Չեն տեսնում, բայց չեն անտեսվում
Աֆրիկյան որոշ զարգացող երկրներում կույրերի համար չկան այն միջոցներն ու պայմանները, որոնց կարիքը նրանք ունեն։ Նրանք երբեմն հասարակության կողմից մերժված են լինում և չեն ստանում անհրաժեշտ աջակցություն՝ անելու առօրյա կենցաղային գործեր, որոնք տեսնող մարդկանց համար բոլորովին էլ դժվար չեն։ Օրինակ՝ նրանց համար հեշտ չէ մթերք գնել, տրանսպորտով երթևեկել կամ փող կանխիկացնել։ Կարդալու մասին խոսք լինել չի կարող։ Բրայլի գրատիպով ոչ բոլորն են կարողանում կարդալ։ Նույնիսկ եթե ոմանք էլ կարողանում են, դժվար է գտնել մայրենի լեզվով գրականություն։
Ավելի քան 100 տարի Եհովայի վկաները հրատարակում են աստվածաշնչյան գրականություն նաև կույրերի համար։ Որպեսզի Բրայլի գրատիպով հրատարակություններ մատչելի լինեն չիչևա լեզվով, որով խոսում են Մալավիում, Վկաները վերջերս Բրայլի տպագրամեքենաներ և կազմարարական սարքավորումներ Նիդերլանդներից ուղարկեցին Մալավի։
Լեոն, ով փորձառու է Բրայլի գրատիպով հրատարակություններ պատրաստելու հարցում, Եհովայի վկաների Բրազիլիայի մասնաճյուղից տեղափոխվեց Մալավի։ Այստեղ նա օգնեց հինգ հոգանոց թիմի, որ սովորեն օգտագործել սարքավորումները և օգտվել Վկաների կողմից կազմված Բրայլի տրանսկրիպցիոն համակարգչային ծրագրից։ Այս ծրագիրը չիչևա լեզվով տեքստը փոխակերպում է Բրայլի գրատիպի։ Որպեսզի ծրագիրը աշխատի, օգտագործողները պետք է կազմեն չիչևայի տառերի և Բրայլի համապատասխան սիմվոլների սխեմա։ Դրա օգնությամբ ծրագիրը հեշտությամբ կարողանում է փոխակերպել տեքստը և կազմել հրատարակությունն այնպես, որ կույր մարդու համար հեշտ լինի կարդալ։ Տեսնենք, թե ինչ են ասում Մալավիում ապրող մարդիկ Բրայլի գրատիպով հրատարակությունների մասին։
Մունյարաձին՝ երեսունն անց կույր կին, ռադիոհաղորդավարուհի է և վարում է իր հեղինակային ծրագիրը։ Նա աշխատում է կես օրով և ամեն ամիս 70 ժամ տրամադրում է Աստվածաշունչը մարդկանց ուսուցանելուն։ Նա ասում է. «Նախկինում Բրայլի գրատիպով հրատարակություններ ստանում էի անգլերենով, բայց հիմա, երբ կարդում եմ դրանք իմ մայրենի լեզվով, կարդացածս հասնում է սրտիս։ Շնորհակալ եմ իմ հավատակիցներին, որ այդքան ջանքեր ու միջոցներ են ներդնում, որպեսզի մայրենի լեզվով ունենանք մեր հրատարակությունները։ Զգում եմ, որ անարժեք ու անտեսված չենք»։
Ֆրենսիսը Եհովայի վկա է և ապրում է Մալավիի հյուսիսում։ Քանի որ նա կույր է, հաճախ ուրիշներին էր խնդրում, որ իր համար կարդային։ Երբ առաջին անգամ ստացավ Բրայլի գրատիպով չիչևա լեզվով հրատարակություն, բացականչեց. «Սա երա՞զ է... Չէ, սա հրա՜շք է...»։
Լոիսը, որը նույնպես կույր է, ծառայում է լիաժամ։ Նա օգնել է 52 մարդու փոխել իրենց կյանքը։ Ինչպե՞ս։ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս նա օգտագործում է Բրայլի գրատիպով հրատարակություններ, իսկ նրանք, ում նա օգնում է, օգտագործում են նույն հրատարակության տպագիր տարբերակը։
Լեոն՝ Բրազիլիայից եկած խորհրդատուն, որի մասին արդեն նշեցինք, ասում է. «Բավարարվածության մեծ զգացումով ես լցվում, երբ Բրայլի գրատիպով աստվածաշնչյան հրատարակություններ ես տալիս կույրերին և տեսնում ես նրանց արձագանքը, երբ պարզ է դառնում իրենց համար, որ այն մայրենի լեզվով է։ Շատերն են երախտագիտություն արտահայտում Եհովայի հանդեպ և ուրախանում են, որ կարող են ինքնուրույն պատրաստվել ժողովի հանդիպումներին և քարոզչական ծառայությանը։ Այլևս կարիք չկա, որ ուրիշները կարդան նրանց համար։ Նրանց անձնական ուսումնասիրությունը դարձել է իսկապես անձնական։ Նրանք կարող են ավելի լավ օգնել իրենց ընտանիքներին հոգևորապես աճել։ Այս հրատարակությունները նպաստում են, որ նրանք ավելի շատ մտերմանան Եհովայի հետ»։