ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ
Ովքե՞ր են Եհովայի վկաները
«Մայքը Եհովայի վկա է։ Երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ նրան։ Բայց միշտ կասկածանքով եմ վերաբերվել նրա կրոնին։ Ո՞վ է Եհովան։ Ինչո՞ւ Վկաները տոներ չեն նշում։ Գուցե դա ինչ-որ տարօրինակ աղա՞նդ է» (Բեկի, Կալիֆորնիա, ԱՄՆ)։
«Երբ իմ հարևանները սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ, իմ մեջ հարց առաջացավ. «Ի՞նչ է նշանակում այդ անունը՝ «Եհովայի վկաներ»»։ Մտածում էի, որ կրոնի համար դա շատ արտասովոր անուն է» (Զենոն, Օնտարիո, Կանադա)։
«Ես ու կինս մտածում էինք, որ Եհովայի վկաները ցանկանում են մեզ ներքաշել իրենց կրոնի մեջ՝ օգտվելով մեր մեղավորության զգացումից, որ ունեինք եկեղեցի չհաճախելու պատճառով։ Մենք նաև մտածում էինք, որ եթե ավանդական եկեղեցիները չեն կարողացել մեզ հուզող հարցերի պատասխանները տալ, ապա Եհովայի վկաների տարօրինակ կրոնը առավել ևս չի կարող» (Քենտ, Վաշինգտոն, ԱՄՆ)։
«Անկեղծ ասած, ես չգիտեի՝ նրանք ովքեր են և ինչին են հավատում» (Սեսիլյա, Էսբիերգ, Դանիա)։
Հավանաբար տեսել եք, թե ինչպես են Եհովայի վկաները հասարակական վայրերում կամ տնից տուն մարդկանց քարոզում՝ առաջարկելով Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն կամ Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն։ Ակներևաբար հենց նրանցից մեկն է տվել ձեզ այս ամսագիրը։ Այդուհանդերձ, գուցե հստակ պատկերացում չունեք այն մասին, թե ովքեր են իրականում Եհովայի վկաները։ Ինչպես վերոհիշյալ մարդիկ, թերևս դուք էլ տարբեր տեսակետներ ունեք նրանց մասին։
Եթե դուք էլ, այդ մարդկանց նման, տարբեր հարցեր ունեք, ապա որտե՞ղ կարող եք գտնել դրանց պատասխանները։ Ինչպե՞ս կարող եք իմանալ, թե իրականում ինչին են հավատում Եհովայի վկաները, ինչպես է ֆինանսավորվում նրանց գործունեությունը, ինչպես են փակվում նրանց երկրպագության վայրերի հետ կապված ծախսերը, և ինչու են նրանք գալիս ձեր տուն կամ մոտենում ձեզ հասարակական վայրերում։
Սեսիլյան, որի խոսքերը մեջբերվեցին հոդվածի սկզբում, ասում է. «Եհովայի վկաների մասին շատ էի կարդացել ինտերնետում։ Բացի այդ, նրանց վերաբերյալ տարբեր տեղեկություններ և կանխակալ կարծիքներ էի լսել։ Այդպես նրանց մասին բացասական կարծիք էր ձևավորվել իմ մեջ»։ Սակայն հետագայում Սեսիլյան անձամբ խոսեց Եհովայի վկաների հետ և իրեն հուզող հարցերին գոհացուցիչ պատասխաններ ստացավ։
Իսկ դուք կցանկանա՞ք Եհովայի վկաների մասին հավաստի տեղեկություններ ստանալ։ Այդ դեպքում տեղին կլինի դիմել նրանց, ովքեր Եհովայի վկաների մասին ամենաշատ ու ամենաճիշտ տեղեկություններն ունեն, այսինքն՝ հենց Եհովայի վկաներին՝ այս ամսագիրը հրատարակողներին (Առակներ 14։15)։ Հուսով ենք, որ հաջորդ հոդվածները կօգնեն ձեզ հասկանալու, թե ովքեր ենք մենք, ինչ հավատալիքներ ունենք և ինչ գործունեություն ենք իրականացնում։