Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ա5

Աստծու անունը՝ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում

Աստվածաշնչագետներն ընդունում են, որ Եբրայերեն Գրվածքների բնագրային տեքստերում Աստծու անձնանունը քառագրի տեսքով (יהוה) հանդիպում է մոտ 7 000 անգամ: Բայց նրանցից շատերի կարծիքով՝ այդ անունը չի եղել Քրիստոնեական Հունարեն Գրվածքների բնագրում: Այդ իսկ պատճառով Նոր Կտակարանի ժամանակակից թարգմանությունների մեծ մասում չի հանդիպում «Եհովա» անունը: Նույնիսկ Եբրայերեն Գրվածքներից արված մեջբերումներում, որոնցում առկա է քառագիրը, թարգմանիչների մեծամասնությունը Աստծու անվան փոխարեն գործածել է «Տեր» բառը:

Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության մեջ նման մոտեցում չի կիրառվել: Այս թարգմանության մեջ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում «Եհովա» անունը հանդիպում է 237 անգամ: Թարգմանիչները Աստծու անունը գործածել են՝ հաշվի առնելով երկու կարևոր գործոն: 1) Առկա հունարեն ձեռագրերը բնօրինակներ չեն. ներկայումս գոյություն ունեցող հազարավոր ձեռագրերի մեծ մասը գրվել է բնօրինակների արձանագրումից առնվազն երկու դար անց: 2) Այդ ժամանակներում արտագրողները քառագիրը կա՛մ փոխարինում էին հունարեն Կիրիոս (Տեր) բառով, կա՛մ էլ արտագրում էին այն ձեռագրերից, որոնց մեջ արդեն իսկ արված էր այդ փոփոխությունը:

Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն եկել է այն եզրահանգման, որ հունարեն բնօրինակներում քառագրի առկայության մասին վկայող բավարար փաստեր կան: Այդ փաստերը նշված են ստորև:

  • Հիսուսի և առաքյալների օրերում գործածվող Եբրայերեն Գրվածքների կրկնօրինակներում բազմիցս գրված է եղել քառագիրը: Անցյալում որոշ մարդիկ վիճարկել են այս հանգամանքը: Սակայն հիմա, երբ Կումրանի մոտակայքում հայտնաբերվել են առաջին դարով թվագրվող Եբրայերեն Գրվածքների կրկնօրինակներ, այս իրողությունը լիովին փաստվել է, և այլևս որևէ կասկած չի մնացել:

  • Հիսուսի և առաքյալների օրերում քառագիրը առկա էր նաև Եբրայերեն Գրվածքների հունարեն թարգմանություններում: Դարեր շարունակ աստվածաշնչագետները կարծել են, թե «Յոթանասնից»-ում՝ Եբրայերեն Գրվածքների հունարեն թարգմանության մեջ, քառագիրը գրված չի եղել: Բայց հետո՝ 20-րդ դարի կեսերին, աստվածաշնչագետների ուշադրությանը ներկայացվեցին «Յոթանասնից»-ի մի քանի շատ հին պատառիկներ, որոնք մեզ են հասել Հիսուսի օրերից: Այդ պատառիկներում առկա է Աստծու անունը՝ գրված եբրայերեն տառերով: Ուստի հստակ է, որ Հիսուսի օրերում աստվածաշնչյան գրվածքների հունարեն թարգմանություններում եղել է Աստծու անունը: Բայց «Յոթանասնից»-ի՝ 4-րդ դարով թվագրված հանրահայտ ձեռագրերում, օրինակ՝ Վատիկանյան և Սինայական ձեռագրերում Աստծու անունը «Ծննդոց»-ից մինչև «Մաղաքիա» արդեն ոչ մի տեղ չէր հանդիպում (թեև ավելի վաղ շրջանի ձեռագրերում այն առկա էր): Հետևաբար, զարմանալի չէ, որ Նոր Կտակարանի, կամ՝ Հունարեն Գրվածքների՝ այդ ժամանակաշրջանի տեքստերում Աստծու անունը չկա:

    Հիսուսը հստակ ասել է՝ «Ես եկել եմ իմ Հոր անունից», նաև ընդգծել է, որ իր գործերն անում է իր «Հոր անունով»

  • Քրիստոնեական Հունարեն Գրվածքներն ինքնին վկայում են, որ Հիսուսը հաճախ խոսել է Աստծու անվան մասին և այն հայտնել մարդկանց (Հովհաննես 17:6, 11, 12, 26): Հիսուսը հստակ ասել է՝ «Ես եկել եմ իմ Հոր անունից», նաև ընդգծել է, որ իր գործերն անում էր իր «Հոր անունով» (Հովհաննես 5:43; 10:25):

  • Քանի որ Քրիստոնեական Հունարեն Գրվածքները Եբրայերեն Գրվածքների շարունակությունն են և նույնպես գրված են Աստծու ներշնչմամբ, անտրամաբանական կլիներ, որ այդ հատվածից Աստծու անունը հանկարծ բացակայեր: Առաջին դարի կեսերին Հիսուսի աշակերտ Հակոբոսը Երուսաղեմի երեցներին այսպիսի խոսքեր է ասել. «Շմավոնը մանրամասն պատմեց, թե ինչպես Աստված առաջին անգամ ուշադրություն դարձրեց այլազգի մարդկանց, որպեսզի նրանց միջից մի ժողովուրդ հավաքի, որը կրելու է իր անունը» (Գործեր 15:14): Հակոբոսի այս խոսքերը անիմաստ կլինեին, եթե առաջին դարում ոչ ոք չիմանար ու չօգտագործեր Աստծու անունը:

  • Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում գործածված է Աստծու անվան կրճատ ձևը: Հայտնություն 19:1, 3, 4, 6 համարների բնագրային տեքստում Աստծու անունը հանդիպում է «Յահ» ձևով «Ալելուիա» բառում (եբրայերեն՝ հալելու Յահ), որը բառացի նշանակում է «գովաբանեք Յահին»: «Յահը» «Եհովա» անվան կրճատ ձևն է: Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում օգտագործված բազմաթիվ անունների կազմության մեջ ներառված է Աստծու անունը: Օրինակ, ինչպես բացատրվում է տարբեր աշխատություններում, հենց «Հիսուս» անունը նշանակում է «Եհովան փրկություն է»:

  • Վաղ շրջանի հրեական գրվածքներից երևում է, որ հրեա քրիստոնյաները իրենց գրավոր տեքստերում օգտագործել են Աստծու անունը: Տոսեֆտայում, որը բանավոր օրենքների ժողովածու է և ամբողջացվել է մ. թ. մոտ 300 թ.-ին, Շաբաթ օրով քրիստոնեական գրվածքների այրման մասին այսպիսի միտք է նշված. «Ավետարանագիրների և մինիմ կոչվածների [հավանաբար հրեա քրիստոնյաների] գրքերը չեն փրկում կրակից: Թույլատրվում է հենց տեղում այրել դրանք՝ Աստծու անվան հիշատակումներով հանդերձ»: Այս նույն աղբյուրը մեջբերում է երկրորդ դարի սկզբում ապրած ռաբբի Յոսե Գալիլեացու խոսքերը, ով ասում է, որ շաբաթվա մյուս օրերին «ինչ-որ մեկը դրանց միջից [հավանաբար քրիստոնեական գրվածքների միջից] կտրում-հանում է այն մասերը, որոնցում գրված է Աստծու անունը, և պահում է դրանք, իսկ մնացածը այրում է»:

  • Որոշ աստվածաշնչագետներ ընդունում են, որ Աստծու անունը ամենայն հավանականությամբ եղել է Քրիստոնեական Հունարեն Գրվածքների այն հատվածներում, որոնք մեջբերումներ են Եբրայերեն Գրվածքներից: Աստվածաշնչյան մի բառարանում՝ «Քառագիրը՝ Նոր Կտակարանում» վերնագրի տակ, ասվում է. «Կան ապացույցներ, որ ՆԿ-ի [Նոր Կտակարանի] բնօրինակում քառագիրը՝ Աստծու անունը՝ Յահվե, հանդիպում է ՀԿ-ից [Հին Կտակարանից] մեջբերված որոշ կամ բոլոր տեղերում» (The Anchor Bible Dictionary): Աստվածաշնչագետ Ջորջ Հովարդն ասում է. «Քանի որ քառագիրը դեռևս կար վաղ շրջանի եկեղեցու օգտագործած հունարեն Աստվածաշնչի [«Յոթանասնից»-ի] օրինակներում, տրամաբանական է ենթադրել, որ ՆԿ-ն [Նոր Կտակարանը] գրողները սուրբ գրվածքներից մեջբերումներ անելիս պահպանել են այն»:

  • Աստվածաշնչի հեղինակավոր թարգմանիչները Քրիստոնեական Հունարեն Գրվածքների թարգմանության մեջ օգտագործել են Աստծու անունը: Այս թարգմանիչներից մի քանիսը Աստծու անունը գործածել են «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայումից դեռ շատ ժամանակ առաջ: Հաջորդիվ ներկայացված են այդ թարգմանիչներից մի քանիսի անունները և նրանց աշխատությունները: Հերման Հայնֆետեր (A Literal Translation of the New Testament… From the Text of the Vatican Manuscript, 1863), Բենջամին Ուիլսոն (The Emphatic Diaglott, 1864), Ջորջ Բարկեր Ստիվենս (The Epistles of Paul in Modern English, 1898), Ու. Գ. Ռադերֆորդ (St. Paul’s Epistle to the Romans, 1900), Ջ. Ու. Չ. Ուոնդ, Լոնդոնի եպիսկոպոս (The New Testament Letters, 1946): Բացի այդ՝ 20-րդ դարի սկզբում Պաբլո Բեսոնը իր իսպաներեն թարգմանության մեջ Ղուկաս 2:15 և Հուդա 14 համարներում օգտագործել է Աստծու անունը՝ «Jehová» ձևով, իսկ ավելի քան 100 ծանոթագրությունում Աստծու անունը նշել է որպես թարգմանության հավանական տարբերակ: Այս թարգմանությունների լույսընծայումից դեռ շատ առաջ՝ սկսած 16-րդ դարից, Քրիստոնեական Հունարեն Գրվածքների եբրայերեն տարբեր թարգմանություններում բազմիցս գործածվել է քառագիրը: Հենց միայն գերմաներենում առնվազն 11 թարգմանությունների մեջ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում գործածված է «Եհովա» (կամ «Յահվե») անունը, իսկ չորս թարգմանիչներ էլ Աստծու անունը գրել են փակագծերում՝ «Տեր» բառից հետո: Գերմաներեն ավելի քան 70 թարգմանություններում էլ Աստծու անունը գրվել է ծանոթագրություններում կամ լրացուցիչ տեղեկություններում:

    Աստծու անունը՝ Գործեր 2:34-ում (The Emphatic Diaglott, 1864, Բենջամին Ուիլսոն)

  • Աստվածաշնչի՝ հարյուրից ավելի լեզուներով թարգմանություններում Աստծու անունը օգտագործված է Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում: Աֆրիկական, բնիկ ամերիկյան, ասիական, եվրոպական և խաղաղօվկիանոսյան շատ լեզուներով թարգմանություններում ազատորեն գործածված է Աստծու անունը (տես  1998-րդ և 1999-րդ էջերը): Այդ հրատարակությունների թարգմանիչները որոշել են օգտագործել Աստծու անունը նույնանման պատճառներով, ինչպիսիք որ նշված են վերևում: Քրիստոնեական Հունարեն Գրվածքների այդպիսի թարգմանությունների օրինակներ են ռոտուման լեզվով Աստվածաշունչը (1999 թ.), որտեղ 48 համարներում 51 անգամ գործածված է «Jihova» տարբերակը, և ինդոնեզական բատակ (տոբա) լեզվով թարգմանությունը (1989 թ.), որտեղ 110 անգամ հանդիպում է «Jahowa» տարբերակը: «Արևմտահայերեն Աստվածաշունչ՝ ծանոթագրություններով» թարգմանության (2001 թ.) մեջ «Եհովա» անունը 5 անգամ նշված է Քրիստոնեական Հունարեն Գրվածքների ծանոթագրություններում: Իսկ արևելահայերեն «Աշխարհաբար նոր թարգմանության» (2001 թ.) մեջ Աստծու անունը գործածված է Հայտնություն 19:1-ի ծանոթագրությունում:

    Աստծու անունը՝ Մարկոս 12:29, 30-ում (հավայական լեզվով թարգմանություն)

Անկասկած, բոլոր հիմքերը կան Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում վերականգնելու Աստծու անունը: «Նոր աշխարհ» թարգմանության թարգմանիչները հենց այդպես էլ վարվել են: Նրանք խորին հարգանքով են վերաբերվում Աստծու անվանը և ունենալով առողջ վախ՝ զգույշ են եղել, որ բնագրային տեքստում հանդիպող որևէ բան չհանեն (Հայտնություն 22:18, 19):