Էլիաս Հատերը և նրա առանձնահատուկ եբրայերեն Աստվածաշնչերը
ԿԱՐՈ՞Ղ ես Աստվածաշունչը կարդալ եբրայերենով։ Հավանաբար ո՛չ։ Հնարավոր է՝ դու նույնիսկ երբևէ չես տեսել եբրայերեն Աստվածաշունչ։ Սակայն երբ իմանաս 16-րդ դարի աստվածաշնչագետ Էլիաս Հատերի և նրա հրատարակած եբրայերեն երկու Աստվածաշնչերի մասին, գուցե ավելի շատ գնահատես Աստվածաշնչի քո անձնական օրինակը։
Էլիաս Հատերը ծնվել էր 1553 թ.-ին Գերմանիայի Գյորլից փոքր քաղաքում, որը գտնվում է Գերմանիայի, Լեհաստանի և Չեխիայի ներկայիս սահմանի մոտ։ Հատերը ուսումնասիրել էր Մերձավոր արևելքի լեզուները Ենա քաղաքի լյութերական համալսարանում։ Հազիվ էր բոլորել նրա 24 տարին, երբ Լեյպցիգում նա եբրայերենի պրոֆեսորի կոչում ստացավ։ Լինելով կրթության ոլորտում հեղափոխական՝ հետագայում Հատերը Նյուրնբերգում հիմնեց մի դպրոց, որտեղ ուսանողները չորս տարվա ընթացքում կարող էին սովորել եբրայերեն, հունարեն, լատիներեն ու գերմաներեն։ Այդ ժամանակներում ուրիշ դպրոցում կամ համալսարանում դա անելը անհնարին էր։
«ԱՅՍ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇՔԵՂ Է»
1587 թ.-ին Հատերը հրատարակեց եբրայերեն Հին Կտակարանը։ Այդ հրատարակության վերնագիրը՝ «Դերեխ հա-Կոդեշ», վերցված էր Եսայիա 35։8-ից և նշանակում է «Սրբության ճանապարհ»։ Դրա գեղեցիկ տառատեսակը ոգեշնչեց ասելու հետևյալ խոսքերը. «Ամեն ինչ խոսում է այն մասին, որ այս հրատարակությունը շքեղ է»։ Սակայն այս Աստվածաշունչը հատկապես արժեքավոր էր նրանով, որ այն ուսանողների համար եբրայերեն սովորելու արդյունավետ միջոց էր։
Հասկանալու համար, թե ինչու էր Հատերի եբրայերեն Աստվածաշունչն այդքան օգտակար, տեսնենք, թե ինչ դժվարությունների էր բախվում լեզու սովորողը, երբ փորձում էր Աստվածաշունչը կարդալ եբրայերենով։ Առաջին՝ եբրայերեն Աստվածաշունչը ուսանողի համար անսովոր և անծանոթ այբուբենով էր գրված, և երկրորդ՝ նախածանցների ու վերջածանցների պատճառով նրա համար դժվար էր հասկանալ, թե որն է բառի արմատը։ Օրինակ՝ նկատի առնենք եբրայերեն נפשׁ բառը (տառադարձվում է նեֆեշ), որը նշանակում է «հոգի»։ Եզեկիել 18։4-ում այդ բառին նախորդում է ה (հա) նախածանցը, որը որոշիչ հոդի դեր է կատարում և կազմում է הנפשׁ (հաննեֆեշ), այսինքն՝ «հոգին» բաղադրյալ բառը։ Անփորձ աչքի համար הנפשׁ (հաննեֆեշ) և נפשׁ (նեֆեշ) բառերը կարող էին բոլորովին տարբեր թվալ։
Ուսանողներին օգնելու համար Հատերը մի հետաքրքիր հնարք գործի դրեց. եբրայերեն տառերի համար նա գործածեց հոծ և ուրվագծային տառատեսակներ։ Յուրաքանչյուր բառի արմատը Հատերը գրում էր հոծ տառերով, իսկ նախածանցներն ու վերջածանցները՝ ուրվագծային տառերով։ Այս պարզ հնարքի շնորհիվ ուսանողների համար հեշտ էր որոշել, թե որն է եբրայերեն բառի * Տառադարձված արմատը գրված է թավատառերով, իսկ նախածանցներն ու վերջածանցները՝ տառատեսակի սովորական ոճով։ Նկարների ընդգծված հատվածները ցույց են տալիս, թե Հատերի եբրայերեն Աստվածաշնչում՝ Եզեկիել 18։4-ում, ինչ տառատեսակ է գործածվել, և որ այդ տառատեսակով է գրվել նաև «Ծանոթագրություններով Աստվածաշնչի» (անգլ.) նույն համարի ծանոթագրությունը։
արմատը, ինչը կօգներ նրանց այդ լեզուն սովորելու պրոցեսում։ Այդպիսի հնարք գործածված է նաև «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» ծանոթագրություններով հրատարակության ծանոթագրություններում։«ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ» ԵԲՐԱՅԵՐԵՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հատերը տպագրեց նաև Նոր Կտակարանը, որի տեքստը ներկայացված է 12 լեզուներով։ Այս հրատարակությունը լույս տեսավ Նյուրնբերգում 1599 թ.- ին։ Հաճախ այն կոչում են «Նյուրնբերգյան բազմալեզու Նոր Կտակարան»։ Հատերը ցանկանում էր դրա մեջ ընդգրկել նաև Քրիստոնեական Հունարեն Գրությունների եբրայերեն թարգմանությունը, բայց ասաց, որ նույնիսկ եթե «մի ամբողջ կարողություն տար» եբրայերեն թարգմանություն գտնելու համար, միևնույնն է, դա իրեն չէր հաջողվի։ * Այդ պատճառով նա որոշեց Նոր Կտակարանը հունարենից թարգմանել եբրայերեն։ Իր բոլոր ձեռնարկումները մի կողմ դնելով՝ Հատերը թարգմանչական այդ ողջ նախագիծն ավարտեց ընդամենը մեկ տարում։
Ինչպիսի՞ն էր Հատերի՝ Քրիստոնեական Հունարեն Գրությունների եբրայերեն թարգմանությունը։ 19-րդ դարի նշանավոր եբրայագետ Ֆրանց Դելիչը գրել է. «[Հատերի] եբրայերեն թարգմանությունը երևան է բերում լեզվի այնպիսի իմացություն, որը հազվագյուտ բան էր քրիստոնյաների շրջանում, և այդ թարգմանությունից հիմա էլ արժե օգտվել, քանի որ նրան ապշեցուցիչ կերպով հաջողվել է ընտրել ճշգրիտ և դիպուկ արտահայտություններ»։
ԵՐԿԱՐԱՏԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
Հատերը չհարստացավ իր թարգմանչական աշխատանքի շնորհիվ. ակներևաբար նրա հրատարակությունները լավ չէին վաճառվում։ Այնուամենայնիվ, նրա աշխատանքը կարևոր և երկարատև ազդեցություն ունեցավ։ Օրինակ՝ նրա եբրայերեն Նոր Կտակարանը վերանայվեց ու կրկին տպագրվեց 1661 թ.-ին Ուիլյամ Ռոբերտսոնի կողմից և ապա՝ 1798 թ.-ին Ռիչարդ Քադիկի կողմից։ Հունարենից թարգմանելիս Հատերը Կիրիոս (Տեր) և Թեոս (Աստված) տիտղոսները տեղին թարգմանել էր «Եհովա» (יהוה, ՅՀՎՀ) այն տեղերում, որտեղ տեքստը մեջբերվում էր Եբրայերեն Գրություններից, կամ որտեղ նա կարծում էր, որ խոսքը Եհովայի մասին է։ Դա հետաքրքիր է, քանի որ թեև Նոր Կտակարանի շատ թարգմանություններում Աստծու անձնանունը գործածված չէ, Հատերի թարգմանությունում այդ անունը գործածված է, և դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Քրիստոնեական Հունարեն Գրություններում Աստծու անունը վերականգնելը ճիշտ է։
Ուստի երբ հաջորդ անգամ Քրիստոնեական Հունարեն Գրություններում տեսնեք Աստծու անունը՝ Եհովա, կամ «Ծանոթագրություններով Աստվածաշնչում» որևէ ծանոթագրություն կարդաք, հիշեք Էլիաս Հատերի կատարած աշխատանքը և նրա առանձնահատուկ եբրայերեն Աստվածաշնչերը։
^ պարբ. 7 «Ծանոթագրություններով Աստվածաշնչում» տես Եզեկիել 18։4-ի երկրորդ ծանոթագրությունը և Հավելված 3B-ն (անգլ.)։
^ պարբ. 9 Ակներևաբար նախկինում որոշ աստվածաշնչագետներ Նոր Կտակարանը թարգմանել էին եբրայերեն։ Նրանցից մեկը բյուզանդացի վանական Սիմոն Աթումանոսն էր, որն իր թարգմանությունը արել էր մոտ 1360 թ.-ին։ Մեկ ուրիշը գերմանացի աստվածաշնչագետ Օսվալդ Շրեքենֆուքսն էր, որն իր թարգմանությունը արել էր մոտ 1565 թ.-ին։ Սակայն այդ թարգմանությունները երբեք չեն հրատարակվել և այժմ կորած են։