ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 50
ԵՐԳ 135 Եհովայի ջերմ կոչը. «Որդի՛ս, իմաստուն եղիր»
Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխային ամրացնել իր հավատը
«Անձամբ կհավաստիանաք, թե որն է Աստծու կամքը, և որ այն լավագույնն է, ընդունելի է և ամենաճիշտն է» (ՀՌՈՄ. 12։2)։
ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ
Ի՞նչ գործնական առաջարկներ կան, որոնք կիրառելով՝ ծնողները կկարողանան իմաստալից ձևով հաղորդակցվել իրենց երեխայի հետ և օգնել նրան ամրացնելու հավատը Աստծու և Աստվածաշնչի հանդեպ։
1-2. Ինչպե՞ս պետք է ծնողները արձագանքեն, երբ իրենց երեխան Աստծու և Աստվածաշնչի վերաբերյալ հարցեր է տալիս։
ՇԱՏԵՐԸ կհամաձայնեն, որ ծնող լինելը լրիվ դրույքով գործ է։ Եթե ծնող ես, անկասկած ամեն բան անում ես, որ ամրացնես երեխայիդ հավատը, և դա գովելի է (2 Օրենք 6։6, 7)։ Մեծանալուն զուգընթաց նա գուցե սկսի լուրջ հարցեր տալ մեր հավատալիքների, այդ թվում՝ Աստվածաշնչում գրված բարոյական չափանիշների վերաբերյալ։
2 Սկզբում հնարավոր է՝ անհանգստանաս, թե ինչու է նա նման հարցեր տալիս, գուցե նույնիսկ մտածես, որ նա չի հավատում Աստծուն և Աստվածաշնչին։ Իրականում, սակայն, իր համոզմունքները ձևավորելու համար նա պե՛տք է հարցեր տա (1 Կորնթ. 13։11)։ Ուստի վախենալու կարիք չկա։ Մեր համոզմունքների վերաբերյալ երեխայիդ անկեղծ հարցերը համարիր նրա մտածելու կարողությունը զարգացնելու հնարավորություն։
3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Այս հոդվածում կքննենք, թե ծնողներն ինչպես կարող են օգնել իրենց երեխային 1) ձևավորել իր համոզմունքները, 2) գնահատել Աստվածաշնչում գրված բարոյական չափանիշները և 3) պաշտպանել իր հավատալիքները։ Կքննենք նաև, թե երեխաների հարցեր տալը ինչ դրական կողմեր ունի, և թե ծնողներն ինչ կարող են անել, որպեսզի երեխաների հետ իրենց հավատալիքների մասին խոսելու հնարավորություն ստեղծեն։
ՕԳՆԻՐ ԵՐԵԽԱՅԻԴ ՁԵՎԱՎՈՐԵԼ ԻՐ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԸ
4. Ի՞նչ հարցեր երեխան գուցե տա և ինչո՞ւ։
4 Քրիստոնյա ծնողները գիտակցում են, որ Աստծու հանդեպ հավատը ժառանգաբար չի փոխանցվում երեխային։ Դու չես ծնվել Եհովայի հանդեպ հավատով, երեխադ՝ նույնպես։ Ժամանակի ընթացքում երեխան գուցե նմանատիպ հարցեր տա. «Որտեղի՞ց իմանամ, որ Աստված կա։ Աստվածաշնչում գրվածները ճի՞շտ են»։ Աստվածաշունչը հորդորում է մեզ գործի դնել մեր «բանականությունը» և «տեսնել՝ ինչն է ճիշտ» (Հռոմ. 12։1; 1 Թեսաղ. 5։21)։ Ինչպե՞ս կարող ես օգնել երեխայիդ ամրացնել իր հավատը։
5. Ծնողներն ինչպե՞ս կարող են երեխային օգնել ամրացնելու Աստվածաշնչի հանդեպ իր հավատը (Հռոմեացիներ 12։2)։
5 Խրախուսիր երեխայիդ համոզվել, որ Աստվածաշնչում գրվածը ճշմարտություն է (կարդա Հռոմեացիներ 12։2)։ Երբ երեխադ հարցեր է տալիս, ցույց տուր նրան, թե ինչպես կարող է գտնել իր հարցերի պատասխանները՝ օգտվելով փնտրտուքների համար նախատեսված գործիքներից, որոնցից է «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկը։ Այնտեղ «Աստվածաշունչ» թեմայի «Ներշնչված է Աստծուց» վերնագրի տակ նա կարող է գտնել ապացույցներ այն մասին, որ Աստվածաշունչը ոչ թե պարզապես մարդկանց կողմից գրված լավ գիրք է, այլ «Աստծու խոսքը» (1 Թեսաղ. 2։13)։ Նա կարող է ուսումնասիրություններ անել, օրինակ, Ասորեստանի հնագույն քաղաք Նինվեի մասին։ Նախկինում Աստվածաշնչի որոշ քննադատներ պնդում էին, որ Նինվեն երբևէ գոյություն չի ունեցել։ Բայց 1850-ականներին հայտնաբերվեցին այդ քաղաքի ավերակները, ինչը փաստում է աստվածաշնչյան արձանագրության ճշգրիտ լինելը (Սոփ. 2։13-15)։ Նինվեի կործանման մասին մարգարեության իրականացման վերաբերյալ տեղեկություններ նա կարող է գտնել «Դիտարանի» 2021 թ. նոյեմբերի համարում հրապարակված «Գիտեի՞ք արդյոք» հոդվածում։ Մեր հրատարակություններից իր իմացածը համեմատելով հանրագիտարանների և այլ հեղինակավոր աղբյուրների տեղեկության հետ՝ երեխադ հիմքեր կունենա ամրացնելու իր հավատը Աստծու Խոսքի հանդեպ։
6. Ծնողներն ինչպե՞ս կարող են խթանել երեխայի մտածելու կարողությունը։ Բեր օրինակ (տես նաև նկարը)։
6 Խթանիր երեխայիդ մտածելու կարողությունը։ Ծնողները իրենց երեխաների հետ Աստվածաշնչի և Աստծու հանդեպ հավատի մասին հետաքրքիր զրույցներ վարելու տարբեր առիթներ են ունենում։ Այդպիսի առիթներ գուցե ստեղծվեն, երբ այցելեք թանգարան, բուսաբանական այգի կամ Եհովայի վկաների որևէ մասնաճյուղի ցուցահանդես։ Օրինակ՝ թանգարանում շրջայցի ժամանակ՝ օնլայն կամ ֆիզիկական ներկայությամբ, կարող ես երեխայիդ ուշադրությունը հրավիրել պատմական իրադարձությունների կամ արտեֆակտների վրա, որոնք կամրացնեն Աստվածաշնչի ճշգրտության վերաբերյալ նրա համոզվածությունը։ Երեխադ գիտի՞, որ Աստծու անունը փորագրված է 3000 տարվա հնություն ունեցող քարի վրա, որը հայտնի է «Մովաբի քար» անվանումով։ «Մովաբի քարը» ներկայացված է Լուվրում (Փարիզ)։ Բացի այդ՝ «Մովաբի քարի» կրկնօրինակը ցուցադրված է Եհովայի վկաների գլխավոր վարչության «Աստվածաշունչը և Աստծու անունը» ցուցահանդեսում (Ուորվիք, Նյու Յորք)։ Քարի գրվածքից իմանում ենք, որ Մովաբի թագավոր Մեսան ապստամբել է Իսրայելի դեմ, ինչը համահունչ է Աստվածաշնչում գրվածին (2 Թագ. 3։4, 5)։ Երբ երեխադ իր աչքով տեսնի Աստվածաշնչի ճշգրտության և հավաստի լինելու վերաբերյալ փաստերը, նրա հավատը ավելի կամրանա (համեմատիր 2 Տարեգրություն 9։6)։
7-8. ա) Ի՞նչ կարող ենք սովորել ստեղծագործությունների գեղեցիկ կառուցվածքներն ուսումնասիրելիս։ Բեր օրինակ (տես նաև նկարը)։ բ) Ո՞ր հարցերը կօգնեն երեխայիդ ամրացնել Արարչի հանդեպ իր հավատը։
7 Երեխայիդ խրախուսիր խորհել բնաշխարհի մասին։ Երբ երեխայիդ հետ բնության գրկում ես կամ այգում աշխատում ես, նրա ուշադրությունը հրավիրիր այն բանի վրա, թե ինչ կառուցվածք ունեն որոշ ստեղծագործություններ։ Ինչո՞ւ է դա արդյունավետ։ Դրանք փաստում են, որ ստեղծված են բացառիկ իմաստություն ունեցող մեկի կողմից։ Օրինակ՝ գիտնականները տարիներ շարունակ ուսումնասիրում են ստեղծագործությունների պարուրաձև կառուցվածքը։ Կենսաֆիզիկոս Նիկոլա Ֆամելին բացատրում է, որ երբ հաշվում ենք բնության մեջ հանդիպող ստեղծագործությունների պարույրների քանակը, նկատում ենք, որ ստացված թվերի մեջ կա որոշակի օրինաչափություն։ Այն հայտնի է որպես Ֆիբոնաչչիի թվային հաջորդականություն։ Պարուրաձև պատկերները հանդիպում են բազմաթիվ ստեղծագործություններում, որոնցից են գալակտիկաները, նաուտիլուսի խեցին, տարբեր բույսերի տերևներն ու արևածաղիկը։ a
8 Երեխադ դպրոցում բնագիտական առարկաներ անցնելիս կսովորի, որ բնության մեջ հանդիպող բազմաթիվ բաների կառուցվածքներ որոշակի օրինաչափություն ունեն։ Օրինակ՝ ձյան յուրաքանչյուր փաթիլ ունի ֆրակտալ երկրաչափական կառուցվածք։ Ֆրակտալ պատկերներ կարելի է տեսնել նաև տարբեր ստեղծագործություններում։ Բայց ո՞վ է ստեղծել այդ օրենքները, որոնց արդյունքում այդքան գեղեցիկ նախշեր են ձևավորվել։ Ո՞վ է այդ զարմանահրաշ նախագծման հեղինակը։ Որքան շատ երեխադ մտածի այս հարցերի շուրջ, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ նա խոր համոզվածություն կունենա այն բանի հանդեպ, որ ամեն ինչ Աստված է ստեղծել (Եբր. 3։4)։ Ժամանակի ընթացքում կարող ես նրան այս հարցը տալ. «Եթե Աստված է մեզ ստեղծել, մի՞թե տրամաբանական չէ եզրակացնել, որ նա նաև տվել է բարոյականության վերաբերյալ չափանիշներ, որոնք օգնում են երջանիկ լինել»։ Այնուհետև կարող ես նշել, որ այդ արժեքավոր չափանիշները գրված են Աստվածաշնչում։
ՕԳՆԻՐ ԵՐԵԽԱՅԻԴ ԹԱՆԿ ՀԱՄԱՐԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԳՐՎԱԾ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
9. Ինչո՞ւ երեխադ գուցե կասկածի ենթարկի Աստվածաշնչում գրված բարոյական չափանիշների արժեքավոր լինելը։
9 Եթե երեխադ կասկածի է ենթարկում Աստվածաշնչում գրված բարոյական չափանիշների արժեքավոր լինելը, փորձիր հասկանալ պատճառը։ Նա իսկապե՞ս համաձայն չէ այդ չափանիշներին, թե՞ խնդիրն այն է, որ ուրիշների հետ զրուցելիս դժվարանում է պաշտպանել իր հավատալիքները։ Որն էլ լինի պատճառը, դու կարող ես օգնել երեխայիդ բարձր գնահատել Աստվածաշնչում գրված բարոյական չափանիշները՝ նրա հետ ուսումնասիրելով «Վայելիր կյանքը հավիտյան» գիրքը։ b
10. Ինչպե՞ս կարող ես երեխայիդ խրախուսել, որ մտածի Եհովայի հետ ունեցած հարաբերությունների մասին։
10 Երեխայիդ խրախուսիր թանկ համարել Եհովայի հետ ունեցած հարաբերությունները։ Երեխայիդ հետ Աստվածաշունչն ուսումնասիրելիս տեսակետ բացահայտող հարցերի և օրինակների միջոցով, որոնք նշված են «Վայելիր կյանքը հավիտյան» գրքում, փորձիր իմանալ՝ ինչ կա նրա սրտում (Առակ. 20։5)։ Օրինակ՝ 8-րդ դասում Եհովան համեմատվում է հոգատար ընկերոջ հետ, ով մեզ պաշտպանելու համար օգտակար հիշեցումներ է տալիս։ 1 Հովհաննես 5։3-ը քննարկելուց հետո հարցրու. «Տեսանք, որ Եհովան լավ ընկեր է, ուրեմն ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրա ասածներին»։ Գուցե թվա, թե պարզ հարց է, բայց այն կարող է օգնել երեխայիդ Աստծու օրենքները համարել նրա սիրո ապացույցը (Ես. 48։17, 18)։
11. Ինչպե՞ս կարող ես օգնել երեխայիդ, որ արժևորի աստվածաշնչյան սկզբունքները (Առակներ 2։10, 11)։
11 Քննարկիր, թե աստվածաշնչյան սկզբունքները կիրառելը ինչ օգուտներ է բերում։ Երբ միասին կարդում եք Աստվածաշունչը կամ օրվա խոսքը, խոսեք այն մասին, թե Եհովայի տված սկզբունքները ինչպես են օգնում ձեր ընտանիքին։ Երեխադ տեսնո՞ւմ է, թե ինչ օգուտներ է բերում աշխատասեր և ազնիվ լինելը (Եբր. 13։18)։ Նրա հետ զրուցելիս կարող ես ընդգծել, թե սուրբգրային սկզբունքները ինչպես են մեզ պաշտպանում ֆիզիկապես և զգացապես (Առակ. 14։29, 30)։ Նման քննարկումները, ըստ ամենայնի, երեխայիդ կօգնեն ավելի շատ գնահատել Աստծու Խոսքի խորհուրդները (կարդա Առակներ 2։10, 11)։
12. Ինչպե՞ս է մի հայր օգնում իր որդուն արժևորել աստվածաշնչյան սկզբունքները։
12 Սթիվ անունով մի հայր, ով ապրում է Ֆրանսիայում, պատմում է, թե ինքն ու կինը ինչպես են օգնում իրենց դեռահաս տղային՝ Իթընին, տեսնել Եհովայի հաստատած օրենքների հիմքում ընկած սերը։ Նա ասում է. «Մենք նրան նման հարցեր ենք տալիս. «Ինչո՞ւ է Եհովան պահանջում, որ կիրառենք այս սկզբունքը։ Ինչպե՞ս է այն փաստում, որ նա սիրում է մեզ։ Ի՞նչ կլինի, եթե չպահենք այն»»։ Այսպիսի զրույցները օգնում են Իթընին Եհովայի սահմանած բարոյական չափանիշները իրենը դարձնել։ Սթիվն ավելացնում է. «Մեր նպատակն է օգնել Իթընին տեսնելու, որ Աստվածաշնչում պարփակված իմաստությունը վեր է մարդկային իմաստությունից»։
13. Ծնողներն ինչպե՞ս կարող են կրթել իրենց երեխային, որ կիրառի աստվածաշնչյան սկզբունքները։ Բեր օրինակ։
13 Կրթիր երեխայիդ, որ կիրառի աստվածաշնչյան սկզբունքները։ Դա անելու հնարավորություն է ստեղծվում, օրինակ, երբ երեխադ դպրոցում ինչ-որ գիրք կարդալու հանձնարարություն է ստանում։ Գրքում անբարո կամ բարկացկոտ կերպարները գուցե ներկայացվեն որպես ընդօրինակման արժանի հերոսներ։ Հորդորիր երեխայիդ այդ կերպարների արարքներին գնահատական տալ՝ հիմնվելով Աստվածաշնչի վրա (Առակ. 22։24, 25; 1 Կորնթ. 15։33; Փիլիպ. 4։8)։ Այդպես վարվելը կօգնի, որ նա տվյալ նյութի քննարկման ժամանակ քարոզի իր ուսուցչին և դասարանցիներին։
