Դանիել 10։1-21
10 Պարսկաստանի թագավոր Կյուրոսի+ իշխանության երրորդ տարում Դանիելին, ում Բաղդասասար էին կոչում,+ հայտնություն տրվեց, որն արժանահավատ էր: Այն մեծ հակամարտության մասին էր: Նրան հասկացողություն տրվեց, ու նա հասկացավ իր տեսածը:
2 Այդ օրերին ես՝ Դանիելս, երեք շաբաթ սգի մեջ էի:+
3 Երեք շաբաթների ընթացքում ախորժելի կերակուրներ չեմ կերել, միս չեմ դրել բերանս, գինի չեմ խմել և ընդհանրապես յուղ չեմ քսել մարմնիս:
4 Առաջին ամսվա 24-րդ օրը, երբ մեծ գետի՝ Տիգրիսի*+ ափին էի,
5 կտավե հագուստ հագած մի մարդու տեսա,+ որի մեջքին Օֆազի ոսկուց գոտի էր կապած:
6 Նրա մարմինը նման էր ոսկեքարի,+ երեսը կայծակի պես փայլում էր, աչքերը նման էին կրակե ջահերի, բազուկներն ու ոտքերը՝ փայլեցված պղնձի,+ իսկ ձայնը ասես բազմության ձայն լիներ:
7 Միայն ես՝ Դանիելս, տեսա այդ տեսիլքը, իսկ ինձ հետ եղող մարդիկ չտեսան այն,+ բայց այնքան վախեցան, որ փախան ու թաքնվեցին:
8 Ես մենակ մնացի: Երբ տեսա այդ տպավորիչ տեսիլքը, մեջս ուժ չմնաց, խիստ գունատվեցի և ուժասպառ եղա:+
9 Ես լսեցի, թե ինչպես էր նա խոսում, և մինչ նա խոսում էր, խոր քուն մտա՝ երեսի վրա գետնին պառկած:+
10 Բայց հետո մի ձեռք դիպավ ինձ+ ու արթնացրեց և օգնեց, որ ձեռքերիս վրա հենվելով՝ կանգնեմ ծնկներիս վրա:
11 Ապա նա ասաց ինձ.
«Ո՛վ Դանիել, թանկագին* մարդ,+ ուշադրությամբ լսիր այն ամենը, ինչ քեզ կասեմ: Ոտքի կանգնիր, որովհետև քեզ մոտ եմ ուղարկվել»:
Այդ խոսքերը լսելով՝ ես դողալով վեր կացա:
12 Նա ասաց. «Մի՛ վախեցիր,+ ո՛վ Դանիել: Առաջին իսկ օրից, երբ վճռեցիր հասկանալ այս բաների նշանակությունը և խոնարհեցրիր քեզ Աստծու առաջ, խոսքերդ լսվեցին, և այդ պատճառով ես եկա:+
13 Բայց Պարսկաստանի թագավորության իշխանը+ 21 օր ընդդիմացավ ինձ: Սակայն Միքայելը՝*+ գլխավոր* իշխաններից մեկը, ինձ օգնության հասավ: Այդ ընթացքում ես մնում էի այնտեղ՝ Պարսկաստանի թագավորների մոտ:
14 Այժմ եկել եմ, որ հայտնեմ քեզ, թե ինչ է պատահելու քո ժողովրդին վերջին օրերում,+ քանի որ տեսիլքը վերաբերում է գալիք օրերին»:+
15 Երբ նա ասաց այդ խոսքերը, գլուխս կախեցի ու պապանձվեցի:
16 Ապա մեկը, ով նման էր մարդու, դիպավ շուրթերիս,+ և ես կարողացա խոսել ու իմ առջև կանգնածին ասացի. «Տե՛ր իմ, տեսածիս պատճառով դողում եմ և ուժասպառ եմ եղել:+
17 Ուրեմն ինչպե՞ս կարող է քո ծառան, իմ տե՛ր, խոսել քեզ հետ:+ Ես ուժ չունեմ և հազիվ եմ շնչում»:+
18 Եվ մարդու տեսք ունեցողը կրկին դիպավ ինձ ու զորացրեց:+
19 Ապա ասաց. «Մի՛ վախեցիր,+ ո՛վ թանկագին մարդ:+ Խաղաղությո՛ւն քեզ:+ Զորացի՛ր, քաջացի՛ր»: Հենց որ նա խոսեց ինձ հետ, ես ուժով լցվեցի ու ասացի. «Տե՛ր իմ, խոսիր, քանի որ դու զորացրիր ինձ»:
20 Այդ ժամանակ նա ասաց. «Գիտե՞ս, թե ինչու եմ եկել քեզ մոտ: Այժմ հետ եմ գնալու, որ մարտնչեմ Պարսկաստանի իշխանի դեմ,+ ու երբ գնամ, Հունաստանի իշխանը կգա:
21 Բայց քեզ կպատմեմ ճշմարտության գրքում գրված բաները: Չկա մեկը, որ ինձ թիկունք կանգնի այս ամենում՝ բացի Միքայելից՝+ ձեր իշխանից»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Հիդդեկելի»:
^ Կամ՝ «շատ ցանկալի», «բարձր գնահատված»:
^ Կամ՝ «առաջին կարգի»:
^ Նշանակում է «ո՞վ է Աստծու նման»: