«Գաղաադ» դպրոցի 70 տարիները
1943թ. փետրվարի 1-ին Նյու Յորք նահանգի հյուսիսում առաջին անգամ իր դռները բացեց մի առանձնահատուկ դպրոց, որն այժմ հայտնի է «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց անունով։ Առայսօր այս դպրոցում մասնագիտացված կրթություն են ստացել աշխարհի տարբեր ծայրերից եկած ավելի քան 8000 տղամարդիկ և կանայք։
Ջոնաթանը, որը «Գաղաադի» վերջին տարիների շրջանավարտներից է, ասում է. «Համոզված եմ, որ այստեղ տրվող կրթությունը, որը հիմնված է Աստծու Խոսքի վրա, կօգնի ավելի արդյունավետ լինել ցանկացած տարածքում կամ մշակույթի մեջ»։ Նրա կինը՝ Մարնին, ավելացնում է. «Ավելի քան երբևէ ցանկանում եմ օգնել մարդկանց տեսնելու, որ չկա ավելի լավ կյանքի ուղի, քան այն, ինչ նպատակադրել է մեր Արարիչը մեզ համար։ Համոզված եմ, որ երբ օգնենք մարդկանց՝ ճանաչեն Եհովային, նրանց կյանքը կփոխվի դեպի լավը»։
«Գաղաադում» անցկացվում է հինգամսյա անվճար դասընթաց։ Գլխավորաբար շեշտը դրվում է Աստվածաշնչի և ավետարանելու գործի կարևորության վրա։ Դասընթացի նպատակն է, որ շրջանավարտները պատրաստված լինեն քաջալերելու և կերտելու Աստծու ժողովրդին, օգնելու նրանց զարգացնել հոգևոր հատկություններ, որոնք հարկավոր են իրենց դժվարությունները հաղթահարելու համար։ Դասերի ժամանակ ուսանողները քննարկում են աստվածաշնչյան սկզբունքները, որոնք օգնում են ամրացնելու Եհովա Աստծու հետ իրենց փոխհարաբերությունները։
Ամուսնական զույգերը, որոնք հրավիրվում են «Գաղաադում» սովորելու, արդեն իսկ լիաժամ ծառայողներ են։ Դպրոցն ավարտելուց հետո ուսանողները կա՛մ վերադառնում են իրենց նշանակումներին, կա՛մ նշանակվում են ծառայելու ուրիշ երկրում։ Ոմանք նշանակվում են Եհովայի վկաների ավելի քան 90 մասնաճյուղերից մեկում աշխատելու։ Շատերն էլ նշանակվում են ծառայելու խիտ բնակեցված տարածքներում, որտեղ կարող են զգալիորեն խթանել քարոզչական գործունեությունը։
Սկզբում «Գաղաադ» դպրոցը գործում էր Սաութ Լանսինգում (Նյու Յորք) գտնվող Թագավորության ֆերմայում։ Այնուհետև 1961-ին այն տեղափոխվեց Բրուքլինում գտնվող Եհովայի վկաների գլխավոր վարչություն։ 1988–1995 թվականներին դպրոցը հյուրընկալվեց Ուոլքիլում գտնվող ««Դիտարանի» ֆերմաներ»-ում։ Որից հետո՝ 1995-ից առայսօր, այն Պատերսոնում է՝ «Դիտարանի» կրթական կենտրոնում։ 2013-ի մարտին ավարտեց արդեն 134-րդ դասարանը։
Այս 70 տարիների ընթացքում «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի շրջանավարտները Եհովա Աստծու մասին հավատարմորեն վկայություն տալու իրենց օրինակով կազմել են անձեռակերտ մի մատյան։