Բրիտանիայի մասնաճյուղի նկարների ալբոմ 3 (2016թ. սեպտեմբեր—2017թ. փետրվար)
Այս նկարների ալբոմում կարող եք տեսնել, թե 2016թ. սեպտեմբերից մինչև 2017թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Եհովայի վկաների՝ Բրիտանիայի մասնաճյուղի շինարարության հետ կապված ինչ գործեր են արվել։
Սեպտեմբերի 13, 2016—Մասնաճյուղի շինհրապարակ
Էքսկավատորը բեռնում է հողը ինքնաթափի մեջ։ Այս հողը փորվել և տեղափոխվել է շինհրապարակի այլ վայր՝ շինարարության մեջ օգտագործվելու համար։
Սեպտեմբերի 15, 2016—Գլխավոր օժանդակ շինհրապարակ
Էլեկտրականության բաժնում ծառայողները ապահովում են տվյալների փոխանցման մալուխների անվտանգությունը։ Այս շինությունում, որի մոտակայքում գտնվելու են նոր մասնաճյուղի մասնաշենքերը, կլինեն ժամանակավոր գրասենյակներ և ճաշարան։
Սեպտեմբերի 19, 2016—Մասնաճյուղի շինհրապարակ
Վերևից երևում է նոր շրջանաձև երթևեկության խաչմերուկը և հարակից ուղին, որը տանում է դեպի մասնաճյուղ։ Խաչմերուկի ձախ կողմում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որպեսզի այգի տնկեն և լճակ կառուցեն, որոնք հրաշալի տեսարան կլինեն տեղի բնակիչների և այցելուների համար։
Նոյեմբերի 3, 2016—Մասնաճյուղի շինհրապարակ
Շինհրապարակից հավաքված բետոնը մանրացնում են, որպեսզի կրկին օգտագործեն մասնաճյուղի տարածքում ճանապարհներ կառուցելու համար։
Նոյեմբերի 4, 2016—Մանսնաճյուղի շինհրապարակ
Առջևի պլանում աշխատողները կառուցում են ժամանակավոր և հիմնական ճանապարհները։ Նրանք օգտագործում են սպիտակ գեոմանվածք։ Այս գործվածքը կայունացնում է ճանապարհի հիմքը։ Նկարի աջ կողմում նախքան գեոմանվածքը փռելը գլդոնը խտացնում և տոփանում է ճանապարհի հիմքը։
Նոյեմբերի 5, 2016—Մասնաճյուղի տեղափոխման հետ կապված միջոցառում
Կամավորները տեղեկություն են ստանում 18 միջոցառումներից մեկի ժամանակ, որը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում շինարարական նախագծի կոմիտեի կողմից։ Ավելի քան 15000 Վկաներ ներկա են եղել այդ միջոցառումներին, և շատերը առաջարկել են մասնակցություն ունենալ նախագծին։
Նոյեմբերի 28, 2016—Մասնաճյուղի շինհրապարակ
Լանդշաֆտային դիզայներները ցանքածածկ են անում նոր տնկված սպիտակ ուռենու (Salix alba) շուրջը։ Սա այդ տեղանքում տնկված ավելի քան 700 ծառերից մեկն է։ Տեղումներից առաջացած ջրերի հոսքը նվազեցնող այս լճակը նախատեսված է ուժգին փոթորիկների հետևանքով առաջացած հեղեղները նվազեցնելու, անձրևաջրերը ամբարելու և դրանք վերահսկելի արագությամբ բաց թողնելու համար։
Դեկտեմբերի 5, 2016—Մասնաճյուղի շինհրապարակ
Մառախլապատ օր է, բայց քանի որ ռելիեֆը շենքերի նախագծին համապատասխանեցնելու աշխատանքները վերջին փուլում են, հողափոր աշխատանքները շատ են։ Ընդհանուր առմամբ շինարարները փորել և մոտ 160000 խորանարդ մետր (209000 խոր. յարդ) հող են դուրս բերել ու բեռնել ավելի քան 10000 ինքնաթափերի մեջ։
Դեկտեմբերի 6, 2016—Մասնաճյուղի շինհրապարակ
Լանդշաֆտային դիզայներները նախապատրաստում են հողը, որպեսզի ցանկապատեն այդ տարածաշրջանին հատուկ բույսերի տեսակներով լի պարտեզը։ Այս պարտեզում և շրջակա տարածքում տնկել են 11 տեսակի ծառեր և 16 տեսակի բույսեր, որոնք աճում են միայն այդ տարածաշրջանում։
Դեկտեմբերի 19, 2016—Բնակելի շենքեր
Ձախ կողմում հորատման մեքենայով աշխատանքներ են արվում հիմք գցելու համար։ Նախ՝ հորատման գայլիկոնը անցք է բացում հողի մեջ։ Ապա՝ բետոնը գայլիկոնի սնամեջ ձողով ճնշումով ներս է լցվում։ Վերջում, ինչպես երևում է լուսանկարի կենտրոնում, վարձու աշխատողները պողպատյա ամրաններ են տեղադրում բետոնի մեջ՝ հիմքի հետ կապված աշխատանքները ավարտելու համար։ Ավելի քան 360 հենասյուն է տեղադրվել բնակելի շենքերի հիմքի համար։
Դեկտեմբերի 29, 2016—Մասնաճյուղի շինհրապարակ
Առավոտյան՝ ցուրտ եղանակին, ջրմուղագործը ջրի խողովակները իրար է միացնում, որպեսզի շինհրապարակի ժամանակավոր գրասենյակներին ջուր մատակարարվի։
Հունվարի 16, 2017—Մասնաճյուղի շինհրապարակ
Ջրի վրա լողացող էքսկավատորը կուտակված տիղմն ու աղբը հանում է շինհրապարակի ծայրամասում գտնվող լճակից։ Մի քանի այսպիսի լճակներ անբարեկարգ վիճակում էին, և դրանք վերականգնելու կարիք էր առաջացել։ Բարեկարգման աշխատանքները, որ տարվել են լճակների ափերին, դրանք կպաշտպանեն էռոզիայից և կնվազեցնեն հեղեղումների վտանգը։ Նախքան վերականգնման աշխատանքները սկսելը 2500-ից ավելի ձկներ զգուշորեն տեղափոխել են շինհրապարակում եղող այլ լճակներ։
Հունվարի 17, 2017—Բնակելի շենքեր
Շինհրապարակի ընդհանուր պատկերը արևելյան կողմից։ Առջևի պլանում ընթանում են բնակելի շենքերից երկուսի հիմքը գցելու հետ կապված նախապատրաստական աշխատանքները։ Աջ կողմում երևում են հենասյունային հիմքերի գլուխները։ Ձախ կողմում հենասյուների վրա բետոն են թափել։ Կենտրոնում հորատման մեքենան շարունակում է հենասյուների համար անցքեր բացել։
Հունվարի 23, 2017—Գլխավոր օժանդակ շինհրապարակ
Այցելուների կենտրոնում աշխատողներից մեկը նախքան դռան շրջանակը ներկելը խեցում է այն։ Այստեղ այցելուները կկարողանան դիտել ցուցանմուշներ, որոնք նախագծի վերաբերյալ մանրամասներ կներկայացնեն, ինչպես նաև բարձր դիտահարթակից կտեսնեն, թե ինչպես է առաջ ընթանում շինարարությունը։
Փետրվարի 14, 2017—Բնակելի շենքեր
Բարձրացնում և տեղադրում են պտտման մեխանիզմը, որի շնորհիվ աշտարակային կռունկը պտտվում է։ Մոտ 40 մետր (131 ֆտ) բարձրության այս վերամբարձ կռունկը կարող է մինչև 16 մետրիկ տոննա (18 տ) ծանրություն բարձրացնել։
Փետրվարի 15, 2017—Բնակելի շենքեր
Բետոնե հենասյուների երևացող մասերը հավասար մակարդակի են բերվում։ Յուրաքանչյուր հենասյան կենտրոնական մասից դուրս ցցված ամրանները կմիացվեն իրար, նախքան աշխատողները կթափեն բետոնը։
Փետրվարի 17, 2017—Մասնաճյուղի շինհրապարակ
Էլեկտրիկները տեղադրում են JW.ORG երկու ցուցանակներից մեկը հերձաքարե պատի վրա, որը սահմանակից է մասնաճյուղի տարածքին։
Փետրվարի 17, 2017—Մասնաճյուղի շինհրապարակ
Տեսարան վերևից. շրջանաձև երթևեկության խաչմերուկ աշխույժ ճանապարհի վրա, որը անցնում է գլխավոր մուտքով։ Վերևում՝ ձախ կողմում, նոր տեղադրված JW.ORG ցուցանակներից կարելի է իմանալ, որ այդտեղ է գտնվում մասնաճյուղի տարածքը։ Երբ ջրերի հոսքը նվազեցնող լճակը և այդ տարածաշրջանին հատուկ բույսերի տեսակներով լի պարտեզը ավարտուն տեսք ստանան, կլրացնեն նախամուտքը։
Փետրվարի 24, 2017—Բնակելի շենքեր
Վերամբարձ կռունկի՝ 65 մետր (213 ֆտ) շառավղով սլաքը ընդգրկում է այն տարածքը, որտեղ լինելու են հինգ բնակելի շենքերից չորսը։ Առջևի պլանում վարձու աշխատողները բետոն են թափում կայանատեղիի համար, որը լինելու է բնակելի շենքերից մեկի նկուղային հարկում։ Տեղադրված պողպատե ամրանները արդեն իսկ կարելի է օգտագործել շենքի սյուների և հիմնապատերի համար։