Ժողովող 9։1-18
9 Այս ամենի մասին ես խորությամբ մտածեցի և հասկացա, որ արդարներն ու իմաստունները, ինչպես նաև նրանց գործերը ճշմարիտ Աստծու ձեռքում են:+ Մարդիկ տեղյակ չեն ո՛չ սիրուց, ո՛չ էլ ատելությունից, որ իրենցից առաջ ապրած մարդիկ են ունեցել:
2 Բոլորի վերջը նույնն է՝+ թե՛ արդարների ու անարդարների,+ թե՛ բարիների, մաքուրների ու անմաքուրների և թե՛ զոհ մատուցողների ու չմատուցողների: Բարի մարդուն սպասում է այն, ինչ մեղավորին, և երդում անողին՝ այն, ինչ երդում անելուց զգուշացողին:
3 Արեգակի տակ այսպիսի դժբախտություն կա. քանի որ բոլորի վերջը նույնն է,+ մարդկանց սիրտը լի է չարությամբ: Իրենց ողջ կյանքի ընթացքում նրանք անմտությամբ* են վարվում, իսկ հետո մեռնում են:
4 Բոլոր նրանք, ովքեր ողջ են, հույս ունեն, քանի որ կենդանի շունը սատկած առյուծից լավ է:+
5 Ողջ լինողները գիտեն,* որ մահանալու են,+ բայց մահացածները ոչ մի բան չգիտեն+ և այլևս վարձատրություն չեն ստանում, քանի որ նրանց հիշատակն անգամ չի մնացել:+
6 Նրանց սերը, ատելությունն ու նախանձն արդեն չկան, և նրանք այլևս բաժին չունեն այն բաներում, որ արվում են արեգակի տակ:+
7 Գնա, ուրախությամբ հացդ կեր և զվարթ սրտով գինիդ խմիր,+ որովհետև ճշմարիտ Աստծուն հաճելի են քո գործերը:+
8 Միշտ սպիտակ հագուստ* հագիր և մի՛ մոռացիր գլխիդ յուղ քսել:+
9 Վայելիր կյանքը քո սիրելի կնոջ հետ+ փուչ կյանքիդ բոլոր օրերում, որն Աստված տվել է քեզ արեգակի տակ՝ քո բոլոր ունայն օրերում, որովհետև կյանքում դա է քո բաժինը և քո վարձատրությունն այն ծանր աշխատանքի դիմաց, որն անում ես արեգակի տակ:+
10 Ինչ որ կարող ես անել, ողջ ուժերդ ներդնելով արա, որովհետև գերեզմանում,* ուր գնալու ես, ո՛չ աշխատանք կա, ո՛չ ծրագրեր, ո՛չ գիտելիքներ, ո՛չ էլ իմաստություն:+
11 Ահա թե էլ ինչ տեսա արեգակի տակ. միշտ չէ, որ արագավազները հաղթում են մրցավազքում, և հզորները՝ պատերազմում,+ միշտ չէ, որ իմաստունները ուտելիք ունեն, խելացիները՝ հարստություն,+ և գիտելիք ունեցողները՝ հաջողություն,+ քանի որ անսպասելի ժամանակ անկանխատեսելի դեպքեր* բոլորի հետ են լինում:
12 Չէ՞ որ մարդ չգիտի, թե երբ է իր ժամանակը գալու:+ Ինչպես ձկներն են բռնվում մահաբեր ուռկանի մեջ, և թռչունները՝ թակարդում, այնպես էլ մարդիկ են հանկարծահաս փորձանքի մեջ ընկնում:
13 Արեգակի տակ մի բան էլ իմացա իմաստության մասին, որը տպավորեց ինձ:
14 Մի փոքր քաղաք կար, որտեղ քիչ մարդիկ էին ապրում: Մի հզոր թագավոր դուրս եկավ այդ քաղաքի դեմ, շրջապատեց այն ու պաշարողական ամրություններ կանգնեցրեց:
15 Այնտեղ մի մարդ կար, որն աղքատ էր, բայց իմաստուն: Նա իր իմաստությամբ փրկեց քաղաքը, սակայն հետո ոչ ոք չհիշեց այդ աղքատ մարդուն:+
16 Եվ ես ասացի ինքս ինձ. «Իմաստությունը զորությունից լավ է,+ այնուհանդերձ, աղքատի իմաստությունը արհամարհվում է, ու նրա խոսքերին ականջ չեն դնում»:+
17 Ավելի լավ է ուշադրություն դարձնել իմաստունների մեղմ խոսքերին, քան հիմարների վրա իշխող մարդու գոչյուններին:
18 Իմաստությունը զենքերից լավ է, բայց ընդամենը մեկ մեղսագործը կարող է բազմաթիվ լավ բաներ կործանել:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «խելացնորությամբ»:
^ Կամ՝ «գիտակցում են»:
^ Այսինքն՝ բաց գույնի հագուստ, որը ուրախ տրամադրության նշան է, ոչ թե սգի:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Բռց.՝ «ժամանակ և պատահար»: