Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ արժե ապրել Աստվածաշնչի չափանիշներով

Ինչո՞ւ արժե ապրել Աստվածաշնչի չափանիշներով

Երիտասարդները հարցնում են...

Ինչո՞ւ արժե ապրել Աստվածաշնչի չափանիշներով

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ, որ դու դպրոցի ճաշարանում երկու աղջիկների հետ ճաշում ես։ Նրանցից մեկը ուշադիր նայում է մի նոր տղայի։

«Գիտե՞ս, նա իրոք հավանում է քեզ,— ասում է առաջին աղջիկը,— ես նույնիսկ կասեի, որ նա աչք չի կտրում քեզնից։ Նա սիրահարված աչքերով քեզ է նայում»։

«Եվ գիտե՞ս ինչ,— շշնջում է երկրորդ աղջիկը՝ թեքվելով դեպի քեզ,— նա ազատ է»։

«Ափսո՜ս, ես ազատ չեմ,— ասում է առաջին աղջիկը,— մեկ րոպե նույնիսկ չէի հապաղի նրան տիրանալու համար»։

Այնուհետև առաջին աղջիկն ասում է այն, ինչ քեզ միշտ տհաճ է լսել։

«Ինչո՞ւ ընկեր չունես»։

Դու սպասում էիր այդ հարցին։ Իրականում դու կցանկանայիր ընկեր ունենալ։ Սակայն քեզ ասել են, որ նախքան ինչ–որ մեկի հետ ժամադրվելը լավ կլինի սպասես, մինչև որ պատրաստ լինես ամուսնանալու։ Գուցե պատճառը...

«Կրոնդ է պատճառը, չէ՞»,— ասում է երկրորդ աղջիկը։

«Ի՞նչ է, մտքե՞րս է կարդում»,— մտածում ես դու։

«Դու միշտ ասում ես՝ Աստվածաշունչը, Աստվածաշունչը, Աստվածաշունչը,— ծաղրանքով ասում է առաջին աղջիկը,— ինչո՞ւ չես կարող երբեմն մի քիչ զվարճանալ»։

Երբևէ հայտնվե՞լ ես նման իրավիճակում, երբ քեզ ծաղրել են այն բանի համար, որ դու փորձում ես ապրել Աստվածաշնչի չափանիշներով։ Ինչպե՞ս ես արձագանքել։

◼ Դու համարձակորեն պաշտպանել ես քո համոզմունքները։

◼ Անհարմար ես զգացել, սակայն բացատրել ես քո հավատալիքները, որքան կարողացել ես։

◼ Դու մտածել ես, որ քո դասընկերները ճիշտ էին. դու ինչ–որ լավ բան ես կորցրել։

Երբևէ մտածե՞լ ես, թե արժե արդյոք ապրել Աստվածաշնչի չափանիշներով։ Դեբորա անունով մի երիտասարդ աղջիկ մտածում էր այդ մասին *։ «Իմ հասակակիցները կարող էին անել այն, ինչ ուզում էին,— ասում է նա,— կարծես նրանք հաշվետու չէին ոչ ոքի։ Աստվածաշնչի չափանիշները ասես սահմանափակող էին։ Իմ դասընկերների ազատ ապրելակերպը գրավիչ էր ինձ համար»։

Սխա՞լ է կասկածներ ունենալը

Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Ասափը, իր կյանքում մի պահ մտածեց, թե արդյոք արժե ապրել Աստծուն հաճելի կյանքով։ «Նախանձով լցուեցայ հպարտների վերայ՝ ամբարիշտների խաղաղութիւնը տեսնելիս»,— գրեց նա։ Նա նույնիսկ ասաց. «Իրաւի որ իմ սիրտն զուր տեղն եմ սրբում եւ իմ ձեռքերը սրբութիւնով լուանում» (Սաղմոս 73։3, 13

Հստակ է, որ Եհովա Աստված հասկանում է, որ ժամանակ առ ժամանակ մարդիկ գուցե կասկածեն, թե արժե արդյոք ապրել Աստծու չափանիշներով։ Նա նույնիսկ հոգ տարավ, որ Ասափի մտքերը արձանագրվեն Աստվածաշնչում։ Վերջնական արդյունքում Ասափը հասկացավ, որ Աստծու օրենքներով ապրելը կյանքի լավագույն ուղին է (Սաղմոս 73։28)։ Ինչպե՞ս նա եկավ նման եզրակացության։ Ասափը իմաստուն մարդ էր։ Նա այդպիսի եզրակացության եկավ ոչ թե անձամբ ինչ–որ չարիքի մեջ ընկնելով, այլ ուրիշների սխալներից դասեր քաղելով (Սաղմոս 73։16–19)։ Իսկ դու կարո՞ղ ես նույն կերպ վարվել։

Նայիր իրականության աչքերին

Հակառակ Ասափին՝ Դավիթ թագավորը իր դառը փորձից հասկացավ, որ նրանք, ովքեր արհամարհում են Աստծու չափանիշները, մեծ ցավեր են կրում։ Դավիթը շնություն գործեց իր ծառաներից մեկի կնոջ հետ, որից հետո փորձեց թաքցնել իր արարքները։ Հետևանքը եղավ այն, որ նա ցավ պատճառեց ուրիշներին, այդ թվում նաև Աստծուն և ծանր ապրումների մեջ ընկավ (Բ Թագաւորաց 11։1–12։23)։ Երբ Դավիթը զղջաց, Եհովան ներշնչեց նրան, որ իր զգացումները շարադրի երգի մեջ և հոգ տարավ, որ այդ խոսքերը մնան Աստվածաշնչում մեր օգտի համար (Սաղմոս 51։1–19; Հռոմեացիներ 15։4)։ Ուստի ուրիշների սխալներից սովորելը թե՛ իմաստուն է, թե՛ ներդաշնակ է Աստվածաշնչին։

Որպեսզի կարողանաս ընդօրինակել Ասափին և խուսափես Դավթի գործած սխալներից, քննենք տարբեր երկրներից մի քանի երիտասարդների խոսքերը, ովքեր մի պահ մերժել են Աստվածաշնչի չափանիշները։ Նրանք մինչամուսնական սեռական հարաբերություն են ունեցել։ Դավթի նման՝ նրանք զղջացել են իրենց մեղքերի համար և դարձյալ բարի անուն են ձեռք բերել Աստծու առաջ (Եսայիա 1։18; 55։7)։ Տեսնենք, թե ինչ են ասում նրանք։

«Արթնացե՛ք» — Ի՞նչ գործոններ են ազդել ձեր մտածելակերպի և գործերի վրա։

Դեբորա — «Ես տեսնում էի, որ դպրոցում բոլորը ընկեր ունեին, և կարծես նրանք երջանիկ էին։ Երբ նրանց հետ ժամանակ էի անցկացնում և տեսնում էի, որ նրանք համբուրվում ու գրկախառնվում էին, նախանձով էի լցվում և ինձ միայնակ զգում։ Հաճախ թույլ էի տալիս ինձ ժամերով երազել մի տղայի մասին, որին հավանում էի։ Դա մեծացրեց իմ ցանկությունը լինելու նրա հետ և ամեն գնով հասնելու դրան»։

Մայք — «Ես կարդում էի այնպիսի նյութեր և դիտում էի այնպիսի հաղորդումներ, որոնցում փառաբանվում էին սեռական հարաբերությունները։ Ընկերներիս հետ սեքսի մասին խոսելն ավելի էր գրգռում հետաքրքրությունս։ Եվ երբ ընկերուհուս հետ մենակ էի լինում, մտածում էի, որ կարող եմ ֆիզիկական հպումներ թույլ տալ՝ առանց սեռական հարաբերություն ունենալու, և ցանկացած պահի կանգ առնել»։

Էնդրյու — «Ես սովորություն ունեի պոռնկագրություն դիտել Ինտերնետում։ Սկսեցի շատ ալկոհոլ օգտագործել։ Եվ մասնակցում էի հավաքույթների այնպիսի երիտասարդների հետ, որոնք գրեթե չէին հարգում Աստվածաշնչի բարոյական չափանիշները»։

Թրեյսի — «Երբ 16 տարեկան էի, ինձ համար ամենակարևոր բանը ընկերոջս հետ լինելն էր։ Ես գիտեի, որ մինչամուսնական սեռական հարաբերություններ ունենալը սխալ է, բայց չէի ատում դա։ Ես չէի պատրաստվում սեռական հարաբերություն ունենալ մինչ ամուսնությունը, սակայն զգացմունքներս իշխեցին իմ մտքերի վրա։ Մի որոշ ժամանակ խիղճս անզգայացած էր և մեղքի որևէ զգացում չէի ունենում»։

«Արթնացե՛ք» — Ձեր ապրելակերպը ուրախություն պատճառո՞ւմ էր ձեզ։

Դեբորա — «Սկզբում ես ազատության հաճելի և ուժգին զգացում ունեի և ուրախ էի, որ ի վերջո հասակակիցներիս նման եմ։ Սակայն այդ զգացումները շուտ անցան։ Ես սկսեցի ինձ պղծված զգալ, մաքրությունս կորցրած և դատարկության զգացումով լցված։ Շատ էի ափսոսում, որ կորցրել էի կուսությունս, մի բան, որն այլևս չէի կարող հետ բերել։ Այդ ժամանակից սկսած՝ հաճախ այսպիսի հարցեր էի տալիս՝ «ի՞նչ է, ես բացառությո՞ւն էի. ինչո՞ւ, ինչո՞ւ ես արհամարհեցի Եհովայի սիրալիր չափանիշները»»։

Մայք — «Կարծես ինչ–որ բան կոտրվել էր իմ մեջ։ Փորձում էի անտեսել այն, թե ինչ ազդեցություն էին թողնում ուրիշների վրա իմ արարքները, բայց չէի կարողանում։ Ես ցավ էի զգում՝ գիտակցելով, որ սեփական հաճույքները փնտրելը ուրիշներին ցավ է պատճառում։ Քունս կորցրել էի։ Ի վերջո անօրինական սեռական հարաբերությունների բերած հաճույքը վերացավ, և իմ մտքի վրա սկսեցին իշխել ցավի ու ամոթի զգացումները»։

Էնդրյու — «Գնալով ավելի հեշտ էր ինձ համար դառնում սխալ ցանկություններս բավարարելը։ Բայց միևնույն ժամանակ մեղավորության զգացումը պատել էր ինձ, և ինքս ինձնից հիասթափվել էի»։

Թրեյսի — «Շատ շուտով բախվեցի դառը իրականությանը։ Անբարոյությունը կործանեց իմ երիտասարդությունը։ Կարծում էի, թե ես ու ընկերս երջանիկ կլինենք։ Բայց այդպես չեղավ։ Մենք միայն ցավ, տառապանք ու վիշտ պատճառեցինք միմյանց։ Ես ամեն գիշեր հեկեկում էի անկողնուս մեջ և մտածում էի, որ երանի թե ամեն բան Եհովայի կամքի պես արած լինեի»։

«Արթնացե՛ք» — Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնց հետաքրքրում է, թե արդյոք Աստվածաշնչի բարոյական չափանիշները սահմանափակո՞ղ են։

Դեբորա — «Քո կյանքը ավելի լավը չի դառնա, եթե անտեսես Աստվածաշնչի չափանիշները։ Մտածիր, թե ինչ կզգա Եհովան, եթե հետևես նրա խորհուրդներին։ Եվ լրջորեն խորհրդածիր այն մասին, թե ինչ հետևանքներ կունենա Աստծու խորհուրդներին չհետևելը։ Հիշիր, որ կարևորը միայն դու և քո ցանկությունները չեն։ Քո գործերը անդրադառնում են ուրիշների վրա։ Եվ եթե արհամարհես Աստծու խորհուրդները, ինքդ քեզ կվնասես»։

Մայք — «Ճիշտ է, առաջին հայացքից՝ քո հասակակիցների ապրելակերպը գուցե գրավիչ թվա։ Սակայն ինչ–որ քայլ կատարելուց առաջ ավելի խորը նայիր հարցին։ Եհովայի տված ամենաարժեքավոր պարգևների թվում են քո արժանապատվության զգացումը և մաքրությունը։ Եթե այդ պարգևները դեն նետես միայն այն պատճառով, որ չես կարող տիրապետել ինքդ քեզ, կնշանակի, որ դու գցում ես քո արժեքը։ Խնդիրներիդ մասին խոսիր ծնողներիդ և ուրիշ հասուն քրիստոնյաների հետ։ Սխալ գործելիս առանց վարանելու անկեղծորեն խոսիր այդ մասին և ուղղիր սխալդ։ Եթե ապրես Եհովային հաճելի ձևով, ապա իրական խաղաղություն ձեռք կբերես»։

Էնդրյու — «Քանի որ անփորձ ես, մտածում ես, թե հասակակիցներիդ ապրելակերպը գրավիչ է։ Նրանց հայացքները կազդեն քեզ վրա։ Ուստի իմաստուն ձևով ընկերներ ընտրիր։ Վստահիր Եհովային և պաշտպանված կլինես շատ ցավերից»։

Թրեյսի — «Մի մտածիր՝ «այդպիսի բան ինձ չի պատահի»։ Մայրս նստեցրեց ինձ իր կողքին ու պարզ ասաց, որ իմ բռնած ուղին լավ ավարտ չի ունենա։ Ես այնքա՜ն վիրավորված էի։ Կարծում էի, որ բավական իմաստուն և փորձառու էի։ Բայց սխալվում էի։ Ապրիր Եհովայի չափանիշներով և ընկերակցիր նրանց հետ, ովքեր նույն ապրելակերպն ունեն։ Այդպես դու ավելի երջանիկ կլինես»։

Աստվածաշնչի չափանիշները «զսպաշապի՞կ» են, թե՞ «ամրագոտի»

Եթե քո հասակակիցները ծաղրում են քեզ այն բանի համար, որ փորձում ես ապրել Աստվածաշնչի չափանիշներով, հետևյալ հարցերը տուր քեզ. «Ինչո՞ւ նրանք չեն ցանկանում ապրել Աստվածաշնչի բարոյական չափանիշներով։ Արդյոք կարդացե՞լ են Աստվածաշունչը և իրենց վրա զգացե՞լ են, թե Աստծու օրենքներին հնազանդվելը ինչ օգուտներ է բերում։ Լրջորեն խորհրդածե՞լ են այդ չափանիշներն անտեսելու հետևանքների շուրջ։ Գուցե պարզապես անում են այն, ինչ բոլո՞րն են անում»։

Հավանաբար, գիտես այնպիսի մարդկանց, ովքեր միայն «բազմությանն են հետևում» (Ելից 23։2)։ Մի՞թե չես ուզում ավելի լավ ուղի բռնել։ Իսկ ինչպե՞ս կարող ես անել դա։ Հետևելով Աստվածաշնչի խորհրդին, որ «հավաստիանաս, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմեացիներ 12։2)։ Եհովան «երջանիկ Աստված» է և ուզում է, որ դու նույնպես երջանիկ լինես (1 Տիմոթեոս 1։11; Ժողովող 11։9)։ Աստվածաշնչի չափանիշները քո օգտին են ծառայում։ Ճիշտ է, դու գուցե դրանք «զսպաշապիկ» համարես, որը սահմանափակում է քո ազատությունը։ Սակայն իրականում Աստվածաշնչի բարոյական չափանիշները ավելի շատ նման են ամրագոտու, որն ուղևորին պաշտպանում է վնասվելուց։

Անշուշտ, դու կարող ես վստահել Աստվածաշնչին։ Եթե որոշես ապրել նրա չափանիշներով, դու ոչ միայն կուրախացնես Եհովային, այլև ինքդ օգուտներ կստանաս (Եսայիա 48։17

«Երիտասարդները հարցնում են...» խորագրից ավելի շատ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org/ypa վեբ կայքում

[Ծանոթագրություն]

^ պարբ. 17 Այս հոդվածում անունները փոխված են։

ՄՏԱԾԻ՛Ր

Ի՞նչը կարող է խանգարել քեզ ապրելու Աստվածաշնչի չափանիշներով։

Ինչո՞ւ պետք է համոզվես, որ Աստծու չափանիշներով ապրելը կյանքի լավագույն ուղին է։