Ելք 21։1-36

  • Իրավական կանոններ Իսրայելի համար (1-36)

    • Եբրայեցի ստրուկների վերաբերյալ (2-11)

    • Մարդու հանդեպ դրսևորվող բռնության վերաբերյալ (12-27)

    • Կենդանիների վերաբերյալ (28-36)

21  «Ահա այն իրավական կանոնները, որ պետք է հաղորդես ժողովրդին:+  Եթե եբրայեցի ստրուկ գնես,+ նա վեց տարի կծառայի քեզ, իսկ յոթերորդ տարում պետք է նրան ազատ արձակես առանց որևէ վճար պահանջելու:+  Եթե նա մենակ է եկել, մենակ էլ կգնա, իսկ եթե կնոջ հետ է եկել, ապա կինը նրա հետ պետք է գնա:  Եթե տերը ծառային կին տա, և կինը նրա համար որդիներ ու աղջիկներ ծնի, ապա այդ կինն ու երեխաները տիրոջը կմնան, իսկ ծառան մենակ կգնա:+  Բայց եթե ծառան հաստատակամորեն ասի՝ «Ես սիրում եմ իմ տիրոջը, իմ կնոջն ու զավակներին և չեմ ուզում ազատ արձակվել»,+  նրա տերը ճշմարիտ Աստծու առաջ պետք է նրան բերի կանգնեցնի դռան կամ դրա կողափայտի դիմաց ու բզով ծակի նրա ականջը, և նա ողջ կյանքում նրա ծառան կլինի:  Եթե մեկը իր աղջկան վաճառի ստրկության, ապա նրա ազատ արձակվելը կլինի ոչ այնպես, ինչպես ստրկացած տղամարդունը:  Եթե տերը գոհ չլինի նրանից և չուզենա նրան դարձնել իր հարճը, այլ որոշի վաճառել մեկ ուրիշի, ով ուզում է գնել* նրան, ապա նա կարող է դա անել, բայց իրավունք չունի նրան վաճառելու օտարազգիներին: Նա անարդարացիորեն է վարվել նրա հետ:  Իսկ եթե աղջկան գնել է, որ կնության տա իր որդուն, ապա նրան պետք է ընձեռի այն նույն իրավունքները, ինչ ունենում է դուստրը: 10  Եթե որդին* մեկ ուրիշ կին էլ առնի, ապա չպետք է պակասեցնի առաջին կնոջ սնունդն ու հագուստը և պետք է առաջվա պես կատարի նրա հանդեպ իր ամուսնական պարտքը:+ 11  Եթե այս երեք բաները չտա կնոջը, ապա կնոջը պետք է ազատ արձակեն առանց դրա դիմաց որևէ վճար պահանջելու: 12  Եթե մի մարդ ինչ-որ մեկին այնպես հարվածի, որ նա մահանա, ապա այդ մարդը պետք է մահվան մատնվի:+ 13  Բայց եթե նա առանց դիտավորության անի դա, և ես՝ ճշմարիտ Աստվածս, թույլ տամ, որ այդպիսի բան պատահի, ապա մի տեղ կսահմանեմ ձեզ համար, ուր նա կարող է փախչել:+ 14  Իսկ եթե մի մարդ, իր դրացու վրա խիստ բարկանալով, դիտավորյալ սպանի նրան,+ ապա պետք է մահվան մատնվի, նույնիսկ եթե հարկ լինի նրան տանելու իմ զոհասեղանի մոտից, որտեղ գուցե փորձի պաշտպանություն գտնել:+ 15  Իր հորը կամ մորը հարվածողը պետք է մահվան մատնվի:+ 16  Եթե որևէ մեկը մարդ առևանգի+ ու վաճառի, կամ եթե նրա մոտ առևանգված մարդ գտնեն,+ ապա նա պետք է մահվան մատնվի:+ 17  Իր հորը կամ մորը անիծողը պետք է մահվան մատնվի:+ 18  Ահա թե ինչպես պետք է վարվեք, եթե մարդիկ վեճի բռնվեն, և մեկը քարով կամ բռունցքով* հարվածի մյուսին, ու նա չմեռնի, բայց անկողին ընկնի: 19  Եթե նա ի վիճակի լինի վեր կենալ և ձեռնափայտի օգնությամբ դրսում քայլել, ապա նրան հարվածողը կազատվի պատժից: Նա կփոխհատուցի միայն այն ժամանակի համար, որի ընթացքում տուժածը չի կարողանա աշխատել, այսինքն՝ մինչև որ նա լիովին ապաքինվի: 20  Եթե մի մարդ փայտով հարվածի իր ստրուկին կամ ստրկուհուն, և նա այդ ժամանակ* մահանա, ապա մահացողի համար պետք է վրեժ առնվի:+ 21  Սակայն եթե ստրուկը կամ ստրկուհին մեկ-երկու օր ապրի ու հետո մեռնի, ապա պետք չէ վրեժ առնել, որովհետև նրա տերն արդեն իսկ կորցրել է նրան, ում գնել էր իր փողով: 22  Եթե տղամարդիկ իրար հետ կռիվ անելիս հարվածեն հղի կնոջ, և նա ժամանակից շուտ ծննդաբերի՝+ առանց մահվան ելքի,* ապա մեղավորը պետք է վճարի կնոջ ամուսնու կողմից դրված տույժը, որը պետք է հաստատվի դատավորների կողմից:+ 23  Բայց եթե մահվան ելքով ավարտվի, կյանքի դիմաց կյանք* պետք է տա,+ 24  աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք,+ 25  այրվածքի դիմաց այրվածքով պետք է հատուցի, վերքի դիմաց՝ վերքով, հարվածի դիմաց՝ հարվածով: 26  Եթե մարդը հարվածի իր ստրուկի կամ ստրկուհու աչքին, և աչքը կուրանա, ապա որպես փոխհատուցում նրան պետք է ազատ արձակի:+ 27  Եթե նա հարվածելով դուրս գցի իր ստրուկի կամ ստրկուհու ատամը, ապա որպես փոխհատուցում նրան պետք է ազատ արձակի: 28  Եթե ցուլը պոզահարի որևէ տղամարդու կամ կնոջ, ու նա մեռնի,+ ապա ցուլը պետք է քարկոծվի, և դրա միսը չպետք է ուտվի: Իսկ ցլի տերը պատիժ չի կրի: 29  Բայց եթե ցուլը առաջ էլ է պոզահարող եղել, ու տիրոջը զգուշացրել են, սակայն նա հսկողության տակ չի պահել ցլին, և ցուլը սպանել է որևէ տղամարդու կամ կնոջ, ապա կենդանին պետք է քարկոծվի, և տերը նույնպես պետք է մահվան մատնվի: 30  Եթե նրանից փրկագին* պահանջվի իր կյանքի համար, նա պետք է վճարի այնքան, որքան կսահմանվի: 31  Այս իրավական կանոնի համաձայն է հարկավոր վարվել նաև այն դեպքում, երբ ցուլը տղա կամ աղջիկ երեխա է պոզահարել: 32  Եթե ցուլը ստրուկի կամ ստրկուհու պոզահարի, ապա ցլի տերը 30 սիկղ* պետք է վճարի ստրուկի տիրոջը, իսկ ցուլը պետք է քարկոծվի: 33  Եթե որևէ մեկը փոսի բերանը բաց թողնի կամ փոս փորի ու չծածկի այն, և դրա մեջ ցուլ կամ էշ ընկնի, 34  ապա այդ մարդը* պետք է փոխհատուցում տա.+ նա պետք է անասունի տիրոջը վճարի դրա գինը, իսկ սատկած անասունը իրեն պահի: 35  Եթե ինչ-որ մեկի ցուլը պոզահարի ուրիշի ցլին, և այն սատկի, ապա նրանք պետք է վաճառեն կենդանի ցուլը և դրա փողը կիսեն: Նրանք պետք է կիսեն նաև սատկած կենդանուն: 36  Իսկ եթե հայտնի է, որ ցուլը առաջ էլ է պոզահարող եղել, բայց տերը հսկողության տակ չի պահել դրան, ապա ցլի դիմաց ցլով պետք է հատուցի, իսկ սատկածը իրեն կմնա»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «փրկագնել»:
Կամ հնարավոր է՝ «տերը»: Բռց.՝ «նա»:
Կամ հնարավոր է՝ «գործիքով»:
Բռց.՝ «նրա ձեռքի տակ»:
Կամ՝ «լուրջ վնասվածքի»:
Կամ՝ «հոգու դիմաց հոգի»:
Կամ՝ «փոխհատուցում»:
Մոտ 342 գ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «փոսի տերը»: