Ելք 20։1-26
20 Այնուհետև Աստված ասաց այս բոլոր խոսքերը.+
2 «Ես Եհովան եմ՝ քո Աստվածը, ով հանեց քեզ Եգիպտոսից՝ քո ստրկության երկրից:+
3 Ինձնից բացի՝* ուրիշ աստվածներ չունենաս:+
4 Քեզ համար կուռք չպատրաստես և ոչ էլ որևէ պատկեր, որ նման լինի երկնքում, երկրի վրա կամ ջրերում եղող ինչ-որ բանի:+
5 Դրանց առաջ չխոնարհվես ու չծառայես դրանց,*+ որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող+ Աստված եմ և թողնում եմ, որ ինձ ատող հայրերի հանցանքների հետևանքները կրեն նաև նրանց որդիներն ու թոռները մինչև երրորդ և չորրորդ սերունդը,
6 իսկ ինձ սիրողների ու իմ պատվիրանները պահողների+ հանդեպ հավատարիմ սեր եմ դրսևորում մինչև հազարերորդ սերունդը:
7 Քո Աստված Եհովայի անունը անպատշաճ ձևով չգործածես,+ քանի որ Եհովան իր անունը անպատշաճ ձևով գործածողին անպատիժ չի թողնի:+
8 Հիշի՛ր, դու պետք է սուրբ համարես Շաբաթ օրը:+
9 Վեց օր աշխատիր և արա քո բոլոր գործերը:+
10 Բայց յոթերորդ օրը Շաբաթ է քո Աստված Եհովայի պատվին: Ոչ մի գործ չանես, ո՛չ դու, ո՛չ որդիդ, աղջիկդ, ստրուկդ, ո՛չ ընտանի կենդանիդ և ո՛չ էլ ձեր բնակավայրերում ապրող պանդուխտը,+
11 որովհետև Եհովան վեց օրում ստեղծեց երկինքը, երկիրը, ծովը և դրանցում եղող ամեն բան, իսկ յոթերորդ օրը սկսեց հանգստանալ:+ Ահա թե ինչու Եհովան օրհնեց Շաբաթը և այն սուրբ դարձրեց:
12 Պատվիր քո հորն ու մորը,+ որ երկար ապրես այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ:+
13 Մի՛ սպանիր:+
14 Մի՛ շնացիր:*+
15 Մի՛ գողացիր:+
16 Որևէ մեկի* դեմ սուտ վկայություն մի՛ տուր:+
17 Որևէ մեկի տունը մի՛ ցանկացիր: Մի՛ ցանկացիր տիրանալ ուրիշի կնոջը,+ նրա ծառային, աղախնին, նրա ցլին, էշին կամ նրան պատկանող որևէ այլ բանի»:+
18 Ամբողջ ժողովուրդը լսում էր որոտները, եղջերափողի ձայնը և տեսնում էր կայծակի փայլատակումներն ու լեռից բարձրացող ծուխը: Այդ ամենից ահուդողի մեջ ընկած՝ նրանք կանգնել էին հեռվում:+
19 Ժողովուրդն ասաց Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք, իսկ Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»:+
20 Մովսեսն էլ ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք. ճշմարիտ Աստված եկել է, որ ստուգի ձեզ,+ և որ դուք միշտ խորին հարգանք* ունենաք իր հանդեպ, որպեսզի մեղք չգործեք»:+
21 Այսպիսով՝ ժողովուրդը հեռվում կանգնած մնաց, իսկ Մովսեսը մոտեցավ այն մութ ամպին, որտեղ ճշմարիտ Աստվածն էր:+
22 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Իսրայելացիներին ասա. «Դուք անձամբ տեսաք, որ ես երկնքից խոսեցի ձեզ հետ:+
23 Արծաթից կամ ոսկուց աստվածներ չպատրաստեք, քանի որ ինձնից բացի՝ ուրիշ աստված չպետք է ունենաք:+
24 Ինձ համար հողից զոհասեղան կպատրաստեք և դրա վրա կմատուցեք ձեր ողջակեզներն ու խաղաղության զոհերը, ձեր մանր ու խոշոր եղջերավոր անասունները: Ինչ վայր էլ ես ընտրեմ, որ իմ անունը հիշատակվի* այնտեղ,+ ես կգամ ձեզ մոտ ու կօրհնեմ ձեզ:
25 Եթե ինձ համար զոհասեղան պատրաստելու լինեք քարերից, ապա չպետք է օգտագործեք գործիքով կտրված* քարեր,+ քանի որ եթե հատիչով աշխատեք զոհասեղանի քարերի վրա, կպղծեք այն:
26 Զոհասեղանիս վրա աստիճաններով չբարձրանաք, որ ձեր սեռական օրգանները* չերևան»»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Ինձ մարտահրավեր նետելով»: Բռց.՝ «Երեսիս դեմ»:
^ Կամ՝ «ու թույլ չտաս, որ քեզ ներքաշեն դրանց պաշտամունքի մեջ»:
^ Բառարանում տես «Շնություն»:
^ Կամ՝ «Դրացուդ»:
^ Բռց.՝ «վախ»:
^ Կամ՝ «ինձ պաշտեն»:
^ Կամ՝ «տաշված»:
^ Բռց.՝ «մերկությունը»: