Նամակ՝ Կառավարիչ մարմնից
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,
2008թ. հունվարի 1-ի «Դիտարանի» ընդհանուր թողարկման մեջ լույս տեսավ նոր խորագիր՝ «Ընդօրինակեք նրանց հավատը»։ Այդ ժամանակվանից սկսած՝ երեք ամիսը մեկ անգամ այս խորագրի տակ տարբեր հոդվածներ են լույս տեսնում։
Ի՞նչ արձագանք գտան այս հոդվածները։ Մի ընթերցող գրում է. «Երբ կարդացի Մարթայի մասին հոդվածը, շատ ծիծաղեցի, քանի որ ես էլ, երբ հրավիրում եմ ընկերներիս, տարվում եմ խոհանոցային գործերով և մոռանում եմ, որ կարևորը նրանց հետ շփումն է»։ 15 տարեկան մի աղջիկ հետաքրքրիր եզրահանգման եկավ՝ կարդալով Եսթերի մասին պատմությունը։ Նա ասում է. «Մեր միտքը կարող է կենտրոնացած լինել հագուստի և նորաձևության վերջին նորույթների վրա։ Ինչ խոսք, մենք պետք է գեղեցիկ տեսք ունենանք, սակայն չպետք է ծայրահեղությունների մեջ ընկնենք։ Եհովան գնահատում է մեր ներքին անձնավորությունը»։ Իսկ մի կին գրում է, թե որքան է իրեն տպավորել Պետրոս առաքյալի մասին հոդվածը։ Նա ասում է. «Ամբողջ ժամանակ կլանված ընթերցել եմ այդ հոդվածը։ Պատմությունն այնքան կենդանի էր, որ ինձ պատկերացնում էի այնտեղ»։
Այս և ուրիշ շատ ընթերցողներ, ովքեր իրենց երախտագիտությունն են արտահայտել այս հոդվածների համար, հաստատում են Պողոս առաքյալի խոսքերի ճշմարտացիությունը, որը գրեց. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց» (Հռոմ. 15։4)։ Այո՛, Եհովան հոգ է տարել, որ հավատարիմ մարդկանց մասին գրի առնվի Աստվածաշնչում, որպեսզի մենք արժեքավոր դասեր քաղենք։ Բոլորս էլ, անկախ նրանից, թե քանի տարի ենք ճշմարտության մեջ, կարող ենք սովորել նրանց օրինակներից։
Մենք հորդորում ենք ձեզ ընթերցել այս գիրքը։ Այն կարող եք ուսումնասիրել նաև ընտանեկան երկրպագության ժամանակ։ Երեխաներին այն շատ դուր կգա։ Իսկ երբ այս գիրքը ուսումնասիրվի Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպման ժամանակ, ձգտեք բաց չթողնել ոչ մի հանդիպում։ Մի՛ ընթերցեք այն մակերեսորեն, գործի դրեք ձեր երևակայությունը, փորձեք զգալ այն, ինչ գլխավոր կերպարներն են զգում։ Տեսեք՝ ինչպես են նրանք վարվում տարբեր իրավիճակներում և մտածեք, թե դուք ինչպես կվարվեիք։
Վստահ ենք, որ այս գիրքը օգտակար կլինի ձեզ ու ձեր ընտանիքի համար։ Ջերմ սիրով՝
Եհովայի վկաների Կառավարիչ մարմին