Եհովայի վկաները ընդունո՞ւմ են Հին Կտակարանը
Այո։ Եհովայի վկաները հավատում են, որ Աստվածաշունչը ամբողջությամբ «ներշնչված է Աստծուց և օգտակար է» (2 Տիմոթեոս 3:16)։ Դրա մեջ է մտնում թե՛ Հին Կտակարանը, թե՛ Նոր Կտակարանը։ Սովորաբար Եհովայի վկաները Աստվածաշնչի այդ բաժինները անվանում են Եբրայերեն Գրություններ և Քրիստոնեական Հունարեն Գրություններ՝ այս կերպ խուսափելով այն տպավորությունից, թե Աստվածաշնչի մի մասը հնացած է կամ ոչ ժամանակահարմար։
Քրիստոնյաները ինչո՞ւ պետք է օգտվեն նաև Հին Կտակարանից
Աստծուց ներշնչված Պողոս առաքյալը, որը քրիստոնյա էր, գրեց. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց» (Հռոմեացիներ 15:4)։ Հետևաբար Եբրայերեն Գրություններում արժեքավոր տեղեկություններ կան մեզ համար։ Այլ բաների հետ մեկտեղ այն ներկայացնում է ուսանելի օրինակներ և տալիս է գործնական խորհուրդներ։
Ուսանելի օրինակներ։ Եբրայերեն Գրություններում է, որ մանրամասնորեն նկարագրվում է, թե ինչպես է Աստված ամեն բան արարել և թե ինչպես է մարդկությունը ընկել մեղքի գերության մեջ։ Առանց այս տեղեկությունների չէինք կարող իմանալ հետևյալ հարցերի բավարար պատասխանները. որտեղի՞ց ենք եկել, ինչո՞ւ են մարդիկ մահանում (Ծննդոց 2:7, 17)։ Ավելին, Եբրայերեն Գրություններում արձանագրված է, թե ինչպես է Եհովա Աստված վարվել տարբեր մարդկանց հետ, ովքեր մեր նման կյանքում ունեցել են և՛ ուրախ, և՛ տխուր պահեր (Հակոբոս 5:17)։
Գործնական խորհուրդներ։ Աստվածաշնչի «Առակներ» և «Ժողովող» գրքերը, որոնք Եբրայերեն Գրությունների մեջ են մտնում, պարունակում են կյանքի վերաբերյալ միշտ արդիական իմաստուն խորհուրդներ։ Այնտեղ խորհուրդներ կան, թե ինչպես ունենալ երջանիկ ընտանեկան կյանք (Առակներ 15:17), ինչպես հավասարակշռված վերաբերմունք ունենալ աշխատանքի հանդեպ (Առակներ 10:4; Ժողովող 4:6) և ինչպես իմաստալից ու երջանիկ կյանքով ապրել դեռևս երիտասարդության տարիներից (Ժողովող 11:9–12:1)։
Բացի այդ կարող ենք օգուտներ ստանալ՝ ուսումնասիրելով Մովսիսական օրենքը, որը արձանագրված է Թորայում (Աստվածաշնչի առաջին հինգ գրքերում)։ Թեև քրիստոնյաները ազատ են այս Օրենքից, սակայն այնտեղ կան արժեքավոր սկզբունքներ, որոնք կօգնեն մեզ երջանիկ կյանքով ապրել (Ղևտական 19:18; 2 Օրենք 6:5–7)։