Մատթեոս 26։1-75

  • Քահանաները ծրագրում են սպանել Հիսուսին (1-5)

  • Մի կին անուշահոտ յուղ է լցնում Հիսուսի գլխին (6-13)

  • Վերջին Պասեքը: Հուդան մատնում է Հիսուսին (14-25)

  • Տիրոջ ընթրիքը (26-30)

  • Հիսուսն ասում է, որ Պետրոսն ուրանալու է իրեն (31-35)

  • Հիսուսն աղոթում է Գեթսեմանի պարտեզում (36-46)

  • Հիսուսին ձերբակալում են (47-56)

  • Հիսուսը կանգնում է Սինեդրիոնի առաջ՝ դատվելու (57-68)

  • Պետրոսն ուրանում է Հիսուսին (69-75)

26  Այս ամենի մասին խոսելուց հետո Հիսուսն ասաց իր աշակերտներին.  «Դուք գիտեք, որ երկու օր հետո Պասեքն է,+ և մարդու Որդուն հանձնելու են հակառակորդների ձեռքը, որ սյանը գամեն»:+  Այդ ժամանակ ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները հավաքվեցին Կայիափա քահանայապետի բակում+  և միասին ծրագիր կազմեցին,+ թե ինչպես խորամանկությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն:  Սակայն ասում էին. «Միայն թե ոչ տոնի ժամանակ, որ ժողովրդի մեջ խռովություն չբարձրանա»:  Երբ Հիսուսը Բեթանիայում էր՝ Սիմոնի տանը, ով բուժվել էր բորոտությունից,+  ընթրիքի ժամանակ մի կին, թանկարժեք անուշահոտ յուղով լի ալաբաստրե* սրվակը ձեռքին, մոտեցավ Հիսուսին և յուղը լցրեց նրա գլխին:  Տեսնելով դա՝ աշակերտները վրդովվեցին ու ասացին. «Ինչի՞ համար վատնեց այդ յուղը:  Այն կարելի էր թանկ գնով վաճառել և փողը աղքատներին տալ»: 10  Տեղյակ լինելով, թե ինչ են խոսում՝ Հիսուսն ասաց նրանց. «Ինչո՞ւ եք վատ դրության մեջ դնում այս կնոջը: Նա լավ բան արեց իմ հանդեպ: 11  Աղքատները միշտ ձեզ հետ են,+ բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ:+ 12  Անուշահոտ յուղը ինձ վրա լցնելով՝ նա մարմինս թաղման նախապատրաստեց:+ 13  Հաստատ ասում եմ ձեզ. ամբողջ աշխարհում, որտեղ էլ որ բարի լուրը քարոզվի, այս կնոջ արածն էլ կպատմվի, ու նրա հիշատակը չի մոռացվի»:+ 14  Դրանից հետո տասներկուսից մեկը, որին Հուդա Իսկարիովտացի+ էին կոչում, գնաց ավագ քահանաների մոտ+ 15  ու ասաց. «Ինձ ի՞նչ կտաք, եթե Հիսուսին մատնեմ, որ բռնեք նրան»:+ Նրանք պայմանավորվեցին 30 արծաթադրամ տալ նրան:+ 16  Այդուհետ նա հարմար առիթ էր փնտրում, որ մատնի Հիսուսին: 17  Անթթխմոր հացերի տոնի առաջին օրը+ աշակերտները Հիսուսի մոտ եկան ու հարցրին. «Որտե՞ղ ես ուզում՝ քեզ համար պատրաստենք Պասեքի ընթրիքը»:+ 18  Նա էլ կարգադրեց, որ գնան քաղաք՝ այսինչ մարդու մոտ, և ասեն նրան. «Ուսուցիչն ասում է. «Ինձ համար նշանակված ժամանակը մոտ է: Պասեքը աշակերտներիս հետ քո տանն եմ նշելու»»: 19  Աշակերտներն արեցին այն, ինչ Հիսուսը կարգադրեց, և պատրաստություն տեսան Պասեքի համար: 20  Երեկոյան+ նա 12 աշակերտների հետ թիկնել էր սեղանի շուրջ,+ 21  և մինչ ուտում էին, ասաց. «Հաստատ ասում եմ. ձեզնից մեկը մատնելու է ինձ»:+ 22  Նրա խոսքերից անչափ վշտացած՝ նրանք մեկը մյուսի հետևից հարցրին նրան. «Տե՛ր, մի՞թե ես եմ»: 23  Հիսուսն էլ պատասխանեց. «Իր հացը ինձ հետ նույն ամանի մեջ թաթախող մեկն է ինձ մատնելու:+ 24  Ճիշտ է, մարդու Որդին մեռնելու է, ինչպես որ գրված է նրա մասին, բայց վա՜յ+ այն մարդուն, ում ձեռքով նա կմատնվի:+ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, որ ծնված չլիներ»:+ 25  Հուդան, որը մատնելու էր նրան, հարցրեց. «Մի՞թե ես եմ, ռաբբի՛»: Հիսուսն էլ պատասխանեց. «Ինքդ ասացիր»:* 26  Մինչ ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, Աստծուն շնորհակալություն հայտնելուց հետո մասերի բաժանեց+ ու տալով աշակերտներին՝ ասաց. «Վերցրեք ու կերեք. սա խորհրդանշում է իմ մարմինը»:+ 27  Ապա վերցրեց բաժակը և շնորհակալական աղոթք անելուց հետո տվեց նրանց ու ասաց. «Բոլորդ խմեք դրանից,+ 28  որովհետև սա խորհրդանշում է իմ արյունը.+ այդ «արյունով վավերացվելու է ուխտը»,*+ և այն թափվելու է շատերի համար,+ որպեսզի նրանց մեղքերը ներվեն:+ 29  Ասում եմ ձեզ. այսուհետ այլևս գինի չեմ խմի, մինչև այն օրը, երբ ձեզ հետ նոր գինի խմեմ իմ Հոր թագավորության մեջ»:+ 30  Վերջում գովաբանության երգեր* երգելուց հետո նրանք ճանապարհ ընկան դեպի Ձիթենյաց լեռը:+ 31  Հետո Հիսուսն ասաց նրանց. «Այս գիշեր բոլորդ կլքեք* ինձ այն ամենի պատճառով, ինչ տեղի կունենա ինձ հետ, որովհետև գրված է. «Ես կհարվածեմ հովվին, և հոտի ոչխարները կցրվեն»:+ 32  Բայց երբ հարություն առնեմ, կգնամ Գալիլեա, մինչև դուք գաք»:+ 33  Սակայն Պետրոսն ասաց նրան. «Նույնիսկ եթե բոլորն էլ քեզ հետ տեղի ունեցածի պատճառով լքեն քեզ, ես երբեք չեմ լքի»:+ 34  Հիսուսն էլ նրան ասաց. «Հաստատ ասում եմ քեզ. այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»:+ 35  Պետրոսն ասաց. «Նույնիսկ եթե քեզ հետ մեռնելու էլ լինեմ, երբեք չեմ ուրանա քեզ»:+ Մյուս բոլոր աշակերտներն էլ էին նույնը ասում: 36  Հիսուսը աշակերտների հետ գնաց Գեթսեմանի կոչվող վայրը:+ Նա ասաց նրանց. «Դուք այստեղ նստեք, իսկ ես գնամ աղոթեմ»:+ 37  Նա իր հետ վերցրեց Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին: Նրան սկսել էր համակել տխրությունն ու տագնապի ուժգին զգացումը:+ 38  Դիմելով իր հետ եղողներին՝ Հիսուսն ասաց. «Ես շատ տխուր եմ՝ մահու չափ: Մնացեք այստեղ և ինձ պես արթուն եղեք»:+ 39  Ապա նրանցից փոքր-ինչ հեռացավ ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց և սկսեց աղոթել.+ «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, հեռացրու այս բաժակն+ ինձանից: Այդուհանդերձ, թող լինի ոչ թե այն, ինչ ես եմ ուզում, այլ ինչ դու ես ուզում»:+ 40  Վերադառնալով աշակերտների մոտ՝ տեսավ, որ քնած են, և Պետրոսին ասաց. «Չկարողացա՞ք գոնե մեկ ժամ արթուն մնալ:+ 41  Արթուն մնացեք+ և շարունակ աղոթեք,+ որ փորձության մեջ չընկնեք:+ Մարդը ոգով պատրաստակամ է, բայց մարմնով՝ տկար»:+ 42  Ապա նորից գնաց ու սկսեց աղոթել. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ, որ այս բաժակը հեռացնես ինձանից, ու ես չխմեմ դրանից, ապա թող քո կամքը լինի»:+ 43  Երբ վերադարձավ, տեսավ, որ աշակերտները կրկին քնով են անցել, քանի որ նրանց աչքերը ծանրացել էին: 44  Նա թողեց գնաց ու երրորդ անգամ աղոթեց՝ խնդրելով նույն բանի մասին: 45  Ապա վերադարձավ աշակերտների մոտ ու ասաց. «Ինչպե՜ս կարող եք այս կարևոր պահին քնել ու հանգստանալ: Եկել է ժամը, որ մարդու Որդին մատնվի մեղսագործների ձեռքը: 46  Վեր կացեք՝ գնանք, ինձ մատնողն արդեն այստեղ է»: 47  Նա դեռ խոսում էր, երբ Հուդան՝ տասներկուսից մեկը, եկավ: Նրան ուղեկցում էր ավագ քահանաների և ժողովրդի երեցների կողմից ուղարկված մի մեծ ամբոխ, որը զինված էր սրերով ու մահակներով:+ 48  Մատնիչը նշան էր տվել նրանց՝ ասելով. «Ում որ համբուրեմ, նա է, նրան կձերբակալեք»: 49  Քայլելով ուղիղ դեպի Հիսուսը՝ Հուդան ասաց՝ «Ողջո՛ւյն, ռաբբի՛», ու ջերմորեն համբուրեց նրան: 50  Բայց Հիսուսն ասաց. «Բարեկա՛մ, ինչի՞ համար ես եկել այստեղ»:+ Այդ պահին Հուդայի հետ եկածները մոտեցան ու ձերբակալեցին Հիսուսին: 51  Հիսուսի հետ եղողներից մեկը ձեռքը տարավ դեպի իր սուրը, դուրս քաշեց այն և հարվածելով քահանայապետի ծառային՝ կտրեց նրա ականջը:+ 52  Հիսուսն ասաց նրան. «Սուրդ տե՛ղը դիր,+ որովհետև բոլոր սուր վերցնողները սրով էլ կընկնեն:+ 53  Թե՞ կարծում ես՝ չեմ կարող խնդրել իմ Հորը, որ ինձ օգնելու համար հենց այս պահին ավելի քան 12 լեգեոն հրեշտակ ուղարկի:+ 54  Բայց այդ դեպքում ինչպե՞ս կկատարվեն սուրբ գրքերում գրվածները, որտեղ ասվում է, որ այսպես պետք է լինի»: 55  Ապա դիմելով ամբոխին՝ ասաց. «Ավազա՞կ եմ, ի՞նչ է, որ սրերով ու մահակներով եք եկել ինձ ձերբակալելու: Ամեն օր տաճարում նստած ուսուցանում էի,+ և դուք ինձ չձերբակալեցիք:+ 56  Բայց այս ամենը եղավ, որ կատարվեն մարգարեների գրածները»:+ Այդ ժամանակ բոլոր աշակերտները թողեցին նրան ու փախան:+ 57  Հիսուսին ձերբակալելուց հետո նրան տարան Կայիափա+ քահանայապետի տուն, որտեղ հավաքվել էին Օրենքի ուսուցիչներն* ու երեցները:+ 58  Պետրոսը, բավականին հեռավորություն պահելով, նրա հետևից գնաց մինչև քահանայապետի տան բակը: Նա ներս մտավ և նստեց սպասավորների հետ, որ տեսնի, թե վերջը ինչ է լինելու:+ 59  Այդ ժամանակ ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը* փորձում էին Հիսուսի դեմ կեղծ վկայություն հավաքել, որպեսզի նրան մահապատժի ենթարկեն,+ 60  բայց ոչ մի հարմար բան չէին գտնում, թեև շատ սուտ վկաներ էին եկել:+ Հետո երկու վկաներ եկան 61  ու ասացին. «Այս մարդն ասում էր. «Ես կարող եմ Աստծու տաճարը քանդել ու երեք օրում վերականգնել»»:+ 62  Այս խոսքերը լսելով՝ քահանայապետը ոտքի կանգնեց ու հարցրեց Հիսուսին. «Պատասխան չունե՞ս: Չե՞ս լսում՝ ինչ մեղադրանք են ներկայացնում քո դեմ»:+ 63  Բայց Հիսուսը լուռ մնաց:+ Ուստի քահանայապետն ասաց նրան. «Կենդանի Աստծու առաջ պարտավորեցնում եմ քեզ, որ մեզ ճիշտն ասես՝ դու Քրիստո՞սն ես՝ Աստծու Որդին»:+ 64  Հիսուսն էլ պատասխանեց. «Այդպես էլ կա:* Ասում եմ ձեզ. սրանից հետո կտեսնեք, որ մարդու Որդին+ նստած է Զորավորի* աջ կողմը+ և գալիս է երկնքի ամպերի վրայով»:+ 65  Այդ ժամանակ քահանայապետը, պատռելով իր վերնազգեստը, բացականչեց. «Անարգե՜ց Աստծուն: Էլ ի՞նչ վկաներ են պետք: Ձեր ականջով լսեցիք նրա աստվածանարգ խոսքերը: 66  Դե՞, ի՞նչ կասեք»: Նրանք էլ պատասխանեցին. «Մահապա՛րտ է»:+ 67  Ապա թքեցին նրա երեսին+ և բռունցքներով խփեցին նրան:+ Ոմանք էլ ապտակում էին նրան+ 68  ու ասում. «Քրիստո՛ս, եթե մարգարե ես, ասա՝ ո՞վ էր քեզ խփողը»: 69  Այդ ընթացքում Պետրոսը նստած էր դրսում՝ տան բակում: Աղախիններից մեկը մոտեցավ նրան ու ասաց. «Դու էլ էիր գալիլեացի Հիսուսի հետ»:+ 70  Բայց նա բոլորի առաջ հերքեց ու ասաց. «Չգիտեմ՝ ինչի մասին ես խոսում»: 71  Հետո գնաց դեպի մուտքը, բայց այդ ժամանակ մեկ ուրիշ աղախին, նրան նկատելով, այնտեղ եղողներին ասաց. «Այս մարդը նազարեթցի Հիսուսի հետ էր»:+ 72  Բայց նա երդվելով կրկին հերքեց. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն»: 73  Քիչ անց այնտեղ կանգնածները մոտեցան Պետրոսին ու ասացին. «Չէ՛, հաստատ դու էլ ես նրանցից մեկը: Քո բարբառն* էլ է մատնում, որ գալիլեացի ես»: 74  Այդ ժամանակ նա սկսեց ինքն իրեն անեծքի տակ դնելով երդվել. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն»: Եվ հենց այդ պահին աքաղաղը կանչեց: 75  Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքերը՝ «Աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»,+ և դուրս գնաց ու դառնագին լաց եղավ:

Ծանոթագրություններ

Ալաբաստրը սպիտակ, թափանցիկ հանքաքար է:
Սա դարձված էր, որով հաստատվում էր ասվածը:
Բառարանում տես «Ուխտ»:
Կամ՝ «օրհներգեր», «սաղմոսներ»:
Բռց.՝ «կսայթաքեք»:
Բռց.՝ «դպիրները»:
Հրեական բարձրագույն դատարանը:
Բռց.՝ «զորության», «իշխանության»:
Բռց.՝ «Ինքդ ասացիր»: Սա դարձված էր, որով հաստատում էին ասվածը:
Կամ՝ «առոգանությունը»: