Հովհաննես 2։1-25
2 Երկու օր անց Գալիլեայի Կանայում հարսանեկան խնջույք եղավ: Հիսուսի մայրն էլ էր այնտեղ:
2 Հիսուսն ու իր աշակերտները նույնպես հրավիրված էին այդ հարսանեկան խնջույքին:
3 Երբ գինին վերջանալու վրա էր, Հիսուսի մայրն ասաց նրան. «Գինի չունեն»:
4 Բայց Հիսուսն ասաց. «Մեր ի՞նչ գործն է, ո՛վ կին:* Իմ ժամը դեռ չի եկել»:
5 Այդ ժամանակ նրա մայրը սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»:
6 Այնտեղ, ինչպես որ պահանջվում էր հրեաների մաքրվելու կանոններով, ջրի վեց քարե կարասներ կային,+ որոնցից յուրաքանչյուրը երկուսից երեք չափ* տարողություն ուներ:
7 Հիսուսն ասաց սպասավորներին. «Կարասները ջրով լցրեք»: Եվ նրանք բերնեբերան լցրին դրանք:
8 Ապա ասաց. «Իսկ հիմա մի քիչ հանեք ու տարեք խնջույքի պատասխանատուին»: Նրանք էլ տարան:
9 Երբ խնջույքի պատասխանատուն համտեսեց ջուրը, որ գինի էր դարձել (նա չգիտեր, թե որտեղից է այն, բայց սպասավորները, որոնք լցրել էին ջուրը, գիտեին), իր մոտ կանչեց փեսային
10 և ասաց. «Ուրիշները սկզբում լավ գինին են մատուցում, ու երբ մարդիկ հարբում են, այդ ժամանակ վատն են բերում: Բայց դու լավ գինին մինչև հիմա պահել ես»:
11 Այսպիսով՝ Գալիլեայի Կանայում Հիսուսն իր առաջին հրաշքն արեց ու իր փառահեղ զորությունը հայտնի դարձրեց,+ և նրա աշակերտները հավատացին նրան:
12 Դրանից հետո նա իր մոր, եղբայրների+ և աշակերտների հետ գնաց Կափառնայում,+ սակայն նրանք երկար չմնացին այնտեղ:
13 Շուտով հրեաների Պասեքն էր լինելու,+ և Հիսուսը գնաց Երուսաղեմ:
14 Տաճարում նա տեսավ դրամափոխների, որոնք նստած էին այնտեղ, և նրանց, ովքեր ցլեր, կովեր, ոչխարներ ու աղավնիներ+ էին վաճառում:
15 Նա պարաններից մի մտրակ պատրաստեց և տաճարից քշեց ցլերին, կովերին, ոչխարներին ու վռնդեց վաճառականներին, նաև ցրիվ տվեց դրամափոխների մետաղադրամները և շուռ տվեց նրանց սեղանները:+
16 Իսկ աղավնի վաճառողներին ասաց. «Հեռացրե՛ք դրանք այստեղից և իմ Հոր տունը այլևս առևտրի տուն* մի՛ դարձրեք»:+
17 Եվ նրա աշակերտները հիշեցին գրվածը. «Քո տան հանդեպ նախանձախնդրությունը կբոցավառվի իմ մեջ»:+
18 Այդ ժամանակ հրեաները հարցրին նրան. «Ի՞նչ նշան ցույց կտաս մեզ, որ իրավունք ունես այդպես վարվելու»:+
19 Հիսուսը պատասխանեց նրանց. «Քանդե՛ք այս տաճարը, և ես երեք օրում կվերականգնեմ այն»:+
20 Հրեաներն ասացին. «Այս տաճարը 46 տարում է կառուցվել, իսկ դու երեք օրում վերականգնելո՞ւ ես»:
21 Բայց նա իր մարմնի տաճարը նկատի ուներ:+
22 Եվ երբ նա հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, որ ասում էր այդ մասին,+ ու հավատացին սուրբ գրքերին և Հիսուսի խոսքերին:
23 Երբ նա Պասեքի տոնին Երուսաղեմում էր, շատերը, տեսնելով նրա կատարած հրաշքները, հավատացին նրա անվանը:
24 Սակայն Հիսուսը լիովին չէր վստահում նրանց, քանի որ ճանաչում էր նրանց բոլորին
25 և կարիք չուներ, որ իրեն ինչ-որ մեկի մասին որևէ բան պատմեին, որովհետև գիտեր, թե ինչ կա մարդու սրտում:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Ինձ ու քեզ ի՞նչ, կի՛ն»: Սա անհամաձայնություն արտահայտող դարձված է: «Կին» դիմելաձևը անհարգալից վերաբերմունք ցույց չի տալիս:
^ Հավանական է՝ հեղուկի չափման միավորը եղել է մարը: 1 մարը մոտ 22 լ է: Տես հավելված Բ14:
^ Կամ՝ «շուկա»: