Հովհաննես 16։1-33

  • Հիսուսի աշակերտներին մահ է սպառնալու (1-4ա)

  • Ինչպես է գործելու սուրբ ոգին (4բ-16)

  • Աշակերտների տրտմությունը ուրախության կվերածվի (17-24)

  • Հիսուսը հաղթեց աշխարհին (25-33)

16  «Այս բաներն ասացի ձեզ, որ չկորցնեք ձեր հավատը:*  Ձեզ կվտարեն ժողովարաններից,+ և կգա ժամանակ, երբ ով որ ձեզ սպանի,+ կկարծի, թե սուրբ ծառայություն է մատուցում Աստծուն:  Բայց այդպես կվարվեն, որովհետև ո՛չ Հորն են ճանաչում, ո՛չ էլ ինձ:+  Սա ասում եմ, որ երբ ժամանակը գա, ու այդ ամենը կատարվի, հիշեք, որ այդ մասին ասել եմ ձեզ:+ Սկզբում չէի ասում, քանի որ ձեզ հետ էի:  Հիմա գնում եմ ինձ ուղարկողի մոտ,+ մինչդեռ ձեզնից ոչ ոք չի հարցնում, թե՝ ո՞ւր ես գնում:  Իմ ասած խոսքերի պատճառով ձեր սրտերը տրտմեցին:+  Բայց հավատացեք ինձ. ձեր իսկ օգտի համար եմ գնում, որովհետև եթե չգնամ, օգնականը*+ չի գա ձեզ մոտ, սակայն եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ:  Եվ երբ նա գա, աշխարհին համոզիչ ապացույցներ կբերի մեղքի, արդարության և դատաստանի վերաբերյալ.  նախ ապացույցներ կբերի մեղքի վերաբերյալ,+ քանի որ ինձ չեն հավատում,+ 10  ապա՝ արդարության, քանի որ ես Հոր մոտ եմ գնում, և դուք ինձ այլևս չեք տեսնի, 11  և հետո՝ դատաստանի, քանի որ այս աշխարհի իշխանը դատապարտված է:+ 12  Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց հիմա դուք ի վիճակի չեք դրանք հասկանալու: 13  Սակայն երբ օգնականը, այսինքն՝ ճշմարտության ոգին,+ գա, կառաջնորդի ձեզ՝ օգնելով հասկանալ ողջ ճշմարտությունը, քանի որ իրենից չի խոսի, այլ կասի այն, ինչ կլսի, և կհայտնի ձեզ գալիք բաների մասին:+ 14  Նա կփառավորի ինձ,+ որովհետև ձեզ կհայտնի այն, ինչ կլսի ինձնից:+ 15  Ինչ որ Հայրն ունի, իմն է:+ Դրա համար ասացի, որ նա ձեզ կհայտնի այն, ինչ կլսի ինձնից: 16  Մի քիչ ժամանակ էլ, և ինձ այլևս չեք տեսնի,+ բայց կարճ ժամանակ հետո նորից կտեսնեք»: 17  Այդ ժամանակ նրա աշակերտներից ոմանք իրար հարցրին. «Ի՞նչ նկատի ունի՝ ասելով. «Մի քիչ ժամանակ էլ, և ինձ չեք տեսնի, բայց կարճ ժամանակ հետո նորից կտեսնեք», և «Ես Հոր մոտ եմ գնում»»: 18  Նրանք տարակուսում էին. «Ի՞նչ է նշանակում «մի քիչ ժամանակ էլ»: Չենք հասկանում, թե ինչի մասին է խոսում»: 19  Հիսուսը, իմանալով, որ այդ մասին ուզում են հարցնել իրեն, ասաց. «Իրար հարցնում եք, թե ինչո՞ւ ասացի. «Մի քիչ ժամանակ էլ, և ինձ չեք տեսնի, բայց կարճ ժամանակ հետո նորից կտեսնեք»: 20  Հաստատ ասում եմ ձեզ. դուք լաց կլինեք ու կողբաք, բայց աշխարհը կուրախանա, դուք կտրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախության կվերածվի:+ 21  Երբ գալիս է կնոջ ծննդաբերության ժամանակը, նա ցավ է քաշում, բայց երբ մանուկը ծնվում է, այլևս չի հիշում իր ցավը, որովհետև ուրախանում է, որ մի մարդ լույս աշխարհ եկավ: 22  Նույնպես և դուք, թեև հիմա տրտմած եք, բայց ես ձեզ նորից կտեսնեմ: Ձեր սրտերը կուրախանան,+ և ձեր ուրախությունը ոչ ոք չի խլի ձեզնից: 23  Այդ օրը դուք ինձ ոչինչ չեք հարցնի: Հաստատ ասում եմ ձեզ. ինչ որ Հորից խնդրեք+ իմ անունով, նա կտա ձեզ:+ 24  Մինչև հիմա դուք ոչինչ չեք խնդրել իմ անունով: Խնդրեք և կստանաք, որպեսզի լիակատար ուրախություն զգաք: 25  Ձեզ հետ համեմատություններով խոսեցի, բայց ժամանակը գալիս է, երբ այլևս համեմատություններով չեմ խոսելու ձեզ հետ, այլ հստակ հայտնելու եմ Հոր մասին: 26  Այդ օրը դուք Հորը կխնդրեք իմ անունով: Չեմ ասում, թե ե՛ս կխնդրեմ Հորը ձեզ համար: 27  Հայրն ինքը սիրում* է ձեզ, որովհետև դուք սիրում եք ինձ+ ու հավատում եք, որ ես նրա կողմից եմ եկել:+ 28  Ես աշխարհ եկա որպես Հոր ներկայացուցիչ և այժմ թողնում եմ աշխարհը ու գնում եմ Հոր մոտ»:+ 29  Նրա աշակերտներն ասացին. «Հիմա դու հստակ ես խոսում և ոչ մի համեմատություն չես անում: 30  Հիմա մենք տեսնում ենք, որ ամեն ինչ գիտես, և նախքան որևէ մեկը քեզ հարց կտա, դու արդեն գիտես, թե նա ինչ է մտածում, դրա համար էլ հավատում ենք, որ Աստծուց ես եկել»: 31  Հիսուսն էլ ասաց նրանց. «Հիմա հավատո՞ւմ եք: 32  Ահա ժամը գալիս է և արդեն եկել է, երբ դուք կցրվեք՝ ամեն մեկդ իր տուն կգնա, ու ինձ մենակ կթողնեք:+ Սակայն ես մենակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է:+ 33  Այս ամենը ձեզ ասացի, որ իմ միջոցով խաղաղություն ունենաք:+ Աշխարհում դուք նեղություններ եք կրելու, բայց քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «որ չսայթաքեք»:
Կամ՝ «մխիթարիչը»: «Օգնական» (հուն.-ում՝ արական սեռ) բառն օգտագործելով՝ Հիսուսը անձնավորում է սուրբ ոգին (հուն.-ում՝ չեզոք սեռ), որն անդեմ ուժ է:
Հուն.՝ ֆիլեո: