Աստվածաշնչի տեսակետը
Աստղերն ազդո՞ւմ են կյանքիդ վրա
Արդյոք նա սիրո՞ւմ է ինձ
Արժե՞ այսօր թռնել
Ինձ կընդունե՞ն աշխատանքի
ՆՄԱՆԱՏԻՊ հարցերին պատասխանելու համար շատերը դիմում են աստղագուշակությանը *։ Բայց իսկապե՞ս աստղերն ազդում են կյանքիդ վրա։ Կարո՞ղ են դրանք օգնել քեզ իմանալու ապագադ կամ ճանաչելու ինքդ քեզ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։
Կարո՞ղ են աստղերը ազդել մեր ապագայի վրա
Որոշ մարդիկ մտածում են, որ մենք չենք կարող փախչել ճակատագրից։ Ըստ նրանց՝ ապագան արդեն գրի է առնվել, և աստղերը կարող են հայտնել այն։ Սակայն Աստվածաշունչն ուրիշ բան է ասում։ Այն ասում է, որ Աստված մարդկանց ընտրության հնարավորություն է տալիս, ինչը նշանակում է, որ այն, ինչ տեղի է ունենում իրենց հետ, որոշ չափով իրենց վերահսկողության տակ է։ Օրինակ՝ Աստված իսրայելացիներին ասաց. «Կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը» (2 Օրենք 30։19)։
Այդ խոսքերով Եհովա Աստված պարզ ցույց տվեց իր ժողովրդին, որ իրենց ապագան մեծ մասամբ իրենց վերահսկողության տակ է։ Եթե նրանք հնազանվեին նրա պատվերներին, օրհնություններ կստանային, իսկ եթե ոչ, դժվարությունների կբախվեին։
Նկատի առ հետևյալը։ Եթե յուրաքանչյուր իսրայելացու ապագան արդեն որոշված լիներ աստղերով, իմաստ կունենա՞ր Աստծու հորդորը՝ կյանքը ընտրել։ Աստծու կողմից արդար կլինե՞ր հաշիվ պահանջել նրանցից այն գործերի համար, որոնք նրանք չէին կարող վերահսկել։
Պարզ է, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը. մեր կյանքի ընթացքը կախված է մեր կատարած ընտրություններից և ոչ թե աստղերից (Գաղատացիներ 6։7)։
Կարո՞ղ են աստղերը ազդել մեր էության վրա
Աստղագուշակներից շատերը կարևորություն չեն տալիս նախասահմանությանը։ «Մենք վերահսկում ենք մեր ճատակատագիրը,— պնդում է մեկը, բայց ավելացնում է,— սակայն մեր ծննդյան ժամանակը ազդում է այն բանի վրա, թե ինչպիսի անձնավորություն ենք լինելու»։ Շատերը նույն կարծիքն ունեն։ Նրանք այսպես են մտածում. «Եթե աստղերն ու մոլորակները ֆիզիկական ազդեցություն գործում են մեր երկրի վրա, ուրեմն կարող են նաև գերբնական ազդեցություն ունենալ մեզ վրա»։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։
Թեև Աստվածաշունչը գիտական ձեռնարկ չէ, որը հայտնում է ամեն մանրամասնություն մարդու մարմնի ու տիեզերքի մասին, սակայն ասում է, թե Եհովան ինչ նպատակով է ստեղծել երկնային մարմինները։ Ծննդոց 1։14, 15-ում գրված է. «Աստված ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածությունում, որպեսզի ցերեկն ու գիշերը բաժանեն իրարից և ծառայեն որպես նշան ու ցույց տան տարվա եղանակները.... Թող դրանք.... երկիրը լուսավորեն»»։
Նկատի առ հետևյալը։ Եթե Աստված այնպես ստեղծեր աստղերը, որ նրանք ազդեին մեր էության վրա, մի՞թե նա չէր ասի մեզ այդ մասին։
Ի՞նչ կարող ենք եզրակացնել։ Աստղերը արարել է Աստված, բայց դրանք չեն ազդում մեր էության վրա։
Առաջնորդության ավելի լավ աղբյուր
Գովելի է, որ ցանկանում ենք իմանալ մեր ապագան կամ հասկանալ ինքներս մեզ։ Բայց աստղերից ավելի հուսալի աղբյուր կա։
Աստվածաշունչը հայտնում է, որ Եհովա Աստված «ամենասկզբից ասում է այն, ինչ լինելու է վերջում» (Եսայիա 46։10)։ Նա նպատակ ունի, որը հաջողությամբ իրագործելու է (Եսայիա 55։10, 11)։ Աստվածաշունչն ընթերցելով՝ կարող ենք իմանալ, թե որն է Աստծու նպատակը։ Այս հինավուրց գիրքը նաև բացատրում է, թե ինչու ենք մենք տառապում և թե Աստված ինչպես է վերջ դնելու մարդկանց տառապանքներին * (2 Պետրոս 3։13; Հայտնություն 21։1–4)։
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարող ենք ճանաչել ինքներս մեզ ու բարեփոխվել, Աստվածաշունչը լավագույն առաջնորդությունն է տալիս։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ այն ընթերցելու շնորհիվ կարողանում ենք ազնվորեն նայել մեզ։ Սուրբ Գիրքն ասում է, որ Եհովան «ողորմած», «բարկանալու մեջ դանդաղ» և «ներելու պատրաստ» Աստված է (Ելք 34։6; Սաղմոս 86։5)։ Իսկ մե՞նք։ Աստվածաշունչը կարող է ջրի երես հանել մեր սխալ մտածելակերպը և օգնել տեսնելու, թե որ հարցում կարող ենք բարելավվել։
Փաստորեն, կարիք չկա, որ մենք աստղերին դիմենք մեր ապագայի մասին իմանալու կամ ինքներս մեզ ճանաչելու համար։ Ավելի լավ է առաջնորդության համար դիմել Աստվածաշնչին, որը «ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու» համար (2 Տիմոթեոս 3։16, 17)։
^ պարբ. 6 Աստղագուշակությունը ուսումնասիրում է արևի, լուսնի, մոլորակների և աստղերի ազդեցությունը մեր կյանքի վրա։ Ըստ դրա՝ այդ երկնային մարմինները կարող են օգնել հասկանալու ինքներս մեզ։
^ պարբ. 19 Աստծու նպատակի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։