Գործեր 21։1-40
21 Մեծ ցավով նրանց հրաժեշտ տալուց հետո մենք ծով դուրս եկանք և նավարկեցինք ուղիղ Կոս, իսկ հաջորդ օրը՝ Հռոդոս, որտեղից էլ գնացինք Պատարա:
2 Այնտեղ մի նավ գտանք, որն ուղևորվում էր Փյունիկիա, բարձրացանք այդ նավը և շարունակեցինք մեր ճանապարհը:
3 Երբ մեր ձախ կողմում երևաց Կիպրոս կղզին, մենք անցանք այն՝ շարժվելով դեպի Ասորիք: Մենք կանգ առանք Տյուրոսում, որտեղ նավը պետք է բեռնաթափվեր:
4 Հարցուփորձ անելով՝ գտանք այնտեղի աշակերտներին և յոթ օր մնացինք նրանց մոտ: Նրանք Պողոսին շարունակ ասում էին, որ ոտք չդնի Երուսաղեմ, քանի որ սուրբ ոգին նրանց հայտնել էր, թե ինչ է պատահելու նրան:+
5 Եվ երբ մեր գնալու ժամանակը եկավ, ճանապարհ ընկանք: Բոլորը, այդ թվում՝ կանայք ու երեխաները, ուղեկցեցին մեզ մինչև նավահանգիստ: Այնտեղ ծնկի գալով՝ աղոթեցինք
6 և նրանց հրաժեշտ տալուց հետո նավ բարձրացանք, իսկ նրանք վերադարձան իրենց տները:
7 Տյուրոսից նավարկեցինք Պտոլեմայիս: Հանդիպելով այնտեղի եղբայրներին՝ ողջունեցինք նրանց և այդ օրը նրանց հետ մնացինք:
8 Հաջորդ օրը ճանապարհ ընկանք ու հասնելով Կեսարիա՝ գնացինք Փիլիպոս ավետարանչի տուն, որն առաքյալների ընտրած յոթ մարդկանցից էր,+ և նրա մոտ հյուրընկալվեցինք:
9 Այս մարդը չորս ամուրի աղջիկ ուներ, որոնք մարգարեանում էին:+
10 Երբ արդեն բավականին ժամանակ* էր, ինչ այնտեղ էինք մնում, Հրեաստանից Ագաբոս անունով մի մարգարե եկավ:+
11 Նա եկավ մեզ մոտ, վերցրեց Պողոսի գոտին, կապեց իր ոտքերն ու ձեռքերը և ասաց. «Սուրբ ոգին ասում է. «Այն մարդուն, որին պատկանում է այս գոտին, հրեաները այսպես կկապեն Երուսաղեմում+ և այլազգի մարդկանց ձեռքը կմատնեն»»:+
12 Սա լսելով՝ մենք և մյուս ներկաները սկսեցինք աղաչել Պողոսին, որ չգնա Երուսաղեմ:
13 Այդ ժամանակ նա ասաց. «Ինչո՞ւ եք լաց լինում ու թուլացնում վճռականությունս:* Հանուն Տեր Հիսուսի անվան՝ ես պատրաստ եմ ոչ միայն բանտարկվելու, այլև մահանալու Երուսաղեմում»:+
14 Չկարողանալով նրան տարհամոզել՝ մենք այլևս չառարկեցինք ու ասացինք. «Թող Եհովայի* կամքով լինի»:
15 Դրանից հետո պատրաստվեցինք ճանապարհորդության և ուղևորվեցինք Երուսաղեմ:
16 Կեսարիայի աշակերտներից մի քանիսն էլ եկան մեզ հետ, որպեսզի ուղեկցեն մեզ առաջին աշակերտներից մեկի՝ կիպրոսցի Մնասոնի տուն, որտեղ պետք է հյուրընկալվեինք:
17 Երբ հասանք Երուսաղեմ, եղբայրները ջերմորեն դիմավորեցին մեզ:
18 Հաջորդ օրը Պողոսը մեզ հետ եկավ Հակոբոսի+ մոտ: Այնտեղ ներկա էին բոլոր երեցները:
19 Նրանց ողջունելուց հետո նա մանրամասնորեն պատմեց, թե իր ծառայության միջոցով Աստված ինչեր է իրագործել ազգերի մեջ:
20 Դա լսելով՝ նրանք սկսեցին փառաբանել Աստծուն: Հետո ասացին Պողոսին. «Եղբա՛յր, դու գիտես, որ հրեաների մեջ հազարավոր հավատացյալներ կան, և նրանք բոլորը նախանձախնդրորեն պահում են Օրենքը:+
21 Բայց նրանց շշուկներ են հասել, որ այլազգիների մեջ ապրող բոլոր հրեաներին դու հավատուրացություն ես սովորեցնում ու դրդում ես խախտել Մովսեսի օրենքը՝ ասելով, որ նրանք չթլփատեն իրենց երեխաներին և չպահեն ավանդույթները:+
22 Հիմա ի՞նչ անենք. նրանք հաստատ կլսեն, որ դու եկել ես:
23 Ուրեմն արա այն, ինչ քեզ այժմ կասենք: Մենք չորս մարդիկ ունենք, որոնք երդման պարտավորության տակ են:
24 Այդ մարդկանց քեզ հետ վերցրու և նրանց հետ ծիսականորեն մաքրվիր ու նրանց ծախսերը հոգա, որ իրենց մազերը շատ կարճ կտրեն: Այդպիսով՝ բոլորը կիմանան, որ քո մասին պտտվող լուրերը ճիշտ չեն, և որ դու պատշաճ կերպով ես վարվում ու պահում ես Օրենքը:+
25 Ինչ վերաբերում է ուրիշ ազգերի հավատացյալներին, մենք նրանց նամակ ենք ուղարկել, որում գրված էր մեր որոշումը. պետք է հեռու մնալ կուռքերին զոհաբերված բաներից,+ արյունից,+ խեղդված կենդանիների* մսից+ և անբարոյականությունից»:*+
26 Հաջորդ օրը Պողոսը այդ մարդկանց հետ ծիսականորեն մաքրվեց,+ ապա մտավ տաճար, որ տեղեկացնի, թե երբ են լրանալու ծիսականորեն մաքրվելու օրերը, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի համար ընծա մատուցվի:
27 Երբ յոթ օրերը լրանալուն մոտ էին, Ասիայի հրեաները, տաճարում Պողոսին տեսնելով, ամբոխին տրամադրեցին նրա դեմ և բռնելով նրան՝
28 բղավեցին. «Իսրայելացի՛ մարդիկ, օգնե՛ք: Սա այն մարդն է, որ ամենուրեք սովորեցնում է ուսմունքներ, որոնք անարգում են մեր ժողովրդին, մեր Օրենքը և այս վայրը: Դեռ ավելին՝ նա նույնիսկ հույներին է բերել տաճար ու պղծել այս սուրբ վայրը»:+
29 Բանն այն է, որ մինչ այդ նրանք քաղաքում Պողոսի հետ տեսել էին եփեսացի Տրոֆիմոսին+ և կարծում էին, թե Պողոսը նրան տաճար է տարել:
30 Ամբողջ քաղաքում իրարանցում սկսվեց: Մարդիկ վազելով հավաքվեցին, բռնեցին Պողոսին ու քարշ տալով՝ տաճարից դուրս հանեցին և անմիջապես փակեցին դռները:
31 Ժողովուրդն ուզում էր սպանել նրան, սակայն զորապետը, տեղեկանալով, որ ամբողջ Երուսաղեմում խռովություն է տիրում,
32 զինվորների ու հարյուրապետների հետ իսկույն վազեց նրանց մոտ: Երբ նրանք տեսան զորապետին ու զինվորներին, դադարեցին Պողոսին ծեծելուց:
33 Այդ ժամանակ զորապետը մոտեցավ, ձերբակալեց նրան ու հրամայեց, որ երկու շղթաներով կապեն,+ ապա հարցրեց, թե ով է այդ մարդը և ինչ է արել:
34 Բայց ամբոխի միջից ոմանք մի բան էին բղավում, իսկ մյուսները՝ ուրիշ բան: Ուստի աղմուկի պատճառով չկարողանալով որևէ բան պարզել՝ զորապետը հրամայեց զորանոց տանել նրան:
35 Սակայն երբ Պողոսը հասավ աստիճաններին, ամբոխն այնքան վայրագ դարձավ, որ զինվորները ստիպված եղան վեր բարձրացրած տանել նրան,
36 իսկ մարդիկ հետևից գնում էին ու բղավում. «Մա՛հ նրան»:
37 Երբ հասան զորանոցի մոտ, Պողոսն ասաց զորապետին. «Կարելի՞ է քեզ մի բան ասել»: Նա էլ զարմացած հարցրեց. «Դու հունարեն գիտե՞ս:
38 Դու այն եգիպտացին չե՞ս, որը մի որոշ ժամանակ առաջ խռովություն բարձրացրեց և 4 000 դաշույնակիրների* իր հետ տարավ անապատ»:
39 Պողոսը պատասխանեց. «Ես հրեա եմ+ և Կիլիկիայում գտնվող հայտնի քաղաքի՝ Տարսոնի քաղաքացի եմ:+ Շատ եմ խնդրում, թույլ տուր՝ խոսեմ ժողովրդի հետ»:
40 Երբ նա թույլ տվեց, Պողոսը, կանգնելով աստիճանների վրա, ձեռքով նշան արեց, որ մարդիկ լռեն: Եվ երբ լռություն տիրեց, նա ժողովրդին եբրայերենով+ ասաց.
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «շատ օրեր»:
^ Կամ՝ «սիրտս ճմլում»:
^ Տես հավելված Ա5:
^ Այսինքն՝ սպանված կենդանիների, որոնց արյունը չի թափվել:
^ Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
^ Ծայրահեղական հրեաների խմբավորում, որը քաղաքական դրդապատճառներով սպանություններ էր կազմակերպում: