Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել քեզ հաղթահարել թմրամոլությունը
Ամեն տարի միլիոնավոր մարդիկ են մահանում թմրամիջոցների օգտագործման ուղղակի կամ անուղղակի հետևանքներից, այդ թվում՝ դրանց չարաշահումից։ COVID-19 համավարակի ընթացքում այս խնդրի շրջանակը էլ ավելի մեծացավ։ Աստվածաշնչում պարփակված իմաստությունը շատերին է օգնել հաղթահարել թմրամոլությունը։ Եթե դու էլ ես պայքարում այս խնդրի դեմ, ապա այն կարող է օգնել նաև քեզ։ a
Այս հոդվածում՝
Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել հաղթահարելու թմրամոլությունը
Գիտնականները պարզել են, որ թմրամոլությունը հաճախ կապված է այնպիսի խորը խնդիրների հետ, ինչպիսիք են միայնությունը, սթրեսը, անհանգստությունն ու դեպրեսիան։ Սակայն Աստվածաշունչը կարող է օգնել քեզ կերտել հավատ և դրա շնորհիվ հաջողությամբ հաղթահարել կյանքի այն մարտահրավերները, որոնք կարող են հանգեցնել թմրանյութերից կախվածության: Աստծու Խոսքը նաև ցույց է տալիս, թե ինչպես կարող ես մտերիմ ընկերություն հաստատել Աստծու հետ (Սաղմոս 25։14)։ Նրա օգնությամբ կարող ես հաղթահարել անլուծելի թվացող խնդիրները (Մարկոս 11։22–24)։
Աստվածաշնչյան չորս սկզբունքներ, որոնք կօգնեն ազատվել այս սովորությունից
1. Ճանաչիր Եհովա Աստծուն b (Հովհաննես 17։3)։ Նա է Արարիչը և անսահմանափակ զորության Աղբյուրը: Ավելին, նա քո երկնային Հայրն է։ Նա ցանկանում է մտերիմ փոխհարաբերություններ ունենալ քեզ հետ և օգտագործել իր ուժը հօգուտ քեզ (Եսայիա 40։29–31; Հակոբոս 4։8)։ Նա խոստանում է՝ եթե արձագանքես իր սիրուն, ապա հրաշալի ապագա կունենաս (Երեմիա 29։11; Հովհաննես 3։16)։
2. Եհովայից օգնություն խնդրիր։ Աղոթիր Աստծուն և խնդրիր, որ օգնի քեզ հաղթահարել կախվածությունը, որպեսզի կարողանաս լինել «սուրբ [կամ մաքուր] և ընդունելի [նրան]» (Հռոմեացիներ 12։1)։ Իր սուրբ ոգու կամ գործուն ուժի միջոցով նա քեզ կտա «սովորականին գերազանցող ուժը» (2 Կորնթացիներ 4։7; Ղուկաս 11։13)։ Այս ուժը կօգնի քեզ դադարեցնել թմրանյութերի օգտագործումը և Աստծուն հաճելի «նոր անձնավորությունը» հագնել (Կողոսացիներ 3։9, 10)։
3. Միտքդ Աստծու մտքերով լցրու (Եսայիա 55։9)։ Նա կօգնի «նորոգել ձեր միտքը խթանող ուժը» կամ փոխել մտածելակերպը, որն էլ իր հերթին կմղի ազատվել այդ վատ սովորությունից (Եփեսացիներ 4։23)։ Աստծու մտքերն արձանագրված են Աստվածաշնչում, ուստի անչափ կարևոր է կանոնավորաբար կարդալ այն (Սաղմոս 1։1–3)։ Շատերը Աստվածաշունչը հասկանալու համար օգնության են դիմել և չեն փոշմանել (Գործեր 8։30, 31)։ Եհովայի վկաներն առաջարկում են Աստվածաշնչի ուսումնասիրության ինտերակտիվ, անվճար ծրագիր։ Բացի այդ՝ դու կարող ես մասնակցել մեր հանդիպումներին, որտեղ մենք քննում ենք Աստվածաշունչը և սովորում, թե ինչպես կարող ենք դրա սկզբունքները կիրառել կյանքում։
4. Ճիշտ ընկերներ ընտրիր։ Ընկերներդ մեծ ազդեցություն կարող են ունենալ քեզ վրա. հեշտացնել կամ դժվարացնել վատ սովորության դեմ քո պայքարը (Առակներ 13։20)։ Աստծուն պաշտողների մեջ մենք կարող ենք լավ ընկերներ գտնել։ Աստված ուզում է, որ այդ ընկերությունը մեր բարօրությանը նպաստի (Սաղմոս 119։63; Հռոմեացիներ 1։12)։ Զվարճությունների ընտրության հարցում նույնպես ընտրողական եղիր, քանի որ դրանց միջոցով դու ժամանակ ես անցկացնում քո դիտած, լսած կամ ընթերցած նյութերի կերպարների հետ։ Խուսափիր այն ամենից, ինչը կարող է թուլացնել ճիշտն անելու քո վճռականությունը (Սաղմոս 101։3; Ամոս 5։14)։
Աստվածաշնչյան համարներ, որոնք կարող են օգնել հաղթահարել թմրամոլությունը
Սաղմոս 27։10. «Նույնիսկ եթե հայրս ու մայրս ինձ թողնեն, Եհովան կընդունի ինձ»։
«Ես երբեք չեմ ճանաչել իմ կենսաբանական հորը և դրա պատճառով դատարկության զգացում եմ ունեցել։ Բայց երբ ճանաչեցի Եհովա Աստծուն որպես իրական անձնավորության, ով իսկապես սիրում էր ինձ, ես գտա կյանքի իմաստը և կարողացա հաղթահարել թմրամոլությունը» (Ուիլբի, Հայիթի)։
Սաղմոս 50։15. «Կանչի՛ր ինձ նեղության օրը։ Ես կփրկեմ քեզ»։
«Մեկ անգամ չէ, որ այս խոսքերն ինձ ուժ են տվել շարունակելու առաջ շարժվել նույնիսկ անհաջողություններ ունենալուց հետո։ Եհովան պահեց իր խոստումը» (Սերհի, Ուկրաինա)։
Առակներ 3։5, 6. «Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան, և նա կուղղի քո շավիղները»։
«Այս խոսքերն օգնել են, որ հույսս ինձ վրա դնելու փոխարեն Եհովային վստահեմ։ Նրա տված զորությամբ ես կարողացա ամբողջությամբ փոխել կյանքս» (Միկելե, Իտալիա)։
Եսայիա 41։10. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ, արդար աջովս ամուր կբռնեմ քեզ»։
«Երբ թմրանյութ չէի ունենում, խիստ լարվում էի։ Այս համարն ինձ օգնեց հասկանալ, որ Աստված կօգնի ինձ հաղթահարել իմ անհանգստությունը, և նա հենց այդպես էլ վարվեց» (Էնդի, Հարավաֆրիկյան Հանրապետություն)։
1 Կորնթացիներ 15։33. «Մի՛ մոլորվեք։ Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները»։
«Թմրանյութերի մասին ես իմացա վատ ընկերներից ու կախվածություն ձեռք բերեցի։ Ես կարողացա ազատվել միայն այն բանից հետո, երբ կտրեցի իմ կապը նրանց հետ ու ընկերացա լավ սովորություններ ունեցող մարդկանց հետ, որոնց ապրելակերպը ինձ հիացնում էր» (Այզեք, Քենիա)։
2 Կորնթացիներ 7։1. «Եկեք մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից»։
«Այս խոսքերն ինձ ոգեշնչեցին շարունակել իմ մարմինը մաքրելու պայքարը և անցյալում թողնել վատ սովորություններն ու ինքնաոչնչացման ուղին» (Ռոսա, Կոլումբիա)։
Փիլիպպեցիներ 4։13. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ»։
«Ես գիտեի, որ ինքս այնքան ուժեղ չեմ, որ դադարեցնեմ թմրանյութեր օգտագործելը, ուստի աղոթեցի, որ Աստված օգնի ինձ: Նա տվեց ինձ անհրաժեշտ ուժը» (Պատրիցիա, Իտալիա)։
Իրական պատմություններ։ Աստվածաշնչի օգնությամբ հաղթահարում են թմրամոլությունը
Ժոզեֆ Էրենբոգենը մեծացել է վայրագ մարդկանց միջավայրում, սկսել է օգտագործել ալկոհոլ, ծխախոտ, մարիխուանա ու հերոին և կախվածություն ձեռք բերել։ Մի քանի անգամ գերդոզավորման պատճառով մահվան շեմին է հասել։ Սակայն աստվածաշնչյան մի միտք օգնել է նրան հասկանալ, որ կարող է փոխվել։ Ժոզեֆի կենսագրությունը կարող ես կարդալ «Սովորեցի հարգել կանանց և ինքս ինձ» հոդվածում։
Դմիտրի Կորշունովը ալկոհոլի կախվածության դեմ պայքարում շատ անգամներ է սայթաքել։ Դիտիր «Ես հոգնել էի իմ ապրելակերպից» տեսանյութը և տես, թե ինչպես նա հաջողության հասավ։
Արդյո՞ք Աստվածաշունչը դեմ է կախվածությունը բուժելուն
Ո՛չ։ Աստվածաշնչում ընդգծվում է այն փաստը, որ «ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները» (Մատթեոս 9։12)։ Այս մտքին համահունչ՝ ԱՄՆ Թմրանյութերի չարաշահման ազգային ինստիտուտը նշել է հետևյալը. «Թմրանյութերից կախվածությունը բարդ հիվանդություն է։ Դրանից բուժվելու համար միայն լավ մղումներ և կամքի ուժ ունենալը բավարար չեն»։ Անկասկած, Աստծու օգնությունը շատ ավելի զորավոր է, քան մեր սեփական կամքի ուժը։ Սակայն շատ մարդիկ հաղթահարել են կախվածությունը, երբ կիրառել են աստվածաշնչյան խորհուրդները և միաժամանակ բժշկական օգնություն ստացել։ c Օրինակ՝ Ալեն անունով մի մարդ հիշում է. «Երբ վերջ դրեցի ալկոհոլի օգտագործմանը, անասելի ցավեր էի ունենում։ Դա ինձ օգնեց հասկանալ, որ, հոգևոր օգնությունից բացի, նաև բժշկական օգնության կարիք ունեմ»։
Արդյո՞ք Աստվածաշունչը արգելում է բժշկական նպատակով թմրանյութերի օգտագործումը
Ո՛չ։ Աստվածաշնչում խոսվում է այն մասին, որ ալկոհոլը կարող է թեթևացնել մահացող մարդու ցավերը, նաև օգնել որոշակի հիվանդությունների ժամանակ (Առակներ 31։6; 1 Տիմոթեոս 5։23)։ Սակայն ինչպես ալկոհոլը, այնպես էլ ցավազրկելու նպատակով օգտագործվող թմրանյութերը կարող են կախվածություն առաջացնել։ Ուստի պետք է լավատեղյակ լինել հավանական վտանգներին և ցավազրկողներ օգտագործելիս զգուշություն դրսևորել (Առակներ 22։3)։
a Թեև այս հոդվածում հիմնականում խոսվում է թմրանյութերից կախվածություն ունենալու մասին, սակայն այստեղ հիշատակվող աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել նաև այլ կախվածությունների դեմ պայքարում, օրինակ՝ ալկոհոլի, ծխախոտի, որկրամոլության, խաղամոլության, պոռնկագրություն դիտելու, սոցիալական կայքերից օգտվելու և այլն։
b Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։
c Տարբեր հիվանդանոցներ, բժշկական և վերականգնողական կենտրոններ առաջարկում են իրենց օգնությունը։ Յուրաքանչյուր մարդ պետք է ծանրութեթև անի և ընտրի իր համար լավագույն բուժումը (Առակներ 14։15)։