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԻՐ ԵՐԵԽԱՅԻԴ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՐ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐԸ
14. Ո՞ր թեմայի շուրջ զրուցելը գուցե վախեցնի պատանիներին և ինչո՞ւ։
14 Պատանի քրիստոնյաները երբեմն գուցե համարձակություն չունենան պաշտպանելու իրենց հավատալիքները։ Հնարավոր է՝ նրանք վախենան դասարանի առաջ բացատրել, թե ինչու չեն հավատում էվոլյուցիային։ Պատճառը թերևս լինի այն, որ ուսուցիչներն այդ տեսությունը ներկայացնեն որպես հաստատված փաստ։ Լինելով ծնող՝ ինչպե՞ս կարող ես օգնել երեխայիդ, որ համոզվածությամբ պաշտպանի իր հավատալիքները։
15. Ի՞նչը կարող է օգնել պատանի քրիստոնյաներին, որ ավելի վստահ լինեն իրենց համոզմունքներում։
15 Օգնիր երեխայիդ համոզվել, որ այն, ինչին նա հավատում է, ճիշտ է։ Երեխադ չպետք է ամաչի այն բանի համար, որ հավատում է Արարչին (2 Տիմոթ. 1։8)։ Փաստն այն է, որ շատ գիտնականներ նույնպես այն կարծիքին են, որ կյանքը հանկարծակի կամ պատահմամբ չի առաջացել։ Նրանք գիտակցում են, որ բնության մեջ օրգանիզմների բարդ կառուցվածքը պետք է որ խելացի մեկը ստեղծած լինի։ Արդյունքում նրանք չեն ընդունում դպրոցներում դասավանդվող էվոլյուցիոն տեսությունը։ Երեխադ կարող է ավելի վստահ լինել իր համոզմունքներում, եթե մտածի այն փաստերի մասին, որոնք շատ եղբայրների ու քույրերի համոզել են, որ կյանքը ստեղծագործության արդյունք է։ c
16. Ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել իրենց երեխային, որ պաշտպանի Արարչի հանդեպ իր հավատը (1 Պետրոս 3։15; տես նաև նկարը)։
16 Նախապատրաստիր երեխայիդ, որ պաշտպանի Արարչի հանդեպ իր հավատը (կարդա 1 Պետրոս 3։15)։ Թերևս օգտակար կհամարես նրա հետ քննարկել jw.org կայքում հրապարակված «Երիտասարդները հարցնում են։ Ստեղծագործությո՞ւն, թե՞ էվոլյուցիա» հոդվածաշարը։ Այնուհետև երեխադ կարող է որոշել, թե որ բացատրությունը ուրիշներին կօգնի հավատալ Ստեղծչի գոյությանը։ Հիշեցրու նրան, որ պետք չէ վիճել դասարանցիների հետ։ Հորդորիր, որ պարզ ու տրամաբանական փաստարկներ բերի, եթե ինչ-որ մեկը տրամադրված լինի զրուցելու։ Նրա դասարանցիներից մեկը գուցե ասի. «Ես հավատում եմ միայն նրան, ինչը տեսնում եմ։ Իսկ Աստծուն երբեք չեմ տեսել»։ Երեխադ կարող է պատասխանել. «Պատկերացրու՝ քայլում ես մի անտառում, որտեղ մարդը ոտք չի դրել, ու հանկարծ տեսնում ես գեղեցիկ տուն։ Ի՞նչ կմտածես։ Եթե տան առկայությունը փաստում է, որ բանականություն ունեցող մեկն է այն կառուցել, ապա մի՞թե տիեզերքը ավելի մեծ ապացույց չէ այն բանի, որ գոյություն ունի Ստեղծիչ»։
17. Ինչպե՞ս կարող են ծնողները հորդորել երեխային, որ աստվածաշնչյան ճշմարտությունը ուրիշներին հայտնելու առիթներ փնտրի։ Բեր օրինակ։
