ԳԼՈՒԽ 95
Խոսում է ամուսնալուծության և երեխաներին սիրելու մասին
ՄԱՏԹԵՈՍ 19։1–15 ՄԱՐԿՈՍ 10։1–16 ՂՈՒԿԱՍ 18։15–17
-
ՀԻՍՈՒՍԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԱՍՏԾՈՒ ՏԵՍԱԿԵՏԸ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
-
ԱՄՈՒՐԻՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԸ
-
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԼԻՆԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆՄԱՆ
Հիսուսն ու իր աշակերտները հեռանում են Գալիլեայից։ Անցնելով Հորդանան գետը՝ նրանք ուղևորվում են դեպի հարավ և անցնում են Պիրեայի տարածքով։ Վերջին անգամ Պիրեայում եղած ժամանակ Հիսուսն ասել էր փարիսեցիներին, թե որն է ամուսնալուծության վերաբերյալ Աստծու տեսակետը (Ղուկաս 16։18)։ Այժմ նրանք կրկին խոսում են այս թեմայի շուրջ՝ ցանկանալով փորձել Հիսուսին։
Մովսեսը գրել էր, որ տղամարդը կարող է բաժանվել իր կնոջից, եթե «անվայել բան նկատի» կնոջ վարքում (2 Օրենք 24։1)։ Մարդիկ տարբեր տեսակետներ ունեն այն հարցի վերաբերյալ, թե ինչը կարող է ամուսնալուծության համար հիմք հանդիսանալ։ Շատերը մտածում են, որ կարող են ամուսնալուծվել անգամ չնչին բաների պատճառով։ Ուստի փարիսեցիները հարցնում են. «Օրենքով թույլատրելի՞ է, որ մարդը ցանկացած պատճառով բաժանվի իր կնոջից» (Մատթեոս 19։3)։
Հիսուսը տալիս է մի պատասխան, որը հիմնված չէ մարդկային տեսակետների վրա։ Նա մարդկանց ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, թե որն է Աստծու նպատակը ընտանեկան կառույցի առնչությամբ։ Նա ասում է. «Չե՞ք կարդացել, որ նա, ով սկզբից ստեղծեց, տղամարդ և կին ստեղծեց նրանց ու ասաց. «Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն»։ Այնպես որ նրանք այլևս երկու չեն, այլ մեկ մարմին են։ Ուրեմն ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։4–6)։ Երբ Աստված, Ադամին ու Եվային միավորելով, հիմնեց առաջին ամուսնական կառույցը, նա ամուսնալուծության մասին ոչ մի հրահանգ չտվեց։
Փարիսեցիները առարկում են. «Այդ դեպքում Մովսեսն ինչո՞ւ պատվիրեց բաժանման վկայական տալ ու բաժանվել նրանից» (Մատթեոս 19։7)։ Հիսուսն էլ ասում է նրանց. «Ձեր սրտերի կարծրության պատճառով էր, որ Մովսեսը թույլ տվեց բաժանվել ձեր կանանցից, մինչդեռ սկզբում այդպես չէր» (Մատթեոս 19։8)։ Ասելով «սկզբում»՝ Հիսուսը նկատի ունի ոչ թե Մովսեսի ժամանակները, այլ այն ժամանակը, երբ Աստված Եդեմում հաստատեց ամուսնական կառույցը։
Այնուհետև Հիսուսը նշում է մի կարևոր ճշմարտություն. «Իսկ ես ասում եմ ձեզ. ով իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության [հունարեն՝ պոռնիա] պատճառի և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում» (Մատթեոս 19։9)։ Փաստորեն, ամուսնալուծության համար միակ սուրբգրային հիմքը սեռական անբարոյությունն է։
Այս ամենը լսելով՝ աշակերտները ասում են. «Եթե այդպիսին է տղամարդու պարագան իր կնոջ հետ, ավելի լավ է չամուսնանալ» (Մատթեոս 19։10)։ Պարզ է ուրեմն, որ նա, ով պատրաստվում է ամուսնանալ, պետք է հասկանա, որ ամուսնությունը հարատև միություն է։
Խոսելով ամուրիության մասին՝ Հիսուսն ասում է, որ ոմանք ծնվում են ներքինի, այսինքն՝ չեն կարող սեռական հարաբերություն ունենալ։ Իսկ ուրիշներին դարձնում են ներքինի՝ ամորձատելով նրանց, որպեսզի չկարողանան սեռական հարաբերություն ունենալ։ Սակայն ոմանք էլ ճնշում են իրենց սեռական ցանկությունները, որպեսզի կարողանան իրենց անձը ամբողջությամբ տրամադրել Թագավորության գործին։ Հիսուսը հորդորում է իր ունկնդիրներին. «Ով կարող է այսպես ապրել, թող ապրի» (Մատթեոս 19։12)։
Այդ ընթացքում մարդիկ իրենց երեխաներին բերում են Հիսուսի մոտ։ Սակայն աշակերտները կշտամբում են մարդկանց, որովհետև չեն ցանկանում, որ նրանք Հիսուսին խանգարեն։ Տեսնելով դա՝ Հիսուսը վրդովվում է և ասում է իր աշակերտներին. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց, որովհետև այսպիսիներինն է Աստծու թագավորությունը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. ով Աստծու թագավորությունը չընդունի երեխայի պես, բնավ չի մտնի այնտեղ» (Մարկոս 10։14, 15; Ղուկաս 18։15)։
Իսկապես, Աստծու Թագավորություն մտնելու համար մենք պետք է լինենք երեխաների նման խոնարհ ու սովորելու պատրաստ։ Հիսուսը, ցույց տալով իր սերը երեխաների նկատմամբ, նրանց իր գիրկն է առնում և օրհնում։ Նա այսպիսի ջերմ սեր է տածում նաև նրանց հանդեպ, ովքեր «Աստծու թագավորությունը ընդունում են երեխայի պես» (Ղուկաս 18։17)։