Թարգմանություն՝ առանց գրված խոսքերի
Եհովայի վկաները ավելի քան 900 լեզվով Աստվածաշնչի վրա հիմնված նյութեր են թարգմանում անգլերենից։ Մի լեզվից մեկ ուրիշ լեզվով գրավոր թարգմանություն անելը բավականին դժվար գործ է։ Սակայն ժեստերի լեզվով թարգմանությունը լրացուցիչ աշխատանք է պահանջում։ Լսողության խանգարում ունեցող շատ մարդիկ իրենց մտքերը փոխանցում են տեսանելի կերպով՝ ձեռքերի շարժման և դիմախաղի միջոցով, ուստի ժեստերի լեզվի թարգմանիչները թարգմանում են՝ տեքստը վերածելով տեսանյութի։ Այս կերպով Վկաները թարգմանություն են արել ավելի քան 90 ժեստերի լեզուներով։
Ովքե՞ր են թարգմանիչները
Մյուս բոլոր Վկա թարգմանիչների պես՝ ժեստերի լեզվի թարգմանիչները լավ գիտեն իրենց մայրենի լեզուն։ Նրանցից շատերը զուրկ են լսելու ունակությունից և փոքր տարիքից խոսում են ժեստերի լեզվով, կամ կարողանում են լսել, բայց իրենց ընտանիքի անդամները լսողության խանգարում ունեն։ Թարգմանիչները նաև Աստվածաշնչի ջանասեր ուսումնասիրողներ են։
Նոր թարգմանիչները թարգմանության սկզբունքների հետ կապված հատուկ վերապատրաստում են անցնում։ Օրինակ՝ Էնդրյուն ասում է. «Չնայած որ ես լսողության խանգարում ունեցողների համար նախատեսված դպրոց եմ հաճախել և խոսում եմ ժեստերի լեզվով, բայց թարգմանչական վերապատրաստման դասընթացները օգնել են ինձ հասկանալու այդ լեզվի քերականական կառուցվածքը։ Ուրիշ թարգմանիչներ սովորեցրին ինձ, թե ինչպես բարելավեմ ժեստերը, դիմախաղը և մարմնի շարժումները օգտագործելու հմտությունը, որպեսզի ճշգրտորեն փոխանցեմ մտքերը»։
Ապահովել որակյալ թարգմանություն
Թարգմանիչներն աշխատում են միասին որպես խումբ։ Յուրաքանչյուր անդամ հատուկ դեր է կատարում՝ թարգմանում է, ստուգում կամ սրբագրում է նյութը։ Ապա, եթե հնարավոր է, թարգմանությունը վերանայվում է տարբեր ծագում ունեցող և տարբեր վայրերում բնակվող մի խումբ խուլ անհատների կողմից։ Այդ խմբի նկատառումները հաշվի են առնվում թարգմանությունը բարելավելու նպատակով։ Դա օգնում է, որ ժեստերը և դիմախաղը բնական լինեն, և որ պատրաստի տեսանյութում միտքը ճշգրտորեն և հստակ փոխանցվի։
Ժեստերի լեզվի թարգմանիչները սովորաբար հաճախում են ժեստերի լեզվով անցկացվող ժողովի հանդիպումներին։ Նաև նրանք հաճախ Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում խուլերի համայնքի այն անդամների հետ, ովքեր Եհովայի վկա չեն։ Այդպիսով թարգմանիչները տեղյակ են լինում լեզվական փոփոխություններին։
Ինչո՞ւ են այսքան շատ ջանքեր թափվում
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից» անհատներ արձագանքելու էին մխիթարություն և հույս տվող լուրին (Հայտնություն 7։9)։ Ինչ խոսք, նրանց թվում են ժեստերի լեզվով հաղորդակցվողները։
Թարգմանիչները ուրախությամբ են օգտագործում իրենց ժամանակը և հմտությունները այս արժեքավոր գործի համար։ Թոնի անունով մի թարգմանիչ ասում է. «Քանի որ ես լսողության հետ կապված խնդիրներ ունեմ, կարող եմ հասկանալ, թե ինչ դժվարությունների են բախվում խուլ մարդիկ։ Միշտ սրտանց ցանկացել եմ հնարավորինս շատ խուլ անհատների սրտին հասնել և պատմել նրանց Աստվածաշնչի տված իրական հույսի մասին»։
Ամանդան, ով նույնպես համագործակցում է ժեստերի լեզվով թարգմանչական խմբի հետ, ավելացնում է. «Աստվածաշնչյան լուրը խուլերին հայտնող հրատարակությունները թարգմանելով՝ ես ավելի մեծ բավարարվածության զգացում եմ ունենում, քան մինչ այդ, երբ այլ աշխատանք էի անում»։
Ինչպե՞ս կարող եք ձեր ժեստերի լեզվով տեսանյութեր գտնել
«Գտնել կայքի բովանդակությունը ժեստերի լեզվով» քայլ առ քայլ առաջնորդությունը կօգնի ձեզ jw.org կայքում գտնելու ժեստերի լեզվով տեսանյութեր։