Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԿՅԱՆՔԻ ՈՒ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Ինչ է ասում Աստվածաշունչը կյանքի ու մահվան մասին

Ինչ է ասում Աստվածաշունչը կյանքի ու մահվան մասին

Աստվածաշնչի «Ծննդոց» գրքում կարդալով արարչագործության պատմությունը՝ տեսնում ենք, որ Աստված առաջին մարդուն՝ Ադամին, ասել էր. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես։ Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես» (Ծննդոց 2։16, 17)։ Այս խոսքերը հստակ ցույց են տալիս, որ եթե Ադամը հնազանդվեր Աստծու պատվերին, չէր մահանա և կշարունակեր ապրել Եդեմի պարտեզում։

Ցավոք, Ադամը, փոխանակ հնազանդվեր Աստծուն և ապրեր հավիտյան, արհամարհեց Աստծու տված պատվերը և կերավ արգելված պտուղը, որն իր կինը՝ Եվան, տվեց իրեն (Ծննդոց 3։1–6)։ Մինչ օրս ողջ մարդկությունը կրում է նրանց անհնազանդության հետևանքները։ Պողոս առաքյալը այդ հետևանքների մասին գրել է. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմեացիներ 5։12)։ Այդ «մեկ մարդը», ինչ խոսք, Ադամն էր։ Բայց ի՞նչ էր մեղքը, որի մասին նշվեց այս համարում, և ինչո՞ւ է այն տանում մահվան։

Մեղքն այն էր, ինչ արեց Ադամը. նա գիտակցաբար չհնազանդվեց Աստծուն և խախտեց նրա օրենքը (1 Հովհաննես 3։4)։ Իսկ մեղքի պատիժը մահն էր, ինչպես որ Աստված ասել էր Ադամին։ Եթե Ադամը, ինչպեսև նրա ապագա սերունդները հնազանդվեին Աստծու տված պատվերին, նրանք ոչ մի մեղք չէին ունենա և երբեք մահ չէին ճաշակի։ Աստված մարդկանց ստեղծել էր ոչ թե նրա համար, որ նրանք ի վերջո մահանային, այլ որ ապրեին հավիտյան։

Անվիճելի փաստ է այն, որ մահը տարածվել է «բոլոր մարդկանց վրա», ինչպես որ նշված է Աստվածաշնչում։ Բայց արդյոք մարդու մեջ եղող ինչ-որ բան շարունակո՞ւմ է ապրել նրա մահից հետո։ Շատերը գուցե ասեն՝ այո՛, մեր մեջ եղող մի բան՝ այսպես ասած, հոգին, անմահ է։ Բայց այդպես մտածելը, ըստ էության, նույնն է, թե ասենք, որ Աստված խաբել է Ադամին։ Ինչո՞ւ ենք այսպես ասում։ Որովհետև եթե մարդու մեջ եղող ինչ-որ բան նրա մահից հետո շարունակեր ապրել ուրիշ ոլորտում, այդ դեպքում մահը չէր լինի պատիժ մեղքի դիմաց, այսինքն՝ Աստծու ասածը սուտ դուրս կգար։ Բայց Աստվածաշնչում ասվում է. «Անհնար է, որ Աստված սուտ խոսի» (Եբրայեցիներ 6։18)։ Իրականում, Սատանան էր, որ սուտ խոսեց, երբ Եվային ասաց. «Դուք, անշուշտ, չեք մեռնի» (Ծննդոց 3։4

Փաստորեն, հոգու անմահության գաղափարը հիմնված է ստի վրա։ Բայց հարց է առաջանում. այդ դեպքում ի՞նչ է իրականում տեղի ունենում մահից հետո։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԱՌԵՂԾՎԱԾԸ

«Ծննդոց» գրքում, որը պատմում է արարչագործության մասին, կարդում ենք. «Եհովա Աստված մարդուն ստեղծեց հողի փոշուց ու նրա քթանցքների մեջ կյանքի շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի դարձավ»։ «Կենդանի հոգի» արտահայտությունը թարգմանված է եբրայերեն «նեֆեշ» * բառից, որը բառացի նշանակում է «շնչող արարած» (Ծննդոց 2։7

Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ մարդը ոչ թե ունի հոգի, որն անմահ է, այլ որ յուրաքանչյուր անհատ «կենդանի հոգի» է, այսինքն՝ կենդանի էակ։ Ահա թե ինչու, որքան էլ փնտրեք, Աստվածաշնչում ոչ մի տեղ չեք գտնի «անմահ հոգի» արտահայտությունը։

Բայց եթե Աստվածաշնչում չի ասվում, թե մարդիկ, այսպես կոչված, անմահ հոգի ունեն, այդ դեպքում ինչո՞ւ են բազմաթիվ կրոններ հակառակը ուսուցանում։ Պատասխանը գտնելու համար պետք է հետ պտտենք պատմության անիվը և գնանք Հին Եգիպտոս։

ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ ԼԱՅՆՈՐԵՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է

Մ. թ. ա. հինգերորդ դարի հույն պատմիչ Հերոդոտոսը գրել է, որ եգիպտացիները «առաջին ժողովուրդն էին, որ պաշտպանում էին հոգու անմահության գաղափարը»։ Մեկ այլ հին ժողովուրդ՝ բաբելոնացիները, նույնպես հավատում էին անմահ հոգու գաղափարին։ Իսկ երբ Ալեքսանդր Մեծը մ. թ. ա. 332 թ.-ին նվաճեց Մերձավոր Արևելքը, այդ ուսմունքը, որը հույն փիլիսոփաների շնորհիվ սկսել էր մեծ ժողովրդականություն վայելել, շատ շուտով տարածվեց ողջ Հունական կայսրությունում։

Աստվածաշնչում ոչ մի տեղ չեք գտնի «անմահ հոգի» արտահայտությունը

Մ. թ. առաջին դարում հրեական երկու նշանավոր աղանդներ՝ եսենները և փարիսեցիները, սովորեցնում էին, որ մարմինը մահանում է, բայց հոգին շարունակում է ապրել։ «Հրեական հանրագիտարանում» ասվում է. «Հրեաները հոգու անմահության գաղափարը որդեգրեցին՝ առնչվելով հունական մտածողության և գլխավորաբար Պլատոնի փիլիսոփայության հետ» (The Jewish Encyclopedia)։ Առաջին դարի հրեա պատմիչ Հովսեպոսը նույնպես այն կարծիքին էր, որ այդ ուսմունքը վերցվել է ոչ թե Աստվածաշնչից, այլ «հունաց որդիների հավատալիքներից», որոնք նա համարում էր առասպելաբանների կողմից հորինված պատմությունների հավաքածու։

Երբ հունական մշակույթը սկսեց ավելի լայն տարածում գտնել, կեղծ քրիստոնյաները նույնպես ընդունեցին այդ հեթանոսական ուսմունքը։ Պատմաբան Յոնա Լենդերինգը նշում է, որ «Պլատոնի առաջ քաշած վարկածն այն մասին, թե հոգին, որն այժմ ապրում է նվաստ աշխարհում, մի ժամանակ եղել է ավելի լավ վայրում, նպաստեց պլատոնական փիլիսոփայության և քրիստոնեական ուսմունքների միախառնմանը»։ Այդպիսով անմահ հոգու մասին հեթանոսական ուսմունքը ներծծվեց քրիստոնեական եկեղեցու դավանաբանության մեջ և դարձավ նրա հիմնական հավատալիքներից մեկը։

«ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶԱՏԻ ՁԵԶ»

Առաջին դարում Պողոս առաքյալը հետևյալ նախազգուշացումը տվեց. «Ներշնչյալ խոսքերը հստակ ասում են, որ ապագայում կգան ժամանակներ, երբ ոմանք կհեռանան հավատից՝ ուշադրություն դարձնելով մոլորեցուցիչ ներշնչյալ խոսքերին և դևերի ուսմունքներին» (1 Տիմոթեոս 4։1)։ Որքա՜ն ճշմարիտ էին այս խոսքերը։ Հոգու անմահության գաղափարը «դևերի ուսմունքներից» մեկն է։ Այդ գաղափարը չունի աստվածաշնչյան որևէ հիմք, և դրա արմատները գալիս են հին հեթանոսական կրոններից և փիլիսոփայությունից։

Հիսուսը այսպիսի մխիթարական միտք է ասել. «Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32)։ Աստվածաշնչում պարունակվող ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանալով՝ կարող ենք ազատվել Աստծուն անարգանք բերող ուսմունքներից ու սովորույթներից, որոնք դավանում և ուսուցանում են աշխարհի շատ կրոններ։ Աստծու Խոսքում գտնվող ճշմարտությունը նաև կարող է ազատել մեզ մահվան հետ կապված բազմաթիվ կեղծ ավանդույթների ու նախապաշարմունքների կապանքներից (տես « Որտե՞ղ են գտնվում մահացածները» շրջանակը)։

Մեր Արարչի նպատակն այն չէր, որ մենք երկրի վրա ապրենք ընդամենը 70–80 տարի և հետո տեղափոխվենք այլ ոլորտ՝ այնտեղ հավիտյան ապրելու համար։ Ի սկզբանե նրա նպատակը մարդկանց առնչությամբ եղել է այն, որ նրանք, սիրող երեխաների պես հնազանդվելով իրեն, հավիտյան ապրեն հենց այստեղ՝ երկրի վրա։ Այդպիսի հրաշալի նպատակ դնելով՝ Աստված իր սերն է դրսևորել մարդկության հանդեպ, և նրա ծրագիրը երբեք չի խափանվի (Մաղաքիա 3։6)։ Դա են հաստատում նաև սաղմոսերգուի հետևյալ խոսքերը, որոնք նա գրել է Աստծու ներշնչմամբ. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29

 

^ պարբ. 9 Աստվածաշնչի որոշ թարգմանություններում, ինչպես, օրինակ, «Արարատ» թարգմանության մեջ նեֆեշ բառը թարգմանվել է «կենդանի հոգի», իսկ, օրինակ, «Էջմիածին» թարգմանության մեջ՝ «կենդանի էակ»։