիկական աճին, որը հեշտությամբ նկատվում է շրջապատի մարդկանց կողմից՝ էմոցիոնալ և մտային հասունությունը իսկույն չի նկատվում. դրա համար սովորաբար ժամանակ է պետք։

«Ընդամենը մեկ արարքով չես շահի ծնողներիդ և մյուսների վստահությունը։ Ժամանակ և շարունակական ջանքեր են անհրաժեշտ փաստելու համար, որ դու պատասխանատու մարդ ես» (Բրենդն)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Հագեք.... համբերատարությունը» (Կողոսացիներ 3։12