17 Հորդորիր երեխայիդ, որ աստվածաշնչյան ճշմարտությունը ուրիշներին հայտնելու առիթներ փնտրի (Հռոմ. 10։10)։ Որպեսզի երեխայիդ օգնես, որ իր հավատի մասին զրուցի ուրիշների հետ, նրա ջանքերը համեմատիր երաժշտական գործիք նվագելու համար ներդրած ջանքերի հետ։ Գործիքին տիրապետելու համար սովորողը սկզբում պետք է պարզ բաներ նվագի։ Ժամանակի ընթացքում նվագելը ավելի հեշտ կլինի։ Նմանապես՝ ուրիշներին քարոզելու համար պատանին գուցե սկզբում պարզ մոտեցում կիրառի։ Օրինակ՝ կարող է իր դասարանցուն հարցնել. «Գիտեի՞ր, որ ինժեներները հաճախ կրկնօրինակել են այն, ինչ տեսել են բնության մեջ։ Ուզում եմ քեզ մի տպավորիչ տեսանյութ ցույց տալ այդ մասին»։ «Արդյոք պատահականությո՞ւն է» հոդվածաշարից մի տեսանյութ ցույց տալուց հետո պատանին կարող է հարցնել. «Գիտնականը գովասանքի է արժանանում բնության մեջ եղածը կրկնօրինակելու համար, իսկ ո՞վ է փառաբանության արժանի բնօրինակի համար»։ Նման պարզ մոտեցումը թերևս շարժի նրա հետաքրքրությունը, և նա ցանկանա ավելին իմանալ։
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՕԳՆԵԼ ԵՐԵԽԱՅԻԴ, ՈՐ ԱՄՐԱՑՆԻ ԻՐ ՀԱՎԱՏԸ
18. Ինչպե՞ս կարող են ծնողները շարունակել օգնել երեխային ամրացնելու Աստծու հանդեպ հավատը։
18 Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդկանց մեծ մասը չի հավատում Եհովային (2 Պետ. 3։3)։ Հետևաբար, սիրելի՛ ծնողներ, ձեր երեխայի հետ Աստվածաշունչ ուսումնասիրելիս հորդորեք նրան գտնել այնպիսի թեմաներ, որոնք կմեծացնեն Աստծու Խոսքի և նրա սահմանած բարոյական չափանիշների հանդեպ իր հարգանքը։ Խթանեք նրա մտածելու կարողությունը՝ ուշադրությունը հրավիրելով Եհովայի հրաշալի ստեղծագործությունների վրա։ Օգնեք նրան հասկանալու այն տպավորիչ մարգարեությունները, որոնք արդեն կատարվել են։ Իսկ, որ ամենակարևորն է, աղոթեք ձեր երեխայի հետ և նրա համար։ Եթե այդպես վարվեք, կարող եք համոզված լինել, որ Եհովան կօրհնի այն ջանքերը, որ գործադրում եք՝ օգնելով երեխային ամրացնել իր հավատը (2 Տար. 15։7)։
ԵՐԳ 133 Երկրպագենք Եհովային վաղ տարիքից
a Ավելին իմանալու համար jw.org կայքում տես «Արարչագործության հրաշքները արտացոլում են Աստծու փառքը. նախշեր» տեսանյութը։
b Եթե երեխադ արդեն ավարտել է «Վայելիր կյանքը հավիտյան» գրքով ուսումնասիրությունը, կարող ես նրա հետ վերանայել 3-րդ և 4-րդ մասերից որոշ դասեր, որոնցում խոսվում է Աստվածաշնչում գրված բարոյական չափանիշների մասին։
c Տես «Ինչու ենք հավատում Արարչի գոյությանը» հոդվածը «Արթնացե՛ք»-ի 2006թ. հոկտեմբերի համարում և «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկը։ Հավելյալ օրինակներ կարող ես գտնել jw.org կայքի «Տեսակետներ կյանքի ծագման մասին» տեսաշարում։
d ՆԿԱՐ։ Պատանի Վկան «Արդյոք պատահականությո՞ւն է» տեսաշարից մի տեսանյութ է ցույց տալիս իր դասարանցուն, ով հետաքրքրված է դրոններով։