Ղուկաս 7։1-50
7 Ժողովրդին այդ ամենը ասելուց հետո Հիսուսը գնաց Կափառնայում:
2 Այնտեղ մի հարյուրապետ էր ապրում, որի ծառաներից մեկը, ով շատ թանկ էր նրա համար, ծանր հիվանդացել էր ու մահամերձ էր:+
3 Հիսուսի մասին լսելով՝ հարյուրապետը հրեաների երեցներին նրա մոտ ուղարկեց՝ խնդրելու, որ գա և իր ծառային բուժի:
4 Նրանք եկան Հիսուսի մոտ ու սկսեցին թախանձագին աղերսել նրան՝ ասելով. «Այդ մարդն արժանի է, որ անես դա նրա համար,
5 որովհետև սիրում է մեր ազգը, մեր ժողովարանն էլ նա է կառուցել»:
6 Ուստի Հիսուսը գնաց նրանց հետ: Սակայն երբ արդեն մոտեցել էր հարյուրապետի տանը, հանդիպեց նրա ընկերներին, որոնց նա ուղարկել էր, որ ասեն. «Տե՛ր, նեղություն մի՛ քաշիր: Ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես,+
7 դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալ: Միայն մի բառ ասա, և ծառաս կբուժվի:
8 Ես ինքս իշխանության տակ եղող մարդ եմ, նաև ինձ ենթակա զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛, գնում է, մյուսին ասում եմ՝ արի՛, գալիս է, ծառայիս կարգադրում եմ՝ այս բա՛նն արա, և անում է»:
9 Երբ Հիսուսը լսեց դա, շատ զարմացավ և շրջվելով՝ իր հետևից եկող մարդկանց ասաց. «Ասում եմ ձեզ. երբեք այսպիսի մեծ հավատ չեմ տեսել անգամ իսրայելացիների մեջ»:+
10 Երբ հարյուրապետի ուղարկած մարդիկ տուն վերադարձան, տեսան, որ ծառան առողջացել է:+
11 Շատ չանցած՝ Հիսուսը ճանապարհ ընկավ դեպի Նային քաղաք: Նրա հետ էին աշակերտները ու մարդկանց մի մեծ բազմություն:
12 Երբ մոտեցավ քաղաքի դարպասին, այնտեղից մի մահացած մարդու էին դուրս բերում. դա մի կնոջ մինուճար որդին էր:+ Ընդ որում՝ այդ կինն այրի էր: Քաղաքից մի մեծ բազմություն էր ուղեկցում նրան:
13 Երբ Տերը տեսավ կնոջը, նրա սիրտը ճմլվեց:+ Ուստի դիմելով նրան՝ ասաց. «Մի՛ լացիր»:+
14 Ապա մոտեցավ ու դիպավ պատգարակին, և պատգարակը տանողները կանգ առան: Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Երիտասա՛րդ, ասում եմ քեզ, վե՛ր կաց»:+
15 Մահացածը տեղում նստեց ու սկսեց խոսել: Եվ Հիսուսը նրան մորը հանձնեց:+
16 Բոլորը, վախով համակված, սկսեցին փառք տալ Աստծուն և ասել. «Մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ»,+ «Աստված ուշադրություն է դարձրել իր ժողովրդին»:+
17 Հիսուսի արածի մասին լուրը տարածվեց ողջ Հրեաստանում ու շրջակա բոլոր վայրերում:
18 Հովհաննեսի աշակերտները այս ամենի մասին պատմեցին նրան:+
19 Ուստի Հովհաննեսը իր աշակերտներից երկուսին ուղարկեց Տիրոջ մոտ, որ հարցնեն. «Դո՞ւ ես նա, որ պետք է գար,+ թե՞ մեկ ուրիշին սպասենք»:
20 Նրանք էլ եկան Հիսուսի մոտ ու ասացին. «Հովհաննես Մկրտիչը մեզ ուղարկեց քեզ մոտ՝ հարցնելու. «Դո՞ւ ես նա, որ պետք է գար, թե՞ մեկ ուրիշին սպասենք»»:
21 Հենց այդ ժամանակ նա բուժեց շատերի հիվանդությունները,+ անգամ ծանր հիվանդությունները, չար ոգիներ հանեց ու բազմաթիվ կույր մարդկանց տեսողություն շնորհեց:
22 Եվ դիմելով այդ երկուսին՝ ասաց. «Գնացեք և պատմեք Հովհաննեսին, ինչ որ տեսաք ու լսեցիք. կույրերը տեսնում են,+ կաղերը քայլում են, բորոտները առողջանում* են, խուլերը լսում են,+ մահացածները հարություն են առնում, և աղքատներին բարի լուրն է հռչակվում:+
23 Երջանիկ է նա, ով ինձ հետ կապված կասկածներ չունի»:*+
24 Երբ երկու աշակերտները գնացին, Հիսուսը սկսեց խոսել Հովհաննեսի մասին՝ ժողովրդին ասելով. «Անապատ էիք գնում, որ ի՞նչ տեսնեք: Չէ՞ որ չէիք գնում տեսնելու քամուց տատանվող մի եղեգ:+
25 Ուրեմն ի՞նչ տեսնելու էիք գնում: Փափուկ* հագուստ հագած մարդո՞ւ:+ Չէ՞ որ շքեղ հագուստ հագնողները և ճոխության մեջ ապրողները արքայական տներում են:
26 Ուրեմն ինչո՞ւ էիք գնում: Մարգարե՞ տեսնելու: Այո՛, ասում եմ ձեզ, նա մարգարեից էլ ավելին է:+
27 Նրա մասին է գրված. «Ահա ես կուղարկեմ իմ պատգամաբերին քեզնից առաջ, և նա կհարթի քո ճանապարհը»:+
28 Ասում եմ ձեզ. երկրի վրա ծնվածների մեջ Հովհաննեսից մեծը չկա, թեև Աստծու թագավորության մեջ փոքրը նրանից մեծ է»:+
29 (Երբ հարկահավաքներն ու մյուս բոլոր մարդիկ, ովքեր մկրտվել էին Հովհաննեսի կողմից, լսեցին դա, հայտարարեցին, որ Աստծու ճանապարհներն արդար են:+
30 Բայց փարիսեցիներն ու Օրենքի գիտակները, արհամարհելով իրենց տրված Աստծու առաջնորդությունը,*+ չէին մկրտվել Հովհաննեսի կողմից):
31 Հիսուսը շարունակեց. «Ի՞նչ համեմատություն անեմ այս սերնդի մարդկանց վերաբերյալ, ո՞ւմ են նրանք նման:+
32 Իրավիճակը կարելի է համեմատել այն բանի հետ, որ երեխաները, շուկայում նստած, մեկը մյուսին ասում են. «Մենք ձեզ համար սրինգ էինք նվագում, բայց դուք չէիք պարում, լացուկոծ էինք անում, բայց դուք չէիք լացում»:
33 Դուք նրանց նման եք. Հովհաննես Մկրտիչը ուրիշների պես հաց չէր ուտում ու գինի չէր խմում,+ ասում էիք՝ դիվահար է:
34 Իսկ մարդու Որդին բոլորի պես ուտում է ու խմում, ասում եք. «Որկրամոլ է ու գինեմոլ՝ հարկահավաքների և մեղսագործների ընկեր»:+
35 Ինչևէ, իմաստությունը փաստվում է իր տված պտուղներով»:*+
36 Փարիսեցիներից մեկը շարունակ խնդրում էր Հիսուսին, որ ճաշի իր հետ: Հիսուսն էլ եկավ նրա տուն և թիկնեց սեղանի շուրջ:
37 Այդ ժամանակ մի կին, որը քաղաքում ճանաչված էր որպես անբարո* մեկը, իմանալով, որ Հիսուսը ճաշում է փարիսեցու տանը, եկավ այդտեղ՝ ձեռքին անուշահոտ յուղով լի ալաբաստրե* սրվակ:+
38 Նա արտասվելով ծնկի իջավ Հիսուսի ոտքերի մոտ: Արցունքներն ընկնում էին Հիսուսի ոտքերին, և կինն իր մազերով սրբում էր դրանք: Նա ջերմորեն համբուրում էր նրա ոտքերը և անուշահոտ յուղ լցնում դրանց վրա:
39 Երբ Հիսուսին հրավիրած փարիսեցին տեսավ դա, իր մտքում ասաց. «Եթե այս մարդն իրոք մարգարե լիներ, կիմանար, թե իրեն դիպչողն ով է, ինչպիսի կին է: Կիմանար, որ անբարո է»:+
40 Կարդալով նրա մտքերը՝ Հիսուսն ասաց. «Սիմո՛ն, քեզ մի բան եմ ուզում ասել»: Նա էլ պատասխանեց. «Ասա, Ուսուցի՛չ»:
41 «Երկու հոգի պարտք էին մի մարդու. մեկը 500 դինար* էր պարտք, մյուսը՝ 50:
42 Քանի որ նրանք ի վիճակի չէին վճարելու, նա երկուսին էլ մեծահոգաբար ներեց: Հիմա այդ երկուսից ո՞ր մեկը նրան ավելի շատ կսիրի»:
43 Սիմոնը պատասխանեց. «Երևի նա, ում պարտքը ավելի մեծ էր»: Հիսուսն էլ ասաց. «Ճիշտ ես մտածում»:
44 Ապա թեքվելով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. ես քո տուն մտա, դու ոտքերս լվալու համար ջուր չտվեցիր, բայց նա իր արցունքներով լվաց ոտքերս և իր մազերով սրբեց:
45 Դու ինձ ողջունելիս մի համբույր էլ չտվեցիր, բայց նա այս ողջ ընթացքում, ինչ այստեղ եմ, անդադար ջերմորեն համբուրում է ոտքերս:
46 Դու ոչ մի յուղ չլցրիր գլխիս, բայց այս կինը անուշահոտ յուղով է օծում ոտքերս:
47 Դրա համար ասում եմ քեզ. թեև նրա մեղքերը շատ* են, բայց ներված են,+ որովհետև* նա շատ սիրեց, իսկ ով քիչ մեղքերի համար է ներում ստանում, նա քիչ է սիրում»:
48 Ապա կնոջն ասաց. «Քո մեղքերը ներված են»:+
49 Հիսուսի հետ սեղանի շուրջ թիկնածները սկսեցին մտածել. «Այս մարդն ո՞վ է, որ նույնիսկ մեղքեր է ներում»:+
50 Իսկ Հիսուսն ասաց կնոջը. «Քո հավատը փրկեց քեզ: Գնա խաղաղությամբ»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «մաքրվում»:
^ Բռց.՝ «ով չի ընկնում իմ պատճառով»:
^ Կամ՝ «Ճոխ»:
^ Կամ՝ «խորհուրդը»:
^ Բռց.՝ «արդարացվում է իր բոլոր զավակներով»:
^ Կամ՝ «մեղսագործ»:
^ Ալաբաստրը սպիտակ, թափանցիկ հանքաքար է:
^ Տես հավելված Բ14:
^ Կամ՝ «մեծ»:
^ Կամ հնարավոր է՝ «դրա համար էլ»: