Անցնել բովանդակությանը

Նա ապշած էր արդյունքներից

Նա ապշած էր արդյունքներից

 Դեսիկար անունով մի միայնակ մայր ցանկանում էր ընդլայնել իր ծառայությունը՝ ռահվիրայություն սկսելով։ Նա ապրում է Վենեսուելայում՝ մի երկիր, որը լի է տնտեսական խնդիրներով։ Չնայած դրան՝ նա վճռել էր ռահվիրա դառնալ և այդպես էլ արեց։ Նա շատ ուրախ էր, որ հասավ իր նպատակին, բայց հանկարծ սկսվեց COVID-19 համավարակը։

 COVID-19 համավարակի սկզբում Դեսիկարը դժվարանում էր հարմարեցնել իր ծառայությունը նոր հանգամանքներին։ Նամակներ գրելը նրա համար բարդ էր։ Բացի այդ՝ նա ծառայության ժամանակ չէր կարողանում օգտվել տեսակապից, քանի որ ինտերնետային ծառայությունները նրա տարածքում շատ թանկ են։ Դեսիկարը հիշում է. «Ես սրտնեղած էի։ Ընդամենը մեկ գիշերում իմ ծառայության հնարավորությունները սահմանափակվեցին։ Մտածում էի՝ ռահվիրայությունս արդյունավետ չէ»։

 2021 թ. հունվարին Վենեսուելայի Եհովայի վկաների մասնաճյուղը հավանություն տվեց մի հատուկ քարոզարշավի։ Քայլեր ձեռնարկվեցին, որ այդ ամսվա հանգստյան օրերին՝ հինգ շաբաթ շարունակ, շուրջ 60 ռադիոկայաններով և 7 հեռուստաալիքներով աստվածաշնչյան հանրային ելույթներ հեռարձակվեն։ Վկաները հորդոր ստացան, որ հետաքրքրվող մարդկանց տեղեկացնեն դրանց մասին։ Մասնաճյուղը նաև յուրաքանչյուր ելույթի վերաբերյալ հարցեր ու աստվածաշնչյան համարներ տրամադրեց, որպեսզի քարոզիչները դրանք օգտագործեն նամակներում կամ հեռախոսազրույցներում։ Բացի այդ՝ մասնաճյուղը հորդորեց ծառայել տեքստային հաղորդագրությունների միջոցով՝ քարոզչական մեթոդ, որը նորություն էր Վենեսուելայի շատ Վկաների համար։

 Դեսիկարը շատ ոգևորվեց այդ քարոզարշավի կապակցությամբ։ Չնայած նա երբեք տեքստային հաղորդագրությունների միջոցով չէր քարոզել, բայց որոշեց փորձել։ Սակայն օգնության կարիք զգաց։ Դեսիկարը խոստովանում է. «Տեխնոլոգիաներից շատ հեռու մարդ եմ»։ Ուստի նա խնդրեց իր դստերը, որ օգնի իրեն։ Մի քանի դասերից հետո Դեսիկարը պատրաստ էր մասնակցելու քարոզարշավին։

Դեսիկար

 Օգտվելով իր հեռախոսի՝ տեքստային հաղորդագրություններ ուղարկելու ֆունկցիայից՝ Դեսիկարը իր ծանոթներից շատերին հրավիրեց լսելու նախապես ձայնագրված ելույթները։ Նա ապշել էր արդյունքներից։ Հրավիրվածներից շատերը լսեցին ելույթները ու հարցեր տվեցին։ Ոմանք էլ, թեև չկարողացան լսել, խնդրեցին Դեսիկարին պատմել ելույթները։ «Իմ նշումներն օգտագործելով՝ թեմաներից մտքեր էի ասում նրանց,— հիշում է Դեսիկարը։— Մինչ այդ երբեք մեկ ամսվա ընթացքում 5-ից ավելի վերայցելություն չէր ստացվում, բայց քարոզարշավի ընթացքում 112 վերայցելություն արեցի»։ a

 Դեսիկարը նաև հրավիրեց իր ոչ Վկա քրոջը, ով իր կողքի հարևանն է, ռադիոյով միասին լսելու ելույթները։ «Ի զարմանս ինձ՝ քույրս համաձայնեց,— ասում է Դեսիկարը։— Ամեն կիրակի՝ առավոտյան 8-ին, գնում էի նրա տուն ու միասին լսում էինք։ Թե՛ ծրագրի ընթացքում, թե՛ դրանից հետո նա շատ հարցեր էր տալիս»։ Բացի այդ՝ Դեսիկարի քույրը տեսակապի միջոցով մասնակցեց Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին։ Նա նաև Դեսիկարին թույլ տվեց օգտվել իր ինտերնետային կապից, որ կարողանա ծառայել։

 Դեսիկարն ասում է. «Այնքա՜ն շնորհակալ եմ Եհովային։ Նաև երախտապարտ եմ մեր ժողովի երեցներին, որ քաջալերեցին ինձ։ Նրանք օգնեցին վերագտնել ուրախությունս ծառայության մեջ» (Երեմիա 15։16)։ Դեսիկարը շարունակում է ծառայել որպես ռահվիրա և զարգացնել այն մարդկանց հետաքրքրությունը, ում քարոզել է տեքստային հաղորդագրությունների միջոցով։

a Եհովայի վկաները կատարում են իրենց ծառայությունը՝ հետևելով տվյալների պաշտպանության մասին օրենքներին։