Մարկոս 4։1-41
4 Հիսուսը նորից սկսեց ուսուցանել ծովի մոտակայքում, և նրա շուրջը շատ մեծ բազմություն հավաքվեց: Ուստի նա մի նավակ նստեց և ափից փոքր-ինչ հեռացավ, իսկ ամբողջ բազմությունը մնաց ափին:+
2 Նա սկսեց առակներով+ շատ բաներ սովորեցնել նրանց՝ ասելով.+
3 «Լսեք: Սերմնացանը գնաց սերմ ցանելու:+
4 Ցանելիս որոշ սերմեր ընկան ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան դրանք:
5 Որոշ սերմեր ընկան ժայռոտ մասերում, որտեղ բավականաչափ հող չկար: Դրանք անմիջապես ծիլ տվեցին, որովհետև հողը խորը չէր:+
6 Բայց երբ արևը ծագեց, ծիլերը խանձվեցին ու չորացան, քանի որ խոր արմատ չէին գցել:
7 Որոշ սերմեր էլ ընկան փշերի մեջ, և փշերը աճեցին ու խեղդեցին դրանք, ուստի դրանք պտուղ չտվեցին:+
8 Իսկ մյուսներն ընկան լավ հողի մեջ և աճելով ու մեծանալով սկսեցին պտուղ տալ՝ երեսնապատիկ, վաթսունապատիկ և հարյուրապատիկ»:+
9 Ապա Հիսուսն ավելացրեց. «Ով ականջ ունի, թող ուշադիր լսի»:+
10 Երբ նա մենակ մնաց, 12 առաքյալներն ու մյուս աշակերտները սկսեցին նրան հարցեր տալ առակների մասին:+
11 Հիսուսն ասաց. «Ձեզ համար բացահայտվում է Աստծու թագավորության սրբազան գաղտնիքը,+ բայց մյուսներին ամեն բան առակներով է ներկայացվում,+
12 որպեսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց իմաստը չըմբռնեն: Այնպես որ նրանք երբեք հետ չեն դառնա դեպի Աստված ու ներում չեն ստանա»:+
13 Հետո ավելացրեց. «Եթե չեք հասկանում այս առակը, ապա ինչպե՞ս եք հասկանալու մյուս առակները:
14 Սերմնացանը նա է, ով ցանում է խոսքը:+
15 Ճանապարհի եզրին ցանված սերմի նշանակությունն այն է, որ խոսքը ցանվում է մարդկանց մեջ, բայց հենց որ նրանք լսում են այդ խոսքը, Սատանան գալիս+ ու նրանց սրտերից տանում է այն:+
16 Ժայռոտ մասերում ցանված սերմի նշանակությունն այն է, որ մարդիկ լսում են խոսքը և անմիջապես ուրախությամբ ընդունում են,+
17 սակայն քանի որ լսածը խոր արմատներ չի գցում նրանց մեջ, նրանք մի որոշ ժամանակ հավատում են, բայց հենց որ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է սկսվում, հետ են կանգնում:
18 Փշերի մեջ ցանված սերմի նշանակությունն այն է, որ մարդիկ լսում են խոսքը,+
19 բայց այս աշխարհի* հոգսերը,+ հարստության մոլորեցնող հրապույրը+ և տարատեսակ ցանկությունները+ սողոսկում են նրանց սիրտն ու խեղդում խոսքը, և այն անպտուղ է լինում:
20 Իսկ լավ հողի մեջ ցանված սերմի նշանակությունն այն է, որ մարդիկ լսում են խոսքը, սրտանց ընդունում են այն ու պտուղ տալիս՝ երեսնապատիկ, վաթսունապատիկ և հարյուրապատիկ»:+
21 Հիսուսը շարունակեց. «Ո՞վ է ճրագը բերում ու դնում զամբյուղի կամ մահճակալի տակ. չէ՞ որ այն դնում են ճրագակալի վրա:+
22 Չկա գաղտնի պահված մի բան, որ չբացահայտվի, և չկա խնամքով թաքցված մի բան, որ հայտնի չդառնա:+
23 Ով ականջ ունի, թող ուշադիր լսի»:+
24 Այնուհետև նրանց ասաց. «Ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչ լսում եք:+ Ինչ չափով որ չափում ու տալիս եք, նույն չափով էլ կչափվի ու կտրվի ձեզ, և դեռ ավելին կտրվի:
25 Ով ջանք է թափում, որ ունենա, նրան ավելին կտրվի,+ իսկ ով ջանք չի թափում, որ ունենա, նույնիսկ նրա մի փոքր ունեցածն էլ կվերցվի նրանից»:+
26 Հիսուսը շարունակեց ուսուցանել բազմությանը. «Աստծու թագավորությունը կարելի է համեմատել այն բանի հետ, որ մարդ հողի մեջ սերմ է ցանում:
27 Գիշերները քնում է, առավոտները վեր կենում, և այդ ընթացքում սերմից ծիլ է դուրս գալիս ու մեծանում, իսկ թե ինչպես, նա չի իմանում:
28 Այն ինքնիրեն աստիճանաբար աճում է հողից. նախ բուսնում է ցողունը, հետո՝ հասկը, և վերջում հասկի մեջ հասունանում են հատիկները:
29 Երբ բերքն արդեն հասունացած է, գալիս է հնձի ժամանակը, և մարդը գործի է դնում մանգաղը»:
30 Ապա շարունակեց. «Աստծու թագավորությունը ինչի՞ հետ համեմատենք կամ ի՞նչ առակով նկարագրենք:
31 Այն նման է մանանեխի հատիկի. թեև ցանվելիս այդ սերմը ամենափոքրն է երկրի վրա գոյություն ունեցող բոլոր սերմերի մեջ,+
32 բայց հետո աճելով դառնում է բանջարանոցային բույսերի մեջ ամենամեծը և մեծ ճյուղեր է տալիս, այնպես որ թռչունները կարող են բույն դնել դրա հովանու տակ»:
33 Հիսուսը այսպիսի շատ առակներով+ մարդկանց ուսուցանում էր Աստծու խոսքը՝ հաշվի առնելով, թե նրանք որքան կարող են ընկալել:
34 Առանց առակի չէր խոսում նրանց հետ, բայց իր աշակերտներին առանձին ամեն ինչ բացատրում էր:+
35 Այդ օրը՝ երեկոյան, նա աշակերտներին ասաց. «Եկեք մյուս ափն անցնենք»:+
36 Ժողովրդին ճանապարհելուց հետո նրանք Հիսուսի հետ նավակով հեռացան. նրանց հետ նավարկող ուրիշ նավակներ էլ կային:+
37 Հանկարծ մի ուժգին փոթորիկ բարձրացավ. ալիքները զարկվում էին նավակին, և այն գրեթե ամբողջությամբ ջրով էր լցվել:+
38 Իսկ Հիսուսը նավի ետնամասում բարձի վրա քնած էր: Նրան արթնացրին ու ասացին. «Ուսուցի՛չ, հոգդ չէ՞, որ կործանվում ենք»:
39 Հիսուսը վեր կացավ, քամուն սաստեց ու ծովին հրամայեց. «Լռի՛ր: Հանդարտվի՛ր»:+ Քամին դադարեց, ու կատարյալ հանդարտություն տիրեց:
40 Հիսուսը ասաց նրանց. «Ինչո՞ւ եք այդպես վախեցել: Մինչև հիմա դեռ հավատ չունե՞ք»:
41 Բայց նրանց անասելի վախ էր պատել: Նրանք իրար ասում էին. «Ո՞վ է այս մարդը, որ նույնիսկ քամին ու ծովն են ենթարկվում նրան»